Նախարարը մի բան է ասում, ճանապարհներն այլ բան են փաստում

Նախարարը մի բան է ասում, ճանապարհներն այլ բան են փաստում
Տրանսպորտի նախարարությունն անցյալ տարվանից սկսեց ու դեռ չի ավարտել Երեւան-Սեւան մայրուղու գազոնի ցանկապատումը։ Խոսքը երկաթե արգելապատնեշների մասին է՝ երկու հանդիպակաց գոտիները բաժանող գազոնի երկայնքով, որ մեքենաները չհայտնվեն հանդիպակաց ճանապարհին։ Արծվի արձանի մոտ եւ դրանից քիչ վերեւ՝ մինչեւ «Փարավոն», աշխատանք է տարվել, բայց Ամանորից հետո աշխատանքները կանգնել են։ Հիմա կիսավարտ է ոչ միայն ամբողջ մայրուղում, այլեւ այն հատվածում, որտեղ աշխատել են։ Հատվածներ կան, որ աջ կողմում մի քանի մետր ամրացրել են արգելապատնեշները, մյուս կողմում՝ ոչ։



Ի դեպ, անցյալ տարեվերջին, երբ նոր էին սկսել աշխատանքները, այդ հատվածում վթար եղավ, որի հետեւանքով վնասվեցին նոր ամրացված արգելապատնեշները ու մինչ օրս չեն վերականգնվել։ Ի դեպ, ճանապարհային նշաններ գրեթե չեն տեղադրվում, մի երկու կիսամաշ նշան կա մեքենայի մոտ, որ հազիվ տեսանելի է։ Եվ սա տեղով վթարի բուն է։ Տրանսպորտի նախարար **Վահան Մարտիրոսյանն **ասաց, որ դա երկար աշխատանք է՝ որ մասը պլանով նախատեսված է, ավարտվել է։ «Նախագիծը նենց չի, որ ամբողջ երկարությամբ իրար հետեւից պետք է լինի։ Էն տեղերը, որտեղ որ առավել վտանգավոր է, կամ որտեղ որ արհեստական շրջադարձեր են սարքել, էդ հատվածներում է տեղադրվում, բայց դա շարունակական բնույթ է կրելու»,- ասաց նա։



-**Ճանապարհների ամենալուրջ խնդիրը, թերեւս, ճանապարհային նշանների հարցն է, որոնք բացակայում են, լավ որակի լուսանդրադարձում չունեն, շինաշխատանքների ժամանակ նորմալ նշաններ չեն տեղադրվում**։



-Կարող եմ ասել, որ շինարարական աշխատանքներ կատարելիս բավականին լավացել է, էդ արդյունքները կան, որ իրենք նշանները տեղադրում են հիմնականում։ Մնացած ճանապարհային նշանների հագեցվածությունը՝ ոստիկանությունը տալիս է, մենք տեղադրում ենք։



-**Այս տարվա բյուջեով 158.7 մլրդ դրամի կապիտալ ծախս է նախատեսվել, որի մի զգալի մասը՝ ճանապարհաշինության վրա։ Սրա մեջ տրանսպորտի նախարարության մասնաբաժինն ինչքա՞ն է**։



-Բյուջեով կապիտալ շինարարությունը նախատեսված է 6.5 միլիարդի կարգի, կոնկրետ եթե ճանապարհային հատվածներն եք ուզում, գրավոր դիմեք, կպատասխանենք։



-**Ֆինանսների նախարարը, օրինակ, Մ6 ճանապարհի կառուցման մասին էր ասում**։



-Մ6-ը դրա տակ չի մտնում, իհարկե՝ նորից բյուջեի հաշվին է գալիս, բայց վարկային ծրագիր է։ 6.5 միլիարդը կոնկրետ բյուջեից հատկացված ճանապարհներն են։ Ես կարող եմ հիմա ասել՝ որտեղ է գնալու։ Հիմնականում լինելու է մոտավորապես 15 կմ Մ4 ճանապարհի վրա՝ Սեւան-Երեւան, Սեւանի «ԳԱԻ պոստից» սկսած՝ մինչեւ կարող է հասնել Հրազդանի «ԳԱԻ պոստ»։ Դա գնահատել ենք ամենավատ վիճակում։ Այս տարի նախատեսված է այդ հատվածն անել։ Այս տարի մոտ 1.5 միլիարդի հասնող գումար նախատեսված է ծախսել Իջեւան-Նոյեմբերյան հատվածում, հարավային հատվածում՝ դեպի Կապան հասնող ճանապարհների վրա՝ էլի մոտ միլիարդի հասնող, նաեւ սահմանամերձ գյուղերի ճանապարհները…



-**«Հյուսիս-հարավի» վրա է՞լ է այդ կապիտալ ծախսից ներդրում կատարվելու**։



-«Հյուսիս-հարավի» մասով էլի վարկային ծրագիր է, եւ էդ վարկը տրվում է պետությանը, ու նույնիսկ վարկային ծրագիրը բյուջետավորվում է, որովհետեւ դրա դիմաց համաֆինանսավորում կա պետական բյուջեից…



-**Իսկ այդ ամենի մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկե՞լ եք, եթե այդ ճանապարհները կապիտալ վերանորոգեք, դա ի՞նչ տնտեսական էֆեկտ կունենա, օրինակ՝ հարակից ենթակառուցվածքները կզարգանա՞ն**։



-Գիտե՞ք, միջազգային հաշվարկներ կան, թե ենթակառուցվածքների զարգացումն ինչ տնտեսական աճ է բերում։ Շատ դժվար է ասել՝ կոնկրետ էս ճանապարհն ինչ տնտեսական աճ է բերելու։ Բայց միջինացված տվյալներ կան։



-**«Հյուսիս-հարավի» որքա՞ն մասն է այս տարի նախատեսվում ավարտել։ Օրինակ՝ մինչեւ Գյումրի հատվածը կավարտվի՞ կամ Արարատից այն կողմ կշարունակվի՞**։



-Ծրագիրը կարող ենք Ձեզ տրամադրել, բայց մինչեւ Գյումրին չի ավարտվի, դա ծրագրով նախատեսվում է 2019 թվականին։ Իսկ Արարատից այն կողմ այս տարվա շինարարության մեջ չկա։



**ՀԳ**․ Նախարարի պատասխանները հուսադրող չէին, քանի որ նա մի բան է ասում, մենք լրիվ այլ բան ենք տեսնում։ Առայժմ մեր ճանապարհների վրա ամենալավն աշխատում են արագաչափերն ու ճանապարհային ոստիկանները, որոնք, օգտվելով նույն այդ նշանների բացակայությունից, որսում են ծուղակն ընկած վարորդներին ու տուգանում։ «Հյուսիս-հարավի» մասով էլ տեղեկացանք, որ այս պահին Մաստարայի հատվածում հողային աշխատանքներ են իրականացվում, քանի որ եղանակը թույլ չի տալիս բետոնապատման աշխատանքներ սկսել։ Ծրագրով նախատեսված է մինչեւ 2019-ի հունիս ավարտել մինչեւ Ազատան հատվածը։ Չինական «Սինոհիդրո» ընկերությունը վերջերս մեծ քանակությամբ ծանր տեխնիկա է բերել այս հատվածի համար։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**