Որեվէ մեկի վարչապետ դառնալու դեմ պայքարելը պետք է սկսվեր անցյալ տարվա ապրիլին

Որեվէ մեկի վարչապետ դառնալու դեմ պայքարելը պետք է սկսվեր անցյալ տարվա ապրիլին
ԱԺ նախկին պատգամավորներ, «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանն ու Վահե Հովհաննիսյանը, ՕՐՕ դաշինքով խորհրդարան չանցնելուց հետո, որոշել են «այլընտրանքային նախագծերով» զբաղվել։ Նրանց հետ են նաեւ քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն ու Գեղամ Նազարյանը։ Նույնանուն հասարակական կազմակերպությամբ նրանք փորձում են այլընտանքային նախագծեր առաջարկել եւ նպաստել տարբեր խնդիրների լուծմանը։ ՕՐՕ դաշինքն այլեւս չկա թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե, իսկ «Համախմբում» կուսակցությունը՝ իր առաջնորդ Վարդան Օսկանյանով, «թայմ աութ» է վերցրել եւ ապաակտիվացել քաղաքական դաշտից։



**Ստեփան Մարգարյան**ը, անդրադառնալով առաջիկայում սպասվող ՀՀ նախագահի եւ վարչապետի ընտրություններին, Արմեն Սարգսյանի մասով ասաց․ «Այն չափանիշները, որ հայտնի են Արմեն Սարգսյանի մասին, ես համարում եմ նորմալ, որ ինքը դառնար նախագահի թեկնածու։ Հիմա ինչպիսին կլինի որպես նախագահ, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասենք՝ որեւէ ծրագրային ելույթով հանդես գա, նոր դատողություններ անենք։ Իր կրթությունը, կապերը, միջազգային ճանաչվածությունը, էդ ամեն ինչը տեղին է, ինչը որ անհրաժեշտ է Հայաստանի նախագահ լինելու համար։ Մնում է տեսնենք, թե ինչպիսի ծրագրով հանդես կգա ինքը, նոր դատողություն անենք՝ լա՞վ նախագահ կլինի, իր անելիքները լա՞վն են, թե՞ ոչ»։



-**Հիմա ավելի շատ քննարկվում է ոչ թե լավ կամ վատ նախագահ լինելու, այլ ուժեղ կամ թույլ լինելու հարցը՝ հաշվի առնելով, որ պետության գլուխը վարչապետն է լինելու, իսկ նախագահն էլ ձեւական լիազորություններ է ունենալու**։



-Ես ասեմ հետեւյալը․ խորհրդարանական համակարգով կառավարվող երկրներում, որտեղ կա նախագահի ֆունկցիա, չի կարող այդ նախագահը լինել լրիվ ձեւական։ Իհարկե․ Սահմանադրության նրա լիազորություններն այնպիսին չեն, ինչպիսին, ասենք, կիսանախագահական համակարգում էին։ Բայց, մյուս կողմից, ինքը, այնուամենայնիվ, նախագահ է, եւ բազմաթիվ չգրված լիազորություններ կան, որոնց մասին նույնիսկ ընդունված էլ չի գրել, բայց կարելի է անել։ Ինքը շանս ունի դառնալու հասարակության համար որպես օրինակ, դառնալու որոշակի չափանիշ՝ իր հայացքներով, իր վերաբերմունքով։ Սրանք հո լիազորություններո՞վ չէին տրվելու իրեն։ Կվերցնի՞ ինքը որոշակի խնդիրներ եւ այդ մասին՝ չասեմ լոբբինգ կանի, բայց կարտահայտի՞ իր կարծիքը, դա կլինի շատ լավ։ Արմեն Սարգսյանն ունի շանս՝ դառնալու երկրի համար կարեւոր դեմք։ Դա կախված է անձից։



-**Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության նկատմամբ**։



-Այ, էստեղ հենց Սահմանադրության դրույթն է գործում․ ընտրություններում խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելուց հետո այդ մեծամասնությունն է որոշում՝ ում առաջարկի երկրի վարչապետ։ Այստեղ ոչ թե անձի խնդիրն է, այլ թե ով է առաջադրում, իսկ դա որոշվել է ընտրությունների արդյունքում։



-**«Ելքը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ասում է, որ իրենք չեն պատրաստվում թեւերը ծալած նստել, հետեւել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը դառնում վարչապետ։ Պե՞տք է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ**։



-Մի քիչ շատ նուրբ հարց է դա։ Այս Սահմանադրության պարագայում որեւէ մեկի վարչապետ դառնալու դեմ պայքարելը պետք է սկսվեր անցյալ տարվա ապրիլին։ Անձը չի առաջադրվում հիմա, անձին առաջադրում է խորհրդարանական մեծամասնությունը, որը ձեւավորվել է ընտրությունների արդյունքում։ Հիմա, ենթադրենք, այդ մեծամասնությանն ասել, թե մի՛ առաջադրեք այս անձին, առաջադրեք մեկ ուրիշ անձի, դա մի քիչ դժվար ընկալելի է ինձ համար։ Որպեսզի հնարավոր լինի այլ անձի առաջադրել, դա կնշանակի նոր քաղաքական մեծամասնություն։ Ցանկացած կուսակցության իրավունքն է, ենթադրենք, փորձել Ազգային ժողովում ինչ-որ մեծամասնություն ձեւավորել, որը չի ընդունի այս անձին, կընդունի մեկ ուրիշ անձի։



-**Համարում եք, որ քաղաքական առումով ճիշտ չէ՞ պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ**։



-Քաղաքական առումով ես չէի ասի, որովհետեւ տեսակետ հայտնել, չհամաձայնել նույնիսկ քաղաքական մեծամասնության որոշման հետ, դա ընդդիմության ոչ միայն իրավունքն է, այլ գուցեեւ պարտքը։ Բայց Սահմանադրության տեսակետից, իհարկե, իրատեսական չէ, որովհետեւ ձեւավորված համակարգում թեկնածուին առաջադրելու է խորհրդարանական մեծամասնությունը։



-**Եթե որոշակի շարժում սկսվի դրսում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, հնարավո՞ր է ինքներդ մասնակցություն ունենաք դրան**։



-Անկեղծ ասեմ՝ ես դա չեմ հասկանում, թե ինչ է նշանակում։ Դա նշանակում է՝ սկսել շարժում խորհրդարանը լուծարելու ուղղությամբ, որովհետեւ, եթե այս խորհրդարանն այսպիսին է նույն քաղաքական մեծամասնությամբ, էդ դեպքում դու ո՞նց ես ասում՝ էս մեկին մի առաջադրի, էն մեկին առաջադրի։



-**Ապրիլից հետո մեզ ի՞նչ է սպասվում, ընդդիմությունը՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական, իշխանափոխության պրոցես կծավալի՞**։



-Ապրիլից երկիրը մտնում է արդեն լրիվ նոր փուլ՝ նոր կառավարման համակարգով։ Մշտապես, երբ որ բողոքի ակցիաներ են եղել, որոնք մի փոքր ավելի խիստ ու արմատական են եղել, ընդդիմության հիմնական նպատակը եղել է իշխանությունների հրաժարականի պահանջը, ինչը որ հենց այնպես չի ստացվել։ Ես կարծում եմ՝ արժի լուրջ շարժում ձեւավորել որոշակի այլ խնդիրների շուրջ, որովհետեւ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, եւ պետք է պահանջել իշխանությունից այդ խնդիրների լուծումները՝ գուցե նաեւ ասելով՝ որո՞նք են այդ լուծումները։ Ճիշտն ասած՝ մենք, երբ որ որոշում էինք հիմնադրել եւ հանդես գալ այլընտրանքային նախագծեր խմբով, առաջին հերթին որոշում էինք առաջարկել այնպիսի ծրագրեր, այնպիսի գործունեություն ե՛ւ իշխանություններին, ե՛ւ հասարակական-քաղաքական դաշտին, որը կբերի որոշակի խնդիրների լուծման։ Մնացածը, ես չգիտեմ՝ կլինեն ֆորսմաժորային իրավիճակներ եւ այլն, դա հիմիկվա քննարկելու բան չէ։ Ես կարծում եմ՝ այլընտրանքային նախագծեր իշխանություններին ներկայացնելը ճիշտ բան է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**