Նարեկ Սարգսյանը խոստացել է չհաստատել նախագիծը

Նարեկ Սարգսյանը խոստացել է չհաստատել նախագիծը
Երեւանի նախկին գլխավոր ճարատարապետ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, «Երեւան նախագիծ» ինստիտուտի երկարամյա նախկին տնօրեն Գուրգեն Մուշեղյանը այն վերջին մոհիկաններից է, ով պայքարում է Երեւանի ճարտարապետական նկարագրի աղավաղման դեմ։



Մի տեւական ժամանակ նա զբաղված էր «Հրազդան» ստադիոնի պահպանման հարցերով, որի նախագծի հեղինակներից է նաեւ ինքը։ Իսկ վերջին շրջանում կենտրոնացել են «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի վրա, որը քանդելը օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը դարձրել է իր «կյանքի գործը»։



Վերջերս հրապարակվեց օդանավակայանի հեռանկարային զարգացման ծրագիրը՝ «մաստեր-պլանը», ըստ որի, հին շենքը քանդելն արդեն օրակարգում է։ Պարոն Մուշեղյանն այս առիթով այցելել է Քաղաքաշինության պետական կոմիտե, հանդիպել Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ՝ ծանոթացել Էռնեկյանի ներկայացրած նոր նախագծին, որով հին շենքին կցակառույցներ են ավելացվելու, նոր ֆունկցիաներ են տալու։ Նա այնքան վատ տպավորություն է ստացել նախագծից, որ խնդրել է Նարեկ Սարգսյանին՝ ամեն գնով կանգնեցնել այդ կառույցի իրականացումը։ Նարեկ Սարգսյանը համաձայնել է, որ առաջարկը հաջողված չէ եւ խոստացել է չհաստատել առաջարկված նախագիծը։