Իմ տարօրինակ մտքերը. Հատված Օրհան Փամուկի համանուն վեպից. V

Իմ տարօրինակ մտքերը. Հատված Օրհան Փամուկի համանուն վեպից. V
-Ինչու ես լռում, ասես բերանդ ջուր ես առել,- լռությունը խախտեց Սուլեյմանը:



Մեւլյութն հասկացավ, որ տարօրինակ լռությունը կարող է դեռ երկար տեւել, նույնիսկ տարիներ:



-Ինչ-որ բան այն չէ,- շարունակեց Սուլեյմանը:



-Ոչ, ամեն բան կարգին է:



Բեռնատարի լուսարձակները, դանդաղ սահում էին ցեխոտ ճանապարհով, կուսավորելով ծառերը, անհասկանալի ստվերներն ու խորհրդավոր սիլուետները խովարում: Մեւլյութը նայում էր դրանց, հասկանալով, որ կյանքում երբեք չի մոռանա այդ հրաշքները: Գյուղերը, որոնցով անցնում էին, նրանց հետեւից հաչում էին շները, իսկ հետո այնպիսի լռություն էր վրա հասնում, որ թվում էր թե գերեզմանոցում է: Չէր կարողանում հասկանալ, թե այս մտքերը որտեղից են իրեն պարուրել, իր գլխում են ծնվել, թե շրջապատից են կլանվում: Մթության մեջ հեքիաթային թռչունների էր տեսնում, անհասկանալի տառեր, որոնք գծագրվում էին ծուռտիկ-մուռտիկ գծերով, շեյթանի հորդաների հետքեր, որոնք հավանաբար հարյուրամյակների պատմություն ունեին: Տեսնում էր նաեւ քարե ֆիգուրներ. չէ, որ նրանք, որ շատ մեղքեր են գործում, քարանում են:



-Նայի, հա, մտքափոխ չլինես,- ասաց Սուլեյմանը:



-Ոչնչից չվախենաս: Ձեր հետեւից ոչ մեկ հետապնդում չի անի: Հիմա երեւի բոլորն էլ արդեն իմացել են, որ աղջիկը փախել է: Կուզիկ Աբդուռահմանին համոզելը դժվար բան չէ: Մեկ-երկու ամսից երկուսիդ էլ կների: Մինչեւ ամառվա վերջ կգաք՝ ձեռքն համբուրելու:



Կտրուկ զառիթափ ընթացքի ժամանակ բեռնատարի հետեւի անիվները խրվեցին ցեխի մեջ: Մեւլյութին թվաց, թե ամեն բան վերջացած է: Պատկերացրեց, թե ինչպես է Ռայիհան վերադառնում տուն, իսկ ինքը` ձեռնունայն ու տխուր` Ստամբուլ: Մեքենան սակայն կարողացավ հաղթահարել եւ շարունակեց ընթացքը:



Եվս մեկ ժամ, եւ երեւացին Աքշեհիրի նեղլիկ փողոցները: Երկաթուղային կայարանը քաղաքի հակառակ ծայրում  էր:



- Իրար ձեռք ձեռքի կգնաք: Կարեւորն այն է, որ Ռայիհան ինձ չտեսնի,- ասաց Սուլեյմանը, երբ արդեն հասել էին կայարան:



-Ես դուրս չեմ գա մեքենայից: Հիմա կատարվածի համար ես էլ եմ պատասխանատու: Դու պետք է երջանկացնես Ռայիհային, լսում ես, Մեւյլյութ: Հիմա նա քո կինն է եւ էլ ոչինչ հնարավոր չէ փոխել: Ստամբուլում որոշ ժամանակ ոչ մեկի աչքին չերեւաք:



Մեւլյութն ու աղջիկը նայեցին բեռնատարի` հեռացող կարմիր լույսերի հետեւից: Հետո արդեն քայլեցին դեպի Աքշեհիրի կայարանի հին շենքը եւ ներս մտան:



Ներսում ամեն բան փայլում էր գրեթե ցերեկային պայծառ լույսից: Մեւլյութը նայեց իր ապագա կնոջ դեմքին, ում փախցրել էր, ուշադիր նայեց եւ համոզվելով այն բանի մեջ, ինչում չէր կարողանում հավատալ, հայացքը թեքեց մի կողմ: Ռայիհան չէր նա, ում  փախցրել էր, ում տեսել էր Կորկուտի հարսանիքի ժամանակ: Ավագ քույրն էր: Փաստորեն ցույց էին տվել գեղեցիկ Ռայիհային, իսկ ուղարկել իր հետ փախչելու` մյուսին: Հասկանալով, որ խաբված է, ամոթից կարկամեց: Չէր կարողանում այլեւս նայել աղջկա կողմը: Չգիտեր էլ, թե ինչպես է նրա անունը: Իսկ ով էր այդ դաժան կատակը խաղացել իր հետ: Ինքնաբերաբար քայլում էր դեպի տոմսարկղը: Կարծես հեռվից լսում էր սեփական  ոտնաձայների արձագանքը: Հետագայում, ամբողջ կյանքի ընթացքում բոլոր կայարանների հին շենքերը նրան կհիշեցնեին այդ մի քանի րոպեները:



 



**Օրհան Փամուկ, **հատված Իմ տարօրինակ մտքերը վեպից