Եթե ես տուն չունեմ ապրելու, բայց գնում եմ G կլասի Mercedes, ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ

Եթե ես տուն չունեմ ապրելու, բայց գնում եմ G կլասի Mercedes, ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը առաջարկում է գույքահարկի ազատման արտոնություն սահմանել բոլոր զինծառայողների համար։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սակայն, այսօր կառավարության նիստում մերժեց «Ելքի» այս առաջարկը՝ պատճառաբանելովվ, որ գույքահարկը ճիշտ գործիք չէ, որ դրանով կարողանան զինծառայողներին արտոնություն տալ։



Նիստից հետո նախարարը այս թեմայով լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ նախագծով իրենք պետք է գույքահարկից ազատեն բոլորին անխտիր՝ անկախ իր սոցիալական վիճակից, անկախ իր եկամուտների վիճակից, որը, կարծում են, խնդրահարույց է։



«Երկրորդը, այս տարբերակով մենք ծանրաբեռնում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին, քանի որ գույքահարկը ՏԻՄ-երի համար կարևորագույն եկամտի աղբյուր է»-ասաց նախարարը՝ նշելով, որ իրենք այստեղ նաև ռիսկ ունեն վերահսկողության առումով։ Ըստ նրա՝ այսպիսի օրենք ընդունելու դեպքում շատերը կարող են իրենց ավտոմեքենան կամ անշարժ գույքը գրանցել որևէ զինծառայողի անունով և խուսափել գույքահարկ վճարելուց։



**Hraparak.am**-ը հետաքրքրվեց նախարարից, թե նպատակ ունե՞ն, արդյոք, ավտոմեքենաների գույքահարկի չափի հարցում փոփոխություն մտցնել ու, ենթադրենք, նվազեցնել հզոր շարժիչով մեքենաների գույքահարկը։ Նկատեցինք, որ այսօր շատերը ունեն հզոր շարժիչով մեքենաներ, որոնք չեն կարողանում վաճառել, շահագործելն էլ թանկ հաճույք է, բայց ավտոտնակում կանգնած մեքենայի համար տարեկան մի քանի հարյուր հազար դրամ գույքահարկ են վճարում։



«Դա նորմալ է, որովհետև գույքահարկը ի՞նչ նպատակ է հետապնդում, դու որևիցե գույք, եթե տիրապետում ես, սովորաբար հզոր շարժիչները, բացի իրենց առաջացրած էկոլոգիական խնդիրներից, տեղադրվում են հիմնականում բարձրարժեք մեքենաների վրա։ Կարող եք նայել, բոլոր այն մեքենաները, որոնք ունեն փոքր աշխատանքային ծավալ, դրանք համեմատաբար ավելի էժան են, իսկ ավելի մեծ աշխատանքային ծավալ ունեցողները համեմատաբար ավելի թանկ են։ Հետևաբար, այդ գույքը տիրապետողը, տրաբանական է, որ տիրապետելով ավելի բարձրարժեք ավտոմեքենայի՝ պետք է ավելի շատ վճարի և վճարունակի լինի»,-ասաց Վարդան Արամյանը։



Ֆինանսների նախարարը նկատեց նաև, որ հզոր շարժիչով մեքենաներ շահագործելիս նաև մեծ քանակությամբ վառելիք են սպառում, դրա շահագործման ծախսերն ավելի մեծ են լինում։ «Եթե տվյալ անձը սոցիալապես խնդրահարույց մարդ է և գնում է թանկարժեք մեքենա, ես, ճիշտն ասած, դա չեմ կարողանում հասկանալ։ Ես՝ ինքս, որպես ֆինանսների նախարար, մի քանի անգամ ասել եմ՝ ցանկացած գույք, եթե գնում ես, ինչ արժեք, որ տաս, դրանից ստացած օգտավետությունը պետք է քո տված արժեքին ադեկվատ լինի։ Եթե ես տուն չունեմ ապրելու, բայց գնում եմ **G** կլասի **Mercedes**, որովհետև ես դրանից լավ եմ զգում, ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ»,-ասաց պարոն Արամյանը։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**