Ամբոխները պուտինահաճ, ամբոխները խելագարված

Ամբոխները պուտինահաճ, ամբոխները խելագարված
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, այժմ Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի չեղարկումը եւ դրա հետ կապված հատկապես իշխանական ճամբարի արձագանքը, անկեղծ ասած անհասկանալի է: Ի վերջո, խոսքը սովորական գրքի մասին է, որը գրվել է հակապուտինյան տրամադրվածություն ունեցող քաղաքական պետական գործչի կողմից, եւ բնական է, որ այդ գրքում հեղինակի աշխարհայացքը պետք է արտացոլվեր:



Առհասարակ, հայաստանյան իշխանությունների մոտ երբեմն-երբեմն պուտինահաճությունն այնքան ցցուն է արտահայտվում, որ պարզապես առողջ բանականությունը, ողջամտությունը մղվում են հետին պլան եւ արդյունքում կրկին կիրառվում է «թարս խյիարի ալգորիթմը»: Փորձենք ավելի պարզ խոսել՝ մի փոքր ավելի ժամանակագրորեն հետ նայելով:



Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում կազմակերպված «Խավարում» ցուցադրությունից սկսած մինչեւ Միխեիլ Սահակաշվիլու գրքի`Միքայել Նահապետյանի կողմից իրականացված թարգմանության շնորհանդեսի չեղարկումը հանգեցրին նրան, որ խիստ հնչեղություն ստացան եւ ցուցադրությունը, եւ թարգմանության շնորհանդեսը: Իշխանական ճամբարի արձագանքներից կարելի էր կարծել, թե Պուտինից ավելի Պուտինին սիրողներ եւ պաշտպանողներ կան: Մինչդեռ երկու դեպքում էլ, ադեկվատ, նորմալ ընկալումը եւ չխոչընդոտելն ավելի դրական ազդեցություն կունենար հենց իշխանական պուտինահաճ ճամբարի համար: Նույն տրամաբանությամբ, օրինակ, նույն իշխանական պուտինահաճները պետք է, Գալուստ Սահակյանի բառերով ասած, «ցմահ մահապատժի» դատապարտեն նաեւ ռուս դասական Միխայիլ Լերմոնտովին Прощай, немытая Россия բանաստեղծության համար, որտեղ մի ողջ քառատող պարզապես քարուքանդ է անում այն ժամանակվա Ռուսաստանը, որն ի դեպ շատ բանով չի տարբերվում ներկայիս Ռուսաստանից (Прощай, немытая Россия/Страна рабов, страна господ,/И вы, мундиры голубые,/И ты, им преданный народ.):



Ի դեպ, սա հատուկ պուտինահաճների համար ենք արձանագրում, Ռուսաստանի գործող նախագահ Վ. Պուտինն իր ասուլիսներից կամ հանդիպումներից մեկի ժամանակ Լերմոնտովի մասին ասել է, որ նրան չի կարելի համարել դավաճան այդ խոսքերի համար: Ավելին, նա հայրենասեր մարդ է, որը պարզապես բարձրաձայնում է իր ժամանակի իրականության խնդիրները եւ որեւէ մեկը պետք է հստակ կարողանա գտնել այն նուրբ սահմանագիծը, որ կա իշխող համակարգին ընդդիմադիր լինելու եւ դավաճանության միջեւ: Ընդդիմադիրներն էլ հայրենասեր մարդիկ են, որոնք այլ կերպ են պատկերացնում հայրենիքի լուսավոր ապագան, քան իշխանությունները: Սա թերեւս ամենակարեւոր խոսքերից մեկն է, որը պետք է լավ սերտեն պուտինահաճները:



Ու այս համատեքստում արդեն մերօրյա բանաստեղծներից Հուսիկ Արայի վերջին՝ «Իմ երկիրը` արեւելեան թերմացք» բանաստեղծությունը (Իմ երկիրը` արեւելեան թերմացք,/նեխելու է կեղծիքի մէջ ու ստի,/ կեղտից-կեղտ սողալու է ճապաղ/ու չի բարձրանայ իր կղանքից վեր:/Անսպիտակեղէն, մնալու է ցեխին տապկած`/թեւերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ./մեր փախուստն է աշխարհում` ելք դէպի ներս,/որ ճակատագիր է այլեւս, ոչ թէ հեգնանք) սրբապղծություն, դավաճանություն համարելը միայն խղճահարության է արժանի, քանի որ միշտ էլ խղճահարության կարող է արժանի լինել սթափ բանականությունը կորցրած եւ պաթոսով կուրացած ամբոխը, որքան էլ, որ այն լինի վտանգավոր:



**Տիգրան Վահանե**