Վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակում չկա

Վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակում չկա
_Մեր հարցերին պատասխանում է ԱԺ փոխխոսնակ __**Արփինե Հովհաննիսյանը**__։_



**- Ենթադրենք՝ ՀՀ նախագահը վարչապետի առաջարկով ինչ-որ գործողություն պետք է կատարի՝ փաստաթուղթ ստորագրի, հրաման արձակի, բայց համաձայն չէ, ի՞նչ է նախատեսվում այդ պարագայում: Կամ, ասենք, տարաձայնություններ կան կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ: Այսպես կոչված՝ ֆորսմաժորների դեպքում Սահմանադրությունն ի՞նչ լուծումներ է նախատեսում:**



Ֆորսմաժորային իրավիճակները տարբեր կարող են լինել, սակայն պետք է նշել, որ Սահմանադրությունը տալիս է դրանց իրավական լուծումները։ Օրինակ, Սահմանադրությամբ նախատեսված է, որ իր նշանակումից հետո վարչապետը հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի օգտվում իր այդ իրավունքից, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:



Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված` կառավարության եւ ԱԺ-ի միջեւ տարաձայնություններին, կրկին դրանք տարաբնույթ կարող են լինել՝ սկսած կառավարության ծրագրին հավանություն տալու հարցից, ընդհուպ մինչեւ կառավարության վստահության հարցի քննարկումը։ Եթե, օրինակ, Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա այս ֆորսմաժորային իրավիճակում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։



**- Այսինքն՝ ստացվում է, որ, մեծ հաշվով, գործադիր մարմինն է թելադրող լինելու, եւ ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ԱԺ-ն մեծ դերակատարում չեն ունենալու։**



Ես այդպիսի բան չասացի ու չէի կարող ասել։ Սահմանադրությունը նախատեսում է յուրաքանչյուր իրավիճակում ելք՝ կախված նրանից, թե որ մարմինն ում ինչ առաջարկ է ներկայացնում։ Բանն այն է, որ յուրաքանչյուր իրավիճակի համար իրավական լուծումներ պետք է լինեն, որպեսզի չստեղծվի այսպիսի, ինչպես Դուք եք ասում, ֆորսմաժորային կամ իրավական անելանելի իրավիճակ, եւ դրա համար կան կարգավորումներ՝ կրկին խորհրդարանական համակարգի պայմաններում եւ սահմանադրական կարգավորումների շրջանակներում։ Ոչ մեկը ոչ մեկին լիազորություններ չի վերապահում, որը հակասում է Սահմանադրությանը։



Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի վերաբերյալ պնդմանը, կրկին չեմ կարող համաձայնել, հատկապես ԱԺ-ի մասով, որովհետեւ ԱԺ-ն այնպիսի կարեւոր մարմիններ է ընտրում, ինչպիսիք են վարչապետը, նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ՍԴ անդամները, վճռաբեկ դատարանի անդամները, այսինքն՝ ԱԺ-ի դերակատարումն ակնհայտ է։ Բանն այն է, որ խորհրդարանական կառավարման համակարգում յուրաքանչյուրը պետք իրականացնի իր լիազորությունները։



**- «Ներման մասին» օրենքն ընդդիմադիրների կողմից մեկնաբանվեց իբրեւ նախագահի լիազորությունների հերթական լծակի շնորհում վարչապետին: Ինչո՞ւ է Սահմանադրությամբ այդ հարցը վերապահված նախագահին, իսկ օրենքը փաստացի իրավունքը տալու է վարչապետին:**



Սահմանադրության 135-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Միեւնույն ժամանակ հենց Սահմանադրությամբ նախատեսված են այդ լիազորության իրականացման սահմանները։ Ընդ որում՝ Սահմանադրության 139-րդ հոդվածի տեքստից բխում է, որ ներում շնորհելու հարցը հանրապետության նախագահը որոշում է առաջարկության կամ միջնորդության հիման վրա։ Եթե համաձայն չէ, ապա կարող է իր առարկություններով վերադարձնել առաջարկությունը կամ միջնորդությունը ներկայացնող մարմնին։ Եթե իր առարկությունները չեն ընդունվում, ապա նախագահն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան։ Այսինքն՝ ներում շնորհելու հարցը, ամեն դեպքում, լուծում է հանրապետության նախագահը, իսկ որպես առաջարկություն ներկայացնող մարմին՝ օրենքով դա վերապահվել է վարչապետին։ Նրանից որեւէ լիազորություն չի վերցվում։



**- Փոխվարչապետների լիազորությունների բաշխում լինելո՞ւ է, թե՞ ոչ, ինչպե՞ս են սահմանվելու նրանց լիազորությունները։ Արդեն անուններ են շրջանառվում՝ Կարեն Կարապետյան, Վաչե Գաբրիելյան, Արմեն Գեւորգյան:**



Միանշանակ լինելու է փոխվարչապետների լիազորությունների բաշխում։ Ինչ վերաբերում է կարգին, ապա «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվել է, որ վարչապետն է որոշելու յուրաքանչյուր փոխվարչապետի կողմից համակարգվող՝ կառավարության գործունեության ոլորտը: Ինչ վերաբերում է շրջանառվող անուններին, ապա առաջարկում եմ սպասել, մինչեւ կընտրվի եւ կնշանակվի վարչապետը, եւ կառավարությունը կթեւակոխի կազմավորման փուլ։



**- Հնարավո՞ր է տարեվերջին կառավարության կառուցվածքային փոփոխություններ լինեն նորից, ամեն դեպքում՝ այդ մասին խոսվում է:**



Կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանված են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով, որով այս պահի դրությամբ պահպանված է գործող կառուցվածքը։ Միայն կառավարության կազմն է համալրվել փոխվարչապետներով, որը բխում է Սահմանադրությունից։



**- Ապրիլից հետո ընտրված վարչապետը քանի՞ տարի կարող է ընտրվել նույն պաշտոնում, կա՞ն ժամկետներ, թե՞ ոչ: Ասենք՝ ՀՀ նախագահի դեպքում սահմանվում է 7 տարի:**



Սահմանադրությամբ նախատեսվում է, որ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այսինքն՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ խորհրդարանական մեծամասնությունը պետք է հանրապետության նախագահին ներկայացնի վարչապետի թեկնածուի։ Սա նշանակում է, որ որեւիցե թեկնածուի հետագա պաշտոնավարման սահմանափակում, որպես այդպիսին, չկա, բայց դա ուղղակիորեն կախված է նրանից, թե տվյալ ժամանակահատվածում խորհրդարանում քաղաքական որ ուժերն են մեծամասնություն կազմում, եւ ում թեկնածությունն են վերջիններս առաջադրում։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**