Մեկը կոչվում է կառուցողական, մյուսը՝ չարախնդացող ու ժողովրդին իշխանությունների դեմ հանող

Մեկը կոչվում է կառուցողական, մյուսը՝ չարախնդացող ու ժողովրդին իշխանությունների դեմ հանող

Հարցազրույց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ

- Պարոն Պետրոսյան, Ձեզ չի՞ մտահոգում հասարակության տարբեր խմբերի՝ միմյանց նկատմամբ ատելությունը, որը կարծես թե այլեւս համընդհանուր է՝ դուրս է եկել Ֆեյսբուքից ու մտել իրական կյանք։

- Ես, նախ՝ Ֆեյսբուքում էդքան ակտիվ չեմ, ավելի լավ է լուրջ բաներով զբաղվեմ։

- Ինչո՞ւ, դրանից էլ լո՞ւրջ, երբ պատերազմող երկրում հասարակությունդ պառակտված է, ու մի մասն ատում է մյուսին։

- Ոչ մի թշնամանք էլ չկա, ու նորմալ է․ թերություններ տեսնելիս ընդդիմությունը պիտի բարձրաձայնի, իշխանությունը դրանից հետեւություններ անի․․․ կյանք է։ Էդձեւ միշտ էլ եղել է, բոլոր երկրներում կա։

- Տեսեք՝ Արամոն խոսեց գույքահարկի դեմ, մի քանի կոշտ բառ էլ ասաց, մարդկանց հարյուրյակներ են մոբիլիզացրել, որ նրան վիրավորեն, ծաղրեն, նսեմացնեն, ինչ-որ կադրեր են պեղում, ինչ-որ պատմություններ։ Եվ այս ամենը՝ համակարգված, մի կենտրոնից։

- Իմ կարծիքն էն է, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի։ Երգիչը պիտի երգի, արվեստագետը՝ իր արվեստով զբաղվի, շինարարը՝ շինարարությամբ, զինվորականը՝ իր գործով։ Էդ ժամանակ կդառնայինք նորմալ երկիր, կարգին երկիր, ամեն մեկն իր տեղում կլիներ։ Մեկը քաղաքական գործերին է խառնվում, էն մեկը երգիչ ա, եկել ա՝ հարկային դաշտի հարկատեսակներ է քննարկում։

 - Բայց քաղաքացի է, չէ՞, իրավունք չունի՞ կարծիք հայտնելու, նոր ասում էիք՝ թերությունների մասին պետք է խոսվի։

- Ես էլ եմ քաղաքացի։ Ամեն դեպքում, եթե անգամ մարդիկ մտահոգված են, ամեն մեկը պետք է իր տեղում լինի։ Մենք երկիր ենք, որը ոչ մի տեսակ ռիսկեր իրավունք չունի ունենալու։ Ու, այո, հանդուրժողականության խնդիր կա, պիտի կարողանանք իրար հանդուրժել, պիտի կարողանանք սիրով ապրել։ Էսօր քաղաքականությունը չպիտի ատելության վերածվի։ Ես քաղաքապետ եմ եղել, բայց ինձ իրավունք չեմ վերապահել ասելու՝ որ օրենքն ինչքանով է ժամանակավրեպ կամ տեղին։

- Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում դիմելով Ծառուկյանի կողմնակիցներին, ասաց՝ բա որ մեր կողմնակիցնե՞րը հանրահավաք անեն։ Նորմա՞լ է, որ երկրի ղեկավարը ՀՀ քաղաքացիներին տարանջատում է «մերի» ու «ձերի»։

- Ոչ մեկն էլ ոչ մի տեղ էսօր հավաք անելու իրավունք չունի։ Էսօր աշխարհը պայքարում է համաճարակի դեմ։ Ի՞նչ հավաքների, ի՞նչ ցույցերի մասին է խոսքը։ Եվ եթե ինչ-որ մի քաղաքական ուժ, որը սահմանափակ թվով հետեւորդներ ունի ու սպառնում է ժողովրդի քվեով ընտրված իշխանությանը, իշխանությունն իրավունք ունի մի հատ հիշեցնելու, որ ինքը ներկայացնում է ամբողջ ժողովրդին։ Ու եթե էսօր համաճարակ է, 91 թվին մենք պատերազմի մեջ էինք, երկրաշարժ էր եղել, ու էդ ժամանակ կային քաղաքական ուժեր՝ դաշնակները, որոնք նախագահի հրաժարականն էին պահանջում։ Մենք զինվորական էինք առաջին գծում, ու ամեն թեթեւակի ցնցում մեզ վրա զգացվում էր։ Հայաստանում եղավ կայունություն, մենք հաղթանակ ունեցանք, Ադրբեջանում իշխանությունը փոխվեց, դրա համար էդքան պարտություն կրեցին։

- Լավ, եթե կայունության եւ անցնցում Հայաստանի կարիք կա, հնարավոր չէ՞ր արտակարգ դրության պայմաններում գույքահարկի եւ այլ օրենքներ չընդունել, որոնցով մարդկանց վիճակը վատթարանում է։

- Ամբողջ աշխարհը զուգահեռաբար նաեւ տնտեսական խնդիրներ է ունենալու՝ կապված այս համաճարակի հետ։ Այո, պետք է կարողանան մեծահարուստների տների գույքահարկով որոշակի միջոցներ ներգրավեն, որպեսզի կարողանան խնդիրներ լուծեն։ Որովհետեւ բոլորս գիտենք, որ այդ վիլլաները, որոնց արժեքը շուկայականից 100 անգամ ավելի էժան գներով է կադաստրում գրանցված, եւ սա պետք է վերանայվի։ Արամոն լավ երգիչ է, թող երգի, սրա մասին չխոսի։ Ես էլ, հազար անգամ երբ սխալ տեսել եմ, ասել եմ՝ էսինչը լավ չի, բայց մարդիկ դրա մեջ ինչո՞ւ վատ բան չեն տեսնում։ Չեն տեսնում, որովհետեւ սրտացավությամբ եմ ասում, աջակցելու համար եմ ասում, քննադատելու ձեւը չպետք է լինի՝ խանգարեմ, որ չկարողանան։ Հակառակը՝ ուղղորդեմ, որ կարողանան, խորհուրդ տամ։ Տեսեք՝ Բագրատյանը որ խոսում է, հաճույք ես զգում, ճիշտ ա՝ ինքն ընդդիմության դաշտում ա։ Կամ՝ ԲՀԿ-ից Մելքումյանը։ Իմ համար հաճելի է։ Բայց մարդիկ կան, որոնք ուղղակի քինախնդրորեն են խոսում, ժողովրդի մեջ ատելություն սերմանելով։ Այո, էդ պիտի արանքից դուրս գա։ Դրա համար էն մեկը կոչվում է կառուցողական, էն մեկը՝ չարախնդացող ու ժողովրդին իշխանությունների դեմ հանող։ Չի կարելի։ 

- Ասում եք՝ հաճելի, իսկ տեսե՞լ եք Բագրատյանի հասցեին ինչե՜ր են գրում ու ասում։

- Ուրեմն՝ Բագրատյանի տնտեսագիտական ունակությունները ոչ ոք հարցականի տակ չի դնում։ Չնայած ես, ամեն դեպքում, ավելի շատ Մելքումյանի համար էի ասում, բերեցիք Բագրատյանի վրա, որին շատ հարգում եմ, ու որի հետ պայքարի լավ ընկերներ ենք եղել։ Ու ցավում եմ, որ էսօր ինքը մի ճամբարում է, որում ինքը չպետք է լիներ։ Որովհետեւ ինքը մեր հետ միասին պայքարել է այն կլանի դեմ, որի դեմ բոլորս էինք պայքարում։ Գոնե ես չէի ուզենա, որ ինքն այստեղ լիներ։ Մենք մի ամբողջ կլանային համակարգից պրծել ենք, հիմա մնում է՝ ամբողջ ազգով կանգնենք իրար կողք։ Մենք էսօր համաճարակի ժամանակ, ինչպես պատերազմական, պետք է միասին լինենք, որ դուրս գանք էս վիճակից։ Մենք էսօր դատապարտված ենք էսպես ապրելու թե՛ մեր աշխարհագրական դիրքով, թե՛ համաճարակով։ Մենք էսօր շատ նորմալ վիճակում ենք ու տղամարդու կեցվածքով ենք աշխարհին ներկայանում։ Արեք ավելի ուժեղանանք, մենք տնտեսություն ենք զարգացնելու։ Դրա համար հարկերն էլ պիտի վճարենք։ Էն ժամանակ օլիգարխների ձեռքից միլիոնները վերցնում էին, հիմա ինքը 10 տոկոս մուծում է բյուջեին, հանգիստ քնում է, զարթնում․ հիմա այդ վիճակին ենք եկել։ Լավ չի՞, որ գող չեն, ավազակ չեն, թալանչի չեն։