Ուռուցքաբանության կենտրոնում բոլորը պայքարում են բոլորի դեմ

Ուռուցքաբանության կենտրոնում բոլորը պայքարում են բոլորի դեմ

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կորոնավիրուսով հիվանդների համար բաժանմունք չկա, բայցեւայնպես, երկու ամիս առաջ բժիշկներից մի քանիսը վարակվել էին: Վարակի տարածման պատճառը բոքսում սանիտարահիգիենիկ կանոնների խախտումն է եղել: Հիվանդներից մեկը, ում վիրահատել են, կորոնավիրուս է ունեցել եւ վարակել է բժիշկներին:

«Մինչև ստուգողների գալը մեզ ինստրուկտաժ են արել»

Վարակվածներից մեկը, մեր տեղեկություններով, բողոքել է պարետատուն: Նա վստահեցնում է, որ բողոքի հիման վրա երկուշաբթի՝ հունիսի 6-ին, ինստիտուտում ստուգումներ են կազմակերպել: «Եկան, սենյակներով անցան, հարցնում էին՝ ձեռնոց, դիմակ ունե՞նք, թե՞ չէ, քանի անգամ ենք փոխում, մենք էլ ասում էինք, որ ունենք ու ժամը մեկ փոխում ենք, բայց՝ սուտ, օրը երկու «սթից» դիմակ են տալիս, ոնց ուզում ես, յոլա գնա»,- երեկվա ստուգումների մասին պատմեց բուժքույրերից մեկը: Ըստ նրա, իրենց, մինչեւ ստուգողների գալը, «ինստրուկտաժ» էին արել, որ ասեն՝ ժամը մեկ դիմակ են փոխում, ու հանկարծ չբողոքեն․ «Մենք էլ բան չասեցինք»: 

Իրականում, սակայն, աշխատողները «լիքը բան» ունեին ասելու ստուգողներին: Կոլեկտիվում արդեն բողոք է հասունացել ընդդեմ կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի, որը վատ պայմաններ ու բարոյահոգեբանական մթնոլորտ է ստեղծել հիվանդանոցում: Աշխատողների շրջանում բողոքավորները շատ են, սակայն մարդիկ իրենց անունները վախենում են նշել, որովհետեւ վստահ են, որ կկորցնեն աշխատանքը: 

«Ամենուրեք տեսախցիկներ են դրված, մարդկանց ստիպում են միմյանց դեմ զեկուցագրեր գրել, ով որ հրաժարվում է «գործ տալ», աշխատանքից ազատում են: Պապկաներով զեկուցագրեր ունեն՝ աշխատողների վրա գրված»,- պատմում է աշխատողներից մեկը: 


«Բա որ գոհ եք, մի երկու կոպեկ դրեք բուժքրոջ գրպանը»

Նարեկ Մանուկյանը մոտ մեկ տարի է՝ ղեկավարում է ուռուցքաբանության կենտրոնը: Ներմուծել է մենեջերների եւ սոցհարցման ինստիտուտը: Մենեջերները բաժանմունքներում հսկում են կարգուկանոնը: Իսկ սոցհարցում անող աղջիկը մոտենում է հիվանդներին, հարցեր տալիս սպասարկման որակի, բուժանձնակազմի վերաբերմունքի մասին, դուրս գրվելուց հետո էլ զանգում, ինֆորմացիա է հավաքում: Պարզելու համար, թե արդյոք հիվանդը բուժքրոջ գրպանը փող դրել է, թե ոչ, այդ աղջիկը նաեւ պրովոկացիոն հարցեր կարող է տալ: «Օրինակ, մտնում է պալատ ու հիվանդին հարցնում է՝ գո՞հ եք բժիշկներից ու քույրերից, ու եթե հիվանդը պատասխանում է, որ գոհ է, էդ աղջիկն ասում է՝ բա որ գոհ եք, մի երկու կոպեկ դրեք բուժքրոջ գրպանը, հիվանդն էլ ասում է՝ դրել եմ: Ու էդ բուժքույրը քաշվում է: Հետո կանչում են մի ուրիշ աշխատողի ու ասում, որ էս փող վերցնողի վրա զեկուցագիր գրի: Եթե չգրի, գործից հանում են»: Զեկուցագրի թեմա կարող է դառնալ նաեւ դիմակ չկրելը, մեկ-երկու րոպե ուշանալը եւ այլն, իսկ պատժի միջոցը վարչական տույժից մինչեւ աշխատանքից ազատում դիապազոնում է: «Մեր կոլեկտիվում գործ տալու մթնոլորտ է, բոլորն իրար դեմ գործ են տալիս: Տնօրենն էլ ամբողջ օրը նայում է կամերաներով՝ ով ինչ է անում, ինքը լավ ախրանի պետ կարար աշխատեր»,- պատմում է ստորին օղակի աշխատողը: 
Աշխատողները տնօրեն Նարեկ Մանուկյանին բազմաթիվ հարցեր ունեն տալու եւ հիմնականը՝ թե ինչու չեն բարձրացնում իրենց աշխատավարձերը, եթե որոշ ծառայություններ թանկացել են, օրինակ, անալիզների գները: «Կտրվածքով բիոպսիան 25 հազար դրամ էր, դարձել է 40 հազար: Հաշմանդամության կարգով մարդիկ են ունենում»,- ասում է մեր զրուցակիցը: «Ինչո՞ւ չեք ձեր բողոքները քննարկում տնօրենի հետ» հարցին պատասխանում են՝ մեզ գործից կհանեն: 

«Օրական երկու դիմակը բավարար է»

Տնօրենի աշխատանքի ոչ ստանդարտ մեթոդները, նրա «բարբիստի» համբավը հայտնի են ԶԼՄ-ներին: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Նարեկ Մանուկյանը դեռ պաշտոնակատար էր, հիվանդանոցի շենքում ծեծել էր բժիշկներից մեկին: Կապվեցինք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի մամուլի քարտուղար Անահիտ Սարգսյանի հետ: Պատասխանելով մեր հարցերին, նա ասաց, որ հիվանդներից մեկի կողմից կորոնավիրուսի տարածման դեպք, իրոք, եղել է, բայց շատ վաղուց: «Ռեանիմացիայի բաժանմունքում ենք ունեցել նման պացիենտ: Մի քանի աշխատողներ հիվանդացել էին, բայց նրանք բոլորը բուժվել են, վերադարձել են աշխատանքի: Իսկ ստուգումները հատուկ այս խնդրով չէին, այլ հիվանդությունների վերահսկման կենտրոնն էր դրանք անցկացնում, որը ստանդարտ պրոցեդուրա է համավարակի պայմաններում: Նրանք բոլոր բուժհիմնարկներ էլ այցելում են, խորհուրդներ են տալիս»,- ասաց նա: Իսկ սոցհարցումներ իրականացնող աղջկա տեսքով նորամուծության մասին ի՞նչ կասի։ «Դա նորմալ չէ՞, որ հիվանդանոցն ունենա մեկ աշխատող, որը հարցումներ է անում հիվանդների շրջանում, փորձում է ճշտել նրանց դժգոհությունները, լսում է նրանց առաջարկները»: Տեսախցիկները, ըստ Անահիտ Սարգսյանի, ոչ թե սենյակների ներսում են, այլ՝ միջանցքներում: «Դա էլ վերահսկման ձեւ է, օրենսդրությամբ սահմանված»: Օրվա ընթացքում քանի՞ դիմակ եք բաժանում աշխատողներին: «Դիմակների օգտագործման ժամկետը 3-4 ժամ է, 3-4 ժամը մեկ դրանք պետք է փոխվեն: Այսինքն, այս հաշվարկով եթե մենք տալիս ենք օրը 2 դիմակ յուրաքանչյուր աշխատողին, ապա դա բավարար է, որովհետեւ մեր աշխատողներն աշխատում են 6-7 ժամ»: 

«Կան նեղվածներ, որոնք բողոքում են»

Ավելի ուշ մեզ հետ կապվեց կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը եւ հրավիրեց հիվանդանոց՝ անձամբ տեսնելու, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել 1 տարում՝ 4200 քմ վերանորոգում: Կտրվածքով բիոպսիայի գների թանկացումը նա բացատրեց Երեւանում շուկայական գների բարձրացմամբ: 25-40 հազարը նորմալ, շուկայական թանկացո՞ւմ է: «Եթե տրեպան-բիոպսիան նկատի ունեք՝ կրծքագեղձի բիոպսիան, ապա ուրիշ տեղեր 45-70 հազար է: Կա ծախսանյութերի խնդիր, եթե հնարավոր լինի, մենք ուզում ենք մրցակցություն ստեղծել էժան գների միջոցով»: Տնօրենը հերքեց աշխատողների բողոքն առ այն, որ աշխատավարձը չի բարձրացել: «Մեկ տարում կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձը 62-70 տոկոսով բարձրացել է: Չի բարձրացել միմիայն հերթապահ անձնակազմինը, որը մեկ հերթապահության համար 8-10 հազար է»,- նշեց տնօրենը: Զեկուցագրեր գրելը նա նորմալ գործառույթ է համարում՝ Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված: Այս պահին Ձեր դարակում քանի՞ զեկուցագիր կա՝ աշխատողների կողմից իրար դեմ գրված: «Նախ, իմ դարակում չէ, բայց էսօր երկիրը նենց ա դառել, որ մեկը մեկի հետ եթե խնդիր ունի, պետք է գրավոր դիմի, չես կարող բանավորի հիման վրա անօրինական աշխատանքից հանես կամ տույժի ենթարկես»: Ինչո՞ւ են Ձեր աշխատողները վախենում խնդիրները Ձեզ հետ քննարկել, ասում են՝ կազատեք աշխատանքից: «Նման բան երբեք չի եղել: Իմ դռները բաց են բոլորի առաջ: Ստեղ եղել է խնդիր, որ մի քույր, օրինակ, օրական աշխատել է 30-40 հազար դրամ: Հիմա պարզ ա, չէ՞, որ եթե նա այսօր ամսականով աշխատի, իր համար ինչքան վատ ա: Կա նեղվածների նման տոկոս: Երկրորդ՝ ժամանակ առ ժամանակ թոշակառուներին ուղարկում ենք տուն, ու նեղվածություն է լինում այդ մարդկանց մոտ: 520 հոգանոց հիմնարկ է, չեն կարող բողոքներ չլինել, բայց բոլոր փոփոխությունները եղել են ի նպաստ հիվանդների»: