Երբ նախագահացուն թաքնվում է լրագրողներից

Երբ նախագահացուն թաքնվում է լրագրողներից
Նախօրեին սկսած հանդիպումների շարքը՝ ՀՀԿ, ՀՅԴ, երեկ Արմեն Սարգսյանը շարունակեց Գիտությունների ակադեմիայում։ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նախաձեռնած հերթական հանդիպումը երեկ նշանավորվեց մի արտառոց դրվագով։

Թեկնածուն այցելել էր Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ փակ հանդիպումից հետո անհետացավ։ Շենքի անվտանգության աշխատակիցը լրագրողներին փոխանցեց, որ Սարգսյանը հեռացել է հետնամուտքով, մինչդեռ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ շենքը հետնամուտք չունի, ունի մեկ մուտք, ու թե ինչպես է գնացել Արմեն Սարգսյանը, որ լրագրողները չեն տեսել, նա չի կարող ասել։ Կասկածներ կային, որ նախագահի պաշտոնին հավակնող անձը թաքնվել էր Ռադիկ Մարտիրոսյանի առանձնասենյակում, որը բազմասենյականոց բնակարան է հիշեցնում ու գտնվում է քննարկման սենյակի հարեւանությամբ։ Այս կասկածներն ավելի էին խորացնում Մարտիրոսյանի ու եւս մի քանի ակադեմիկոսների տագնապները, որոնք «ախրանայի» գործառույթ էին ստանձնել եւ ամեն ինչ անում էին «պրեզիդենտի» սենյակը լրագրողներից ազատագրելու համար։



Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին չի զիջում լրագրողների նկատմամբ ունեցած նեգատիվ վերաբերմունքով։ Դեռ նախորդ օրվանից, երբ սկսել էր հանդիպումների շարքը, նա աջուձախ մերժում էր լրագրողներին, կցկտուր արձագանքում որոշ հարցերի։ Բայց մինչ երեկ խոստանում էր հանդիպումների ավարտից ու իր վերջնական որոշումից հետո (Սերժ Սարգսյանի առաջարկն ընդունելուց հետո) շփվել չորրորդ իշխանության ներկայացուցիչների հետ։ Իսկ շփումը, պարզվեց, հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի տեսքով է՝ երեկ ողջ օրը պտտում էին թեկնածուի հետ նկարահանած հաղորդման անոնսը։ Արմեն Սարգսյանը ԳԱԱ շենք մտնելուց առաջ մի քանի հարցի, այդուհանդերձ, արձագանքեց՝ խոստանալով, որ այս անգամ եկել է «ընդմիշտ» մնալու Հայաստանում ու չի հեռանա այնպես, ինչպես իր վարչապետության չորրորդ ամսում արեց։ Հերքեց նաեւ Ամուլսարի հետ իր կապը։ «Գուգլում որոնեք, կտեսնեք»,- իրական սեփականատիրոջ կողմն ուղղորդեց նա։



Ի դեպ, Սարգսյանն իր խոստացած հանդիպումների շարքն սկսել է ըստ կարեւորության, նախօրեին նա առաջին հանդիպումն ունեցավ Հանրապետականի, ապա կոալիցիոն գործընկեր Դաշնակցության հետ, երեկ եղավ ԳԱԱ-ում, այսօր էլ, ըստ նախնական տեղեկությունների, կայցելի «Թումո» կենտրոն։



**ՀԳ․** Արմեն Սարգսյանին լրագրողներից «փրկելու» առաքելությունը պատվով կատարած Ռադիկ Մարտիրոսյանը երեկ կամովին «ինքնախարազանման» էր գնացել՝ մոտ 15 րոպե կանգնել ու պատասխանում էր լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ոչ միայն Արմեն Սարգսյանին, այլեւ իշխանություններին։ Սերժ Սարգսյանին վերաբերող հարցադրումներից Մարտիրոսյանը շարունակ ցնցվում էր եւ խռովահույզ դեմքով «ցրում» հարցերը։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանին կհաջողվի՞ անել այն քայլերը, որը չի հաջողվել այսօրվա իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին, կամ ինչո՞վ են տարբերվում երկու Սարգսյանները եւ այլն։







**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**