ԱԺ նախագահն այլեվս երկրորդ դեմք չի լինելու, դրա համար էլ ԱԽ կազմում չէ

ԱԺ նախագահն այլեվս երկրորդ դեմք չի լինելու, դրա համար էլ ԱԽ կազմում չէ
«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակում ուշագրավ փոփոխություններ են կատարվել։ Անվտանգության խորհրդի կազմում, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացված է Ազգային ժողովի նախագահը։ Նախագիծն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց հունվարի 10-ին, ապա հանվեց նախագծերի «սեւագրությունների կայքից» եւ վերադարձվել է օրեր առաջ։ Առաջիկայում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այն կներկայացնի գործադիրի հավանությանը, ու սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով: Անվտանգության խորհուրդը կփոխարինի Ազգային անվտանգության խորհրդին: Հիշեցնենք, որ վերջինս գործում էր չփոխված Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, եւ կազմը սահմանված էր հետեւյալ պաշտոնյաներից՝ վարչապետ, ԱԺ նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ, փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, գլխավոր դատախազ, ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ոստիկանապետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ինչպես նաեւ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։



ԱԱԽ-ն նախագահում էր երկրի նախագահը: Չի կարելի ասել, որ ԱԱԽ-ն մեր երկրի ամենագործուն ինստիտուտն էր, եւ երկրի անվտանգությունը հենց դրա գործունեությունից էր կախված, բայց երկրի համար կարեւոր պահերին այն հրավիրվում էր եւ քննարկում օրախնդիր հարցեր։



Նոր Սահմանադրությամբ փոխվել է ոչ միայն Անվտանգության խորհրդի կազմը, այլեւ նախագահն ու գործառույթները։ Առաջիկայում ձեւավորվելիք խորհրդի կազմից, ի տարբերություն դեռեւս գործող մարմնի, դուրս կմնան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Սահմանադրական դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը։ Ուշագրավ է, որ նախագծի նախնական տարբերակում կազմից դուրս էին մնացել միայն առաջին երկուսը՝ ՍԴ նախագահն ու գլխավոր դատախազը, հետո հանվեցին նաեւ ԱԺ եւ ՀՀ նախագահների անունները, փոխարենը հին կազմը համալրվել է փոխվարչապետներով։ Չնայած «երկրի գլուխը» համարվում է ՀՀ նախագահը, սակայն նոր ստեղծվելիք ԱԽ-ն կգլխավորի վարչապետը՝ նախագահի փոխարեն։ Նոր մարմնի ռազմավարությունը նախորդից տարբերվելու է նրանով, որ ավելի կենտրոնացված կլինի պաշտպանական խնդիրների վրա։ Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել «Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր»:



Այս խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն 7 անդամ: Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրվում են վարչապետի կողմից՝ ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Ուշագրավ է, որ նախագծի հիմնավորումների մեջ նշված չէ, թե ինչու են ԱԽ կազմից «դուրս մնացել» երկու նախագահները՝ ՀՀ եւ ԱԺ։ Մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ մենք պառլամենտական երկիր ենք դառնում, ապա խորհրդարանի ղեկավարի դուրս մնալն առավել եւս անհասկանալի է։



Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր **Էդմոն Մարուքյանի** կարծիքով՝ ԱԺ նախագահի ներկայությունն ԱԽ կազմում ուղղակի պարտադիր է։ «Ես գլխավոր դատախազի, ՍԴ նախագահի մասին նույն վստահությամբ չէի ասի, որովհետեւ, վերջին հաշվով, նրանք բոլորն էլ ԱԺ-ի կողմից են նշանակվում, իսկ ԱԺ նախագահի չներկայացվածությունն ինստիտուցիոնալ սխալ է»,- ասաց Մարուքյանը։ Խորհուրդը պաշտպանության քաղաքականության մշակմամբ է զբաղվելու, գուցե այս հանգամա՞նքն է արդարացնում այդ բացակայությունը։ «Կարծում եմ՝ ոչ։ Վերջին հաշվով, արտակարգ դրություն հրավիրելու եւ այլ հրատապ իրավիճակների հետ կապված՝ ԱԺ-ն բացառիկ դեր ունի»։



Խորհրդարանի ՀՀԿ-ական փոխխոսնակ **Արփինե Հովհաննիսյանից** հետաքրքրվեցինք ԱԺ նախագահի բացակայության վերաբերյալ եւ ստացանք հետեւյալ պատասխանը․ «Ազգային ժողովի նախագահը Սահմանադրությամբ, ըստ էության, որեւէ առնչություն եւ լիազորություն չունի անվտանգության եւ պաշտպանության բնագավառներում։ Իսկ ԱԽ-ն ինստիտուցիոնալ տեսանկյունից ուղղված է հենց այդ գործառույթների իրականացմանը, եւ եթե նախկին Սահմանադրությամբ ԱԺ նախագահը փոխարինում էր ՀՀ նախագահին՝ որպես երկրի երկրորդ դեմք, եւ ըստ էության այդ տեսանկյունից կարելի էր մեկնաբանել ԱԱԽ-ում իր լինելը, մինչդեռ նոր Սահմանադրությամբ ԱԺ նախագահը վարչապետին փոխարինելու իրավազորություն չունի»։



«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ **Գեւորգ Պետրոսյանն** էլ, պարզվեց, դեռեւս չի ծանոթացել նախագծին եւ կարծիք կհայտնի դրանից հետո միայն։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**