Շամպունները, ատամի մածուկները 2018-ին կթանկանան 2 տոկոսով

Շամպունները, ատամի մածուկները 2018-ին կթանկանան 2 տոկոսով
Եվրասիական տնտեսական միությունում գործող մաքսադրույքներին համապատասխանեցման նպատակով, այսինքն՝ ԵԱՏՄ անդամագրման պատճառով, արդեն 2018-ից բարձրացել են 7 անուն ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ շամպունների, մազերի ու ատամների հիգիենայի այլ պարագաների տուրքերը՝ մազի դիմակներ, լաքեր, խնամքի այլ միջոցներ, մածուկներ, խոզանակներ եւ այլն՝ շուրջ 2 տոկոսով: Առավել բարձր՝ 4 տոկոսով կթանկանա «Ընտանի թռչնի միս եւ մսամթերք» ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն: Իսկ մինչեւ 2022թ. այն պետք է հասցվի 50%-ի: Այլ խոսքով՝ հավի միսն առաջիկա տարիներին 50 տոկոսով կթանկանա, եւ սա էական է լինելու, քանի որ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել հենց 3-րդ երկրներին: Ավելի կոնկրետ՝ ԵԱՏՄ երկրներից «Ընտանի թռչնի միս եւ մսամթերք» ապրանքախմբի ներմուծումը կազմել է մոտ 6 մլն դոլար, իսկ երրորդ երկրներից ներմուծումը՝ 24 մլն:



Հիշեցնենք, որ, համաձայն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի, Հայաստանը մինչեւ 2022 թվականն ունի ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներին անցնելու անցումային շրջան, որի ընթացքում շուրջ 770 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերը պետք է աստիճանաբար բարձրանան:



Թանկանալու են նաեւ «Կենտրոնական ջեռուցման կաթսաներ» ապրանքախմբի ներմուծման մաքսադրույքները՝ 3%-ով, «Սառնարաններ եւ այլ պաղեցնող սարքավորումներ» ապրանքախմբի ներմուծման դրույքաչափը՝ 2%-ով:



Նշենք, որ մաքսադրույքների աճ (միջինում 2-3%) գրանցվել է նաեւ մի շարք այլ ապրանքախմբերում՝ «Խտացրած կաթ եւ կաթի սեր», «ներկեր եւ լաքեր», «կաղնուց անտառանյութեր», «ցիստեռններ եւ բաքեր», «խցան, թասակ եւ կափարիչ», «ալյումինե մետաղակոնստրուկցիաներ եւ դրանց մասեր» «ժամացույցի մեխանիզմներ» եւ այլն:



Այսինքն՝ ԵԱՏՄ-ում գործող մաքսային դրույքաչափերի 70 տոկոսից ավելին տարբերվում է ժամանակին Հայաստանում գործող մաքսային օրենսդրությամբ սահմանված դրույքաչափերից: Այդ ապրանքների

թվում են ավտոմեքենաները, ավտոբուսները, օդանավերը, հեռուստացույցները, կահույքը, հագուստեղենը, շինարարական ապրանքներ: Առհասարակ, ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո 1700 ապրանքների դրույքաչափերն են նվազել, իսկ ավելացել են 6 հազար 300-ինը: Եվս 770-ն էլ, ինչպես նշեցինք, կավելանան 2018-2022 թվականներին:



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**