Դատական համակարգն ապացուցել է, որ անկախ է․ դատավոր Մխիթար Պապոյան

Դատական համակարգն ապացուցել է, որ անկախ է․ դատավոր Մխիթար Պապոյան

«Ես չեմ կարծում, որ ԲԴԽ-ի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ որոշումը հանրային քննարկումների արդյունքն էր»։ Այս մասին այսօր ԲԴԽ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Նա նշեց, որ ոչ միայն այս, այլ նաեւ բազմաթիվ այլ դատական որոշումներով դատական համակարգն ապացուցել է, որ անկախ է։

Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ի այս որոշմամբ պայմանավորված դատավորներն ավելի անկաշկանդ կլինե՞ն, դատավորն ասաց. «Ցանկացած նմանատիպ որոշման բովանդակությունից է կախված։ Այս պահին ինչպես դուք, այնպես էլ ես չգիտեմ»։

«Հրապարակ»-ի հարցին, թե իրավաբանական համայնքը տեւական ժամանակ սոցցանցերում ֆլեշմոբ էր իրականացնում՝ ի աջակցություն դատավոր Ազարյանի հարցին՝ արդյոք այդ գործողություններն իրենց ազդեցությունն ունեցե՞լ է ԲԴԽ որոշման համար, Պապոյանն ասաց.

«Գիտեք, ես բացառում եմ ցանկացած հանրային քննարկում որեւէ ազդեցություն դատավորի նկատմամբ չի լինում։ Ես չեմ կարծում, որ այդ որոշումը դրա արդյունքն էր»։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի՝դատավորների անկաշկանդ լինելը ապահովելուն, դատավորն ասաց, որ որոշ դեպքերում համակարծիք է այն կարծիքին, որ անում է ամեն ինչ, որոշ դեպքերում էլ միգուցե թերացել է, սակայն այս պահին չի կարող ասել՝ որ դեպքում է գտել լավ կամ վատ։

Հիշեցնենք՝քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց մերժել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը:

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացված դիմումը։

Վարույթ հարուցելու հիմքում նախարարությունը դրել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում Ազարյանի կողմից քննիչին ուղղված հետեւյալ արտահայտությունը. «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։  

Ըստ նախարարության՝  այս խոսքերով դատավորն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի նկատմամբ։ Ազարյանը հայտարարել էր, որ  Հատուկ քննչական ծառայության պետին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով։