Բարեփոխումներ՝ ատելության մեջ

Բարեփոխումներ՝ ատելության մեջ

Մեզ շարունակ մեղադրում են, թե նախկինների ժամանակ «ինչի չէիք քննադատում»։ Մեր արխիվից ներկայացնում ենք հերթական նյութը․ հեղինակ՝ Արամ Պաչյան, տպագրվել է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին։

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կա՛մ բուռն արձագանքի է արժանանում, ցավոք, հիմնականում քաղաքական ուժերի շրջանակներում, իսկ այդ բուռն արձագանքները գնալով ավելի են հեռանում ողջախոհությունից, եղելությունը հասկանալու ու գնահատելու սթափությունից, կա՛մ վերածվում է խեղկատակության, անցողիկ մի բանի, որի բոլոր փուլերը, ուզած թե չուզած, պարտավոր ենք ոտնակոխ անել:

Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը եւս մեկ անգամ գալիս է մեզ փաստելու, թե որքան խորն են ժողովրդի ատելությունն ու մերժողականությունը Սերժ Սարգսյանի իշխանության հանդեպ, եւ որքան մեծ են այս իշխանության կուրությունն ու տհասությունը, որը ունկն չի դնում սեփական ժողովրդին՝ դրանով իսկ անկման տանելով, վտանգի մեջ պահելով ողջ պետական, ժողովրդավարական համակարգը: ԱԺ-ի քննարկումներն անգամ ավելի անհետաքրքիր, դժգույն տպավորություն են թողնում, քան սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում ծավալվող բանավեճերը: Մի քանիսը նույնիսկ հասնում են անձնական վիրավորանքների շեմին, անձին, քաղաքական գործչին վերասահմանելու, վերարժեւորելու ձեւակերպումներին: Ժամեր առաջ Հրանտ Բագրատյանի կողմից ֆեյսբուքյան իր էջում արված գրառումը՝ ահա այն․ «Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում այսօր «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները (Ա. Ավագյան, Հ. Բագրատյան) հրավիրվել էին քննարկման։

Նախագահ Ս. Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես սկզբունքային-համակարգային («Ազատություն» կուսակցությունը, բազմիցս նշել ենք, նախագահական համակարգի կողմնակից է), այնպես էլ կառուցվածքային հարցեր (մարդու իրավունքներ, ընտրական մեխանիզմներ, տնտեսական եւ ֆինանսական համակարգեր, սոցիալական իրավունքներ)», զարմանքի ու դժգոհության ալիք է բարձրացրել: Ֆեյսբուքյան օգտատերերը գրառման տակ իրենց հիասթափությունն են արտահայտել՝ վեր հանելով այն անցյալը, որի բնույթը Հրանտ Բագրատյանին թույլ չէր տալիս նախագահին մոտենալ, հետը նստել-ելնել եւ նույնիսկ ինչ-որ բան քննարկել:

Այս՝ փոխզիջումների չենթարկվող ժխտողականությունը, քաղաքական ու հասարակական դատավարությունների շքերթը մի՞թե չեն վկայում ՀՀ իշխանությունների բացարձակ տապալումը: Այսօր ինչ էլ ասեն, ինչ փաստարկներ էլ բերեն, սահմանադրական բարեփոխումների ոչ մի նախագիծ չի կարող կասեցնել, ընդհատել ու վերանորոգել տարիներով հասարակության մեջ կյանքի իրավունք ձեռք բերած գարշանքը, որի մասին, իհարկե, քաջատեղյակ է Սերժ Սարգսյանը:

Ինչեւէ, նախագծի շուրջ քննարկումներն օր-օրի ակտիվանում են, որի արդյունքում կան, այսպես ասած, «առաջին զոհերը»: Ազգային ժողովի ամբիոնից Շարմազանովը դիմում է ոչ թե ժողովրդին, այլ՝ ընդդիմությանը, մի քանի անգամ հարց տալով․ «Ի՞նչ եք ուզում»՝ հիշեցնելով նախագծում առկա այն բոլոր դրույթները, որոնք ընդդիմությանը թույլ կտան ավելի լայն գործունեություն ծավալել, ունենալ ավելի ընդգծված հնարավորություններ, ասես ընդդիմությունը ժողովրդից մասնատված, ժողովրդից առանձին, նրա կամքը չարտահայտող մի երեւույթ է, որին չի գոհացնում բարեփոխումը, եւ որը խոսում է միայն իր անձնական շահի անունից: