Իմ տեսակետը միշտ չէ, որ համընկել է ՀՀ ղեկավարության տեսակետների հետ

Իմ տեսակետը միշտ չէ, որ համընկել է ՀՀ ղեկավարության տեսակետների հետ
Տարիներ առաջ մասնավոր մի քննարկման ժամանակ քաղաքական գործիչներից մեկը, անդրադառնալով ՀՀ նախագահներին եւ նախագահի ընտրությանը, կարծիք հայտնեց, թե ՀՀ-ում նախագահ են դառնալու նրանք, ովքեր ի պաշտոնե անմիջական մասնակցություն են ունեցել Ղարաբաղի պատերազմին եւ անցել են Հոկտեմբերի 27-ի միջով: Մենք սույն հայտարարությանն այդ ժամանակ վերաբերվեցինք իմիջիայլոց՝ հարգելով դիմացինի կարծիք հայտնելու իրավունքը: Այժմ, սակայն, քանի որ մոտենում է հաջորդ նախագահի ընտրության փուլը, եւ ակտուալ են նախագահի հավակնորդի անձի մասին համակողմանի քննարկումները, փորձեցինք հասկանալ, թե որքանով է Արմեն Սարգսյանն առնչվում ղարաբաղի խնդրի հետ եւ, առավել եւս՝ որքանով է հեռու կամ մոտ կանգնած Հոկտեմբերի 27-ի թեմային: Մեզ օգնության հասան մամուլի մի քանի հրապարակումներ եւ որոշ փաստեր: Նախ նշենք, որ 1988-ին՝ Ղարաբաղյան շարժման օրերին, Ա. Սարգսյանը գիտամանկավարժական գործունեությամբ է զբաղվել՝ 1985-1992 թթ. եղել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս, 1990-1992 թթ.՝ ԵՊՀ բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոնի վարիչ: 1992-ից սկսած՝ Սարգսյանն անցել է դիվանագիտական աշխատանքի, այսինքն՝ Ղարաբաղյան պատերազմին Սարգսյանի գործուն, անմիջական մասնակցության մասին (ինչպես նախորդ 3 նախագահների դեպքում է) կարծես թե փաստեր հայտնի չեն:



**Որտե՞ղ էր Սարգսյանը Հոկտեմբերի 27-ից երեք օր առաջ**



Հանրությանը «Մեծն Գեթսբիի» շուքուփայլով, խորհրդավորությամբ ներկայացող Ա. Սարգսյանին առնչվող մի քանի հանգամանքներ կան, որոնք արժե վերհիշել: Նախ սկսենք չարչրկված փաստից, թե ինչու նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Այս հարցի շուրջ շտապեցին պարզաբանումներ տալ գրեթե բոլոր այն պաշտոնյաները, ովքեր երբեւէ առնչվել են Սարգսյանի հետ կամ թեկուզ հեռակա կարգով տեղյակ են նրա հրաժարականի պատմությանը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, օրինակ, խոստովանեց, որ 1996-ի նախագահի ընտրություններից հետո պեսիմիզմով լցված հանրության մոտ պետական մեքենայի հանդեպ վստահությունը վերականգնելու նպատակով է Սարգսյանին վարչապետ նշանակել: Սակայն նա, առաջին նախագահի պնդմամբ, «ծանր հիվանդացավ» եւ ստիպված եղավ թողնել պաշտոնն ու վերադառնալ արտերկիր: Նախկին իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ, երկրորդելով Տեր-Պետրոսյանին, շտապեցին նույնը կրկնել եւ հերքել Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտ ունենալու փաստը: Ինքը՝ Ա. Սարգսյանը, նույնպես անդրադարձել է իր հեռացմանը եւ հավաստիացրել, որ պատճառը եղել է հիվանդությունը: «Կոմպանիա» պարբերականն Ա. Սարգսյանին վերաբերող իր «Одна жизнь в трех частях» հոդվածում (2013 թ.) նշում է, թե Սարգսյանի մոտ 1997-ին ուռուցք են հայտնաբերել, ինչի հետեւանքով էլ նա հրաժարական է տվել՝ բուժման հարցերով զբաղվելու համար: «Մինչ այժմ շատերը չեն հավատում, որ ես հեռացել եմ հենց հիվանդության պատճառով»,- պարբերականին ասել է Սարգսյանը:



Վազգեն Սարգսյանի եղբայրները՝ Արամ եւ Արմեն Սարգսյաններն էլ են պնդում, որ սուտ են կոնֆլիկտի մասին լուրերը: «Իմ եղբոր եւ Արմեն Սարգսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել: Այդ տարիներին կային մարդիկ, որոնց դուր չէր գալիս Արմեն Սարգսյանի վարչապետ նշանակվելը, որոնց եղբորս պահվածքը դուր չէր գալիս, եւ նրանք որոշակի լեգենդներ հորինեցին՝ փորձելով վարկաբեկել եղբորս եւ Արմեն Սարգսյանին: Նրա հիվանդանալուց հետո Վազգենը միշտ հետաքրքրված է եղել Արմեն Սարգսյանի առողջությամբ, փորձել է աջակցել ինչով հնարավոր է»,- «Հայկական ժամանակին» ասել է Արամ Սարգսյանը՝ ներկայացնելով, որ Հոկտեմբերի 27-ից առաջ դեսպանը կնոջ հետ եղել է իրենց տանը, միասին թենիս են խաղացել, քեֆ արել մինչեւ կեսգիշեր: «Դա հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն էր, որից հետո պարելով նստեցին մեքենան ու գնացին»,- պատմել է Արամ Սարգսյանը: Այդ ժամանակ, հիշեցնենք, ՀՀ վարչապետն արդեն Վազգեն Սարգսյանն էր, իսկ Արմեն Սարգսյանը դեսպան էր Միացյալ Թագավորությունում:



**Ինչո՞ւ Սարգսյանը հրաժեշտ տվեց դեսպանի պաշտոնին**



1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մամուլը պարբերաբար գրում էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներն Արմեն Սարգսյանի հետ գաղտնի բանակցություններ են վարում՝ նրան համարելով այլընտրանք Քոչարյանին, այսինքն՝ նախագահի հավակնորդ: Անգամ լուրեր կային, որ գեներալ Մանվելն է մեկնել Լոնդոն՝ առաջարկելու Արմեն Սարգսյանին վերադառնալ եւ տեր կանգնել երկրին։ «Մեդիամաքսն» օրերս հրապարակել էր մի հաղորդագրություն, որը պատմում է Ա. Սարգսյանի եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ 2000թ. ապրիլի 23-ին կայացած հանդիպման մասին, որի ժամանակ Ա. Սարգսյանն ասել է․

«Այսօր ցավով նշում եմ, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած սպանություններից (նկատենք, որ նա չի գործածում «ահաբեկչություն» բառը՝ խմբ.) հետո Հայաստանն ապրում է ծանր ժամանակներ: Երկրի առջեւ ծառացել են քաղաքական եւ տնտեսական բարդ խնդիրներ: Ես միշտ փորձել եմ գործել ոչ միայն խոսքերով եւ արարքներով, այլեւ հոգով ու սրտով: Դիվանագետի եւ պետական ծառայողի պաշտոնում ես չէի կարող բացահայտորեն խոսել իմ մտահոգությունների մասին՝ ՀՀ ղեկավարության գործողությունների կապակցությամբ: Ամեն դեպքում, խիղճս մաքուր է, քանի որ իմ բոլոր խորհուրդներն անկեղծ էին: Ցավոք սրտի, իմ տեսակետը ՀՀ ապագայի վերաբերյալ միշտ չէ, որ համընկել է ՀՀ ղեկավարների տեսակետների հետ: Առայժմ ես ձեռնպահ կմնամ հետագա հրապարակային հայտարարություններից: Բայց մոտ ապագայում հույս ունեմ հանդիպել ձեզ եւ քննարկել այս եւ այլ կարեւոր հարցեր»: Այս հանդիպումից 3 օր առաջ Ռ. Քոչարյանն ազատել էր Սարգսյանին դեսպանի պաշտոնից:



**Չեմպիոնի վերադարձը թագուհու մոտ**



Պաշտոնանկությունից հետո մոտ 13 տարի Սարգսյանը դիվանագիտական աշխատանքով չի զբաղվել, իսկ, ահա, 2010-ին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում քաղաքականության հետ հաշիվները մաքրած Ա. Սարգսյանը նշել է, թե որեւէ հետաքրքրություն չունի քաղաքականությամբ զբաղվելու ՀՀ-ում, սակայն ունի մեծ ցանկություն` օգտակար լինելու հայրենիքին: Եվ հավատում է, որ երկրին կարելի է օգտակար լինել՝ զերծ մնալով քաղաքական այս կամ այն ուժին պատկանելուց կամ պաշտոնյա լինելուց: Իսկ, ահա, 2013-ին, արդեն երկրորդ հնգամյակը պաշտոնավարող Սերժ Սարգսյանի կողմից նա կրկին նշանակվեց դեսպան՝ արժանանալով թագուհի Եղիսաբեթ 2-րդի զարմանքին. «Արմեն, Դուք չեմպիոն եք դեսպանների մեջ։ Վերադառնում եք արդեն երրորդ անգամ»։ Այժմ էլ ՀՀ-ում են պատրաստվում դիմավորել Ա. Սարգսյանի երկրորդ, առայժմ ոչ «չեմպիոնսկի» գալուստը, բայց ոչ թե վարչապետի, այլ նախագահի պաշտոնում: Հետաքրքիր է՝ սպասվելո՞ւ են տեսակետների բախումներ:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**