«Մոյկա» կոչվածը մեր կյանքը վերածել է դժոխքի

«Մոյկա» կոչվածը մեր կյանքը վերածել է դժոխքի
Երեւանի Մանթաշյան 53 շենքի բնակիչ Աննա Արաբյանի ամուսինը սրտի տագնապ է ունեցել ու մինչ անօգնական վիճակում պառկած է եղել, շտապօգնության մեքենան ոչ մի կերպ չի կարողացել մոտենալ այն հասցեին, որտեղից եղել է կանչը: Հինգ հարկանի շենքի առաջին մուտքի մոտ, անմիջապես իրենց պատուհանների տակ ավտոլվացման կետ է գործում եւ խնդիրներ է առաջացնում նաեւ անվտանգության տեսանկյունից, քանի որ տեղակայված է էլեկտրացանցերի ենթակայանի կողքին:



«Մեր բնակիչներից մեկը մի գեղեցիկ օր կառուցեց ավտոտնակ, որին, իհարկե, դեմ էինք, ինքը երրորդ մուտքի բնակիչ էր, բայց դրեց մեր լուսամուտների մոտ: Բայց դեմ լինելով՝ թույլ տվեցինք, գիտեք, չէ՞, մենք՝ հայերս, ոնց ենք, մեկն ամաչեց, լռեց, մյուսն ասաց՝ դե լավ, մի գարաժ ավել, մեկը պակաս: Մի խոսքով, լռեցինք, քանի որ ինքը պնդում էր, որ դա ավտոտնակ է: Հետո հանկարծ մի օր քնեցինք, արթնացանք, տեսանք՝ սարքել է մոյկա, ու մեր կյանքն այդ օրվանից վերածվեց դժոխքի, որովհետեւ բացի նրանից, որ մոյկան մեր լուսամուտների մոտ է, եւ մենք, երբ երեխային բերում ենք մանկապարտեզից, մեր շենք մտնում, դա բնակելի շենքի սպասարկման գոտին է, որն ամբողջությամբ իրենք գրավել են»,-ասաց նշված հասցեի բնակչուհին: Նրա խոսքով՝ երրորդ մուտքի բնակիչները սեփականատիրոջը, համաձայնություն են տվել ավտոլվացման կետի կառուցման համար, քանի որ ավտոլվացման կետի աղմուկն իրենց չի խանգարում:



Բացի այդ, ավտոլվացման կետը, ըստ բնակչի, ուղղակի մխրճված է էլեկտրացանցի ենթակայանի շենքի մեջ: Աննան վկայակոչում է էներգետիկայի նախարարության կողմից մշակված օրենքը, որ ենթակայանից 10 մետր շառավղով անվտանգության գոտի է, ոչ ոք իրավունք չունի ենթակայանին կպած շենք կառուցել։ Ահազանգած բնակչի խոսքով՝ մոտ մեկ տարի է՝ իրենք փորձում են հասնել նրան, որ ավտոլվացման կետը փակվի, դիմել են տարբեր կառույցների՝ Երեւանի քաղաքապետարան, ՀԷՑ, ինչից հետո 6 ամսով դադարեցվել է ավտոլվացման կետի գործունեությունը: Բայց արդեն 2-3 ամիս է՝ վերսկսել է աշխատանքը: Բնակչի խոսքով, ավտոլվացման կետի սեփականատիրոջ հետ բանակցելու փորձեր ունեցել են, բայց՝ ապարդյուն:



«Մոտ մի տարի խոսել ենք ջանով, բայց ոչինչ չօգնեց: Հայերին բնորոշ չէ դիմել թաղապետարան, քաղաքապետարան՝ հարեւանի վրա բողոքելու, բայց սա այն դեպքն է, որ ոչինչ չօգնեց, եւ ստիպված էինք դա անել»,- ասում է Աննան: Նշենք, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների մեկուսացումը շատ բնորոշ է ժամանակակից երեւանյան բակերին: Նման մի բողոք էլ խմբագրությունն ունի մայրաքաղաքի Պուշկինի 43 շենքի բնակիչներից: Այս բակում հարեւանները 2 թեւի են բաժանվել: Մի մասը, պաշտպանելով իրենց բակում մեքենաներ կայանելու իրենց իրավունքը, տարիներ շարունակ պայքարում էր, որ մոտակա խանութների ու դիմացի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները մեքենաներն իրենց բակում չկայանեին: Ինչպես ցույց տվեց կյանքը՝ միակ արդյունավետ միջոցը բակ տանող ճանապարհները երկու կողմից շլագբաումով փակելն էր: Հիմա շենքի այն բնակիչները, որոնք մեքենա ունեն, գոհ ու երջանիկ են, իսկ մյուս մասը նույն խնդիրներն է ունենում շտապօգնություն կանչելիս:



**Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ**