Սվաղչիները

Սվաղչիները
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները, ի դեմս ՀՀԿ-ի, ջանք ու եռանդ չեն խնայում՝ սրբագրելու պատմությունը, նպատակ ունենալով ժողովրդի հիշողությունից ջնջել այն ամենը, ինչը կհիշեցնի նրանց մեղավոր լինելու հանգամանքը զոհերի եւ 8 հարյուր հեկտար տարածքի կորստյան հարցում: Մեթոդների մեջ հատուկ խտրականություն չկա, ասվում եւ արվում է ամեն ինչ, սկսած «անպետք հողեր» արտահայտությունից մինչեւ հետախուզական տվյալների բացակայություն եւ… Վերջնահաշվարկը շատ պարզ է՝ ագիտացիան եւ պրոպագանդան սիստեմատիկորեն ուղեղը կտցահարելու եղանակով ազգաբնակչության գիտակցության մեջ կձեւավորի այն իրողությունը, ինչը պետք է ներկայիս իշխանություններին: Իսկը խորհրդային տարիների փորձված մեթոդ:



Բայց հարցերը, ի դժբախտություն իրենց, շատ-շատ են, եւ որքան էլ որ ջանան ոչ վաղ անցյալը սվաղել ամպագոռգոռ հայտարարություններով եւ բազմաբնույթ միջոցառումներով, հազիվ թե կարողանան իրենց վրայից ջնջել ամոթի խարանը:



Նվազագույնը տարակուսանք է առաջանում, երբ մամուլի բազմաթիվ հրապարակումների ֆոնին, որը բացահայտում է ՊՆ-ում տիրող բարձիթողի վիճակը, գերատեսչության ղեկավարը եւ գերագույն գլխավոր հրամանատարն աջ ու ձախ բարձր, նույնիսկ շատ բարձր պարգեւներ եւ կոչումներ են շնորհում: Օրինակ, Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելը․ հաջորդիվ գուցե մարշալի՞ կոչում տան: Կոչումների բաշխման հետ մեկտեղ տրամաբանական չէ՞ր լինի արդյոք բանակի թվաքանակը հասցնել, ասենք, մի 200 հազարի: Ի՞նչ կա որ: Եթե, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում բնակվում է մոտ 3.5 միլիոն մարդ, 200 հազարը մեծ թիվ չէ, մանավանդ, որ այդ քանակին համապատասխան գեներալ-գնդապետներ ունենք: Իսկ մեզ ռազմածովային ուժեր պետք չե՞ն․ կարող է մեկի սանիկը մանկուց երազել է ծովակալ դառնալ:



Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ մեզ մոտ արտագաղթը մեծ թիվ է կազմում, բայց արի ու տես, որ դրանից բնակչության թիվը չի պակասում, համենայնդեպս՝ ընտրությունների ժամանակ, բայց չի ավելանում բանակի թվակազմը: Իշխանությունները, ձեռ ու ոտ ընկած, բանակ են զորակոչում բոլորին, ով ունակ է զենք բռնել, չնայած զենք բռնելն իսկի կարեւոր էլ չէ:



Երբ հերթը հասնում է երիտասարդության խնդիրներին, կրթության եւ գիտության զարգացմանը, պարզվում է՝ երկրում միայն ՀՀԿ-ն է մտահոգ այդ խնդիրներով, եթե նախընտրական փուլ է, միմիայն ՀՀԿ-ն կարող է լուծել բոլոր խնդիրները, եթե հետընտրական ժամանակներ են... ՀՀԿ-ն հո կրակը չի՞ ընկել ժողովրդի ձեռքը, բոլոր խնդիրները պարտավոր ենք լուծել ազգովի, բոլորս պետք է ոտքի ելնենք եւ թափ տանք մեր գրպանները: Այդ պահին էլ առաջ է քաշվում «Ազգ-բանակ» հայեցակարգը: Պարզվում է՝ ազգը բանակի համար է, բանակը՝ ազգի, բայց հենց ՀՀԿ-ի բարձր հովանու ներքո է այն ստացել միս ու արյուն: Մի խոսքով, մենք ազգովի մի մեծ բանակ ենք: Ինչ կա-չկա մեր երկրում, դա ազգային է, հետեւաբար՝ բանակինը: Բա Ռուսաստա՞նը՝ մեր մեծ եղբայրը: Մի փոքր սխալվեցի, ինչ ունենք-չունենք, դա ազգինն է եւ Ռուսաստանինը, բայց ինչը Ռուսաստանինն է, դա ազգային չէ, կնշանակի՝ երկրի էներգետիկ համակարգն ազգային է, բայց մերը չէ, բանակինը չէ, կապն ազգային է, բայց մերը չէ, բանակինը չէ, ընդերքն ազգային է, բայց մերը չէ, բանակինը չէ: Մեզ ոչինչ չեն թողել, մեզնից ամեն ինչ խլել են, կամ, որ ամենից վատն է, հենց մերոնք են ամեն ինչ ծախել:



Հարց եմ ուղղում․ ի՞նչ ազգ՝ առանց ազգային ունեցվածքի, ի՞նչ ազգ՝ ապազգային, օտարամոլ եւ օտարապաշտ ղեկավարությամբ: Իրականում բանակն առաջ էր ազգային, հիմա կա ազգ եւ բանակ, որը քաղաքականացված կառույց է՝ մի ուղեղային կենտրոնով, մի նպատակով՝ սվաղել եւ քերել հանուն ազգային բանակի գաղափարի, յուրացնել պետական միջոցները, ստել ամեն օր, ձեւանալով հայրենասեր, բոլորին մեղադրել ոչ հայրենասեր լինելու մեջ ու էլի փող մուրալ, թվանոց ծառայողական մեքենաների ավտոպարկ պահել, դրամական պարգեւներ բաժանել ճարպոտած կաբինետային հրամանատարներին ու էլի փող մուրալ:



Երբ Դավիթ Սանասարյանն առաջարկում էր 500 դրամի հանգանակություն անել՝ սահմանագծին ազդարարման համակարգ տեղադրելու համար, «ազգի իշխանները» ծպտուն չհանեցին, բայց հետո իրենք սկսեցին 1000 դրամ քերելը, խնդրելը, պարտադրելը, մուրալը: Սա նորմա՞լ է: Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում կամայականորեն սկսեցին «մասնակցի» նշումները ջնջել: Վիրավոր զինվորի բուժումը կազմակերպել հանգանակության հաշվին: Սա նորմա՞լ է։ Մարդկային ռեսուրսների պակաս ունեցող երկրում ձեւավորում են խաղաղապահ բրիգադ՝ օտար երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար, սա նորմա՞լ է, ոչ, դա առնվազն աբսուրդ է՝ բառիս բուն իմաստով: ՊՆ-ում համատարած կրճատումների ֆոնին այս բրիգադի հզորացումը նվազագույնը քծնանք է նման աշխարհի հզորների եւ անհարգալից վերաբերմունք մեր սահմաններում կանգնած զինվորների հանդեպ:





**Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆ**