Ինչ կապ ունի Ստյոպա Սաֆարյանը․Հարություն Մեսրոբյանի համար պետության վերաբերմունք է անընդունելի

Ինչ կապ ունի Ստյոպա Սաֆարյանը․Հարություն Մեսրոբյանի համար պետության վերաբերմունք է անընդունելի

Ստյոպա Սաֆարյանի՝ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց հետո խոսակցություններ կային, որ շատ անդամներ պատրաստվում են դիմում գրել։

 ՀԽ մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը «Հրապարակին» հայտնեց, որ ՀԽ-ից այսօրվա դրությամբ դուրս գալու դիմում են գրել Հարություն Մեսրոբյանն ու Լարիսա Ալավերդյանը։ Տիկին Ալավերդյանն արդեն իսկ հայտնել էր հեռանալու պատճառների մասին, պարոն Մեսրոբյանը՝ ոչ։

«Հրապարակի» հարցազրույցը Հարություն Մեսրոբյանի հետ։

-Պարոն Մեսրոբյան, Դուք դիմում գրեցիք Ստյոպա Սաֆարյանի հետ չաշխատելու համա՞ր։

-Ինչ կապ ունի Ստյոպա Սաֆարյանը։ Ես այն կարծիքին եմ, որ նման կարգի կառույցի նկատմամբ պետության կողմից այլ մոտեցում պետք է լինի, իսկ Դուք անձնավորում եք։ Անձերն ի՞նչ կապ ունեն։ Ի՞նչ կապ ունեն անձերը եթե մինչև հիմա Հանրային խորհուրդը չունի անգամ տարածք։ Ա'յ նման հարցերն են, որ բացահայտում են պետության իրական վերաբերմունքը: Դուք լրատվամիջոց եք, դե պատկերացրեք, որ դուք չունեք տարածք։ Ի՞նչ եք անելու։

-Նաև շատերն են ցանկանում, որքան ինձ հայտնի է, հեռանալ։

-Եթե հիշում եք՝ մի քանի շաբաթ առաջ ես զգուշացրեցի, որ նման բան կարող է լինել և հիմա դա դարձավ իրողություն։ Ես, ուստի, զարմանում եմ, որ
երբ ժամանակին զգուշացնում եմ ու հետո իմ զգուշացրածն իրականանում է, հետո են սկսում հարցեր տալ։

-Լավ, ի՞նչ էր փոխվում նրանից, որ Դուք զգուշացնում էիք։

-Ինչպե՞ս թե ինչ է փոխվում։ Որոշումից սկսած և, առհասարակ, արձագանքն ավելի ճիշտ կլիներ։ Իսկ հիմա ի՞նչ է ստացվում։ Ժամանակին զգուշացնում եմ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ըստ որում՝ դա հրապարակվում է, հետո դա լինում է, ու հարցեր են առաջանում։ Իսկ  ինչու՞ հարցեր չառաջացան մի քանի շաբաթ առաջ։  Այսինքն՝ մեր ժողովուրդը ճիշտ է ասում՝ «ասողին լսող է պետք»։ Եվ հիմա ամեն անգամ հաստատում ենք մեր ժողովրդի մտավախությունները։

-Ուզում եք ասել, որ իշխանությունը չպե՞տք է նշանակեր Սաֆարյանին կամ այնպես չաներ, որ Վազգեն Մանուկյանը դիմում գրեր։

-Ես ուզում եմ ասել, որ ցանկացած ոլորտում ինչ-որ փոփոխություն անելիս պետք է այդ ոլորտը տիրապետել։ Հակառակ պարագայում` եղած խնդիրներին անվերջ գեներացնելու ենք նորերը: Հետո ասում ենք «Հայի բախտ»: Այն ինչ «Հայի բախտը», իրականում, «Հայի խելքի» հետևանքն է:

-Ստյոպա Սաֆարյանն ասում էր, որ Հխ-ն պետք է լինի փորձագիտական մարմին, մասնավորապես Արցախյան կարգավորման հարցում ժողովրդի տեսակետը ներկայացնի, ինչը Վազգեն Մանուկյանն անտեսել է։

-Փորձագիտական կառավարումն աշխատում է և գեներացնում է այն հարցերը, և այդ հարցերի շուրջ առաջարկություններ, որոնք տվյալ դեպքում տվյալ պահին օբյեկտիվորեն կարևոր են կամ ժողովրդին, հասարակությանն անհանգստացնում։ Նույն՝ Արցախի հետ կապված ասեմ․ մեկ կամ երկու ամիս առաջ բացվել է Հանրային խորհրդի նոր կայքը, որտեղ տեղադրված են նյութեր այն մասին, թե Խորհուրդն իր ստեղծման պահից ինչ գործեր է արել և որ գործերը որ փուլում են։ Ես խնդրում եմ բոլոր մարդկանց եթե ինչ-որ բան են ուզում առաջարկել, մի հատ մտնեն այդ կայքն ու նայեն՝ ՀԽ-ն ո՞ր հարցերին է անդրադարձել, ին՞չ լուծումներ է տվել, որոնք արդեն եղել են, որոնք արդեն ընթացքում են։

-Մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ բազում նախագծերի հետ կապված, օրինակ՝ Ստամբուլյանի, ՀԽ-ն լռել է, երբ ստորագրվում էր, լռել է, հիմա աղմուկ է բարձրացնում։ Այսինքն՝ հին հարցերի շուրջ ժամանակին ՀԽ-ն լռել է, իսկ հիմա սկսել է աղմկել։

-Ես կառավարման փորձագետ եմ, ես նախկին իշխանություններին քննադատել եմ, որ ստորագրել են և քննադատելու եմ բոլոր նրանց, ովքեր հիմա ուզում են այն վավերացնել։