Այդ քայլերը կարող են հանգեցնել նշանային փոփոխությունների․ մշակութաբան

Այդ քայլերը կարող են հանգեցնել նշանային փոփոխությունների․ մշակութաբան
Մշակութաբան Վարդան Ջալոյանից հետաքրքրվեցինք, թե թանկացումների դեմ «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը կարո՞ղ է ձեւավորել հանրային օրակարգ եւ փողոց դուրս բերել մեծ թվով մարդկանց։ «Էականն այն է, որ այս բոլոր պրոցեսներում դանդաղ, բայց կայուն ձեւով փոխվում է օրակարգը։ Այսինքն՝ իրավական, լիբերալ հարթությունից անցում է կատարվում դեպի սոցիալական խնդիրների դաշտ»,- ասաց մշակութաբանը։ Վարդան Ջալոյանի դիտարկմամբ՝ կա սոցիալական խնդիրներ արծարծող կուսակցության պահանջ, որն առաջ կքաշի սոցիալական խնդիրներ։ Մշակութաբանն ասաց, որ քաղաքական գործիչները շատ հաճախ չեն հասկանում հանրության պահանջները։ Նրա կարծիքով՝ «Ելք»-ի քայլերը փոքր քայլեր են, որոնք կհանգեցնեն նշանային փոփոխությունների քաղաքական դաշտում։



Մեր դիտարկմանը, թե քաղաքական գործիչները ոգեւորված չեն «Ելք»-ի նախաձեռնությամբ եւ չեն արձագանքում նրան, Վարդան Ջալոյանն արձագանքեց․ «Նախ եւ առաջ քաղաքական գործիչները, քաղաքական վերլուծաբանները պատրաստ չեն հասկանալ կամ ընդունել սոցիալական պահանջները, որոնք կբերեն սոցիալական դրության բարելավման»։ Մշակութաբանը հիշեցնում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը պայքարել է կեղծված ընտրությունների, խախտված իրավունքների դեմ, նրանց մտածողությունը իրավական է, ոչ թե սոցիալական, եւ նրանք պատրաստ չեն ընդունելու նոր մարտահրավերները։



Մինչդեռ՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր «Ելքը» ավելի անմիջական կապի մեջ է ժողովրդական զանգվածների հետ։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ երթը վերածվի շղթայական ռեակցիայի եւ դառնա շարունակական, Վարդան Ջալոյանը արձագանքեց՝ հիշեցնելով, որ Իրանում եղավ սոցիալական ընդվզում։ «Ես չեմ կարող ասել, թե սոցիալական ընդվզման պոտենցիալը Հայաստանում կարող է այդպիսի ընդվզում առաջացնել։ Բայց եթե սոցիալական խնդիրները ճիշտ են ձեւակերպված, ապա դրանք կարող են լինել սոցիալական ընդվզման ռեսուրս»,- ասաց մեր զրուցակիցը։