ԵՄ-ն, ԱՄՆ-ն պատժում են «Ոսկե Հորդա»-ին, մենք էլ պետք է օգտվենք առիթից․ Ազատ Արշակյան

ԵՄ-ն, ԱՄՆ-ն պատժում են «Ոսկե Հորդա»-ին, մենք էլ պետք է օգտվենք առիթից․ Ազատ Արշակյան
ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ, 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանից հետաքրքրվեցինք, թե 2018թ․ ինչ գործունեություն պետք է ծավալեն քաղաքական ուժերը, որպեսզի Հայաստանի կյանքում լինեն փոփոխություններ։ «Հակաիմպերիական ինտերնացիոնալի հետ միասին մեր քաղաքական ուժերը պետք է ազատվեն իմպերիայից եւ դրանից ենթադրվող ու բխող բոլոր բացասական երեւույթներից։



Օրինակ՝ նրանք պետք է Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու փորձեր պետք է անեն։ Պետք է լուրջ քայլեր արվեն ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ։ ԱԺ-ում անկախության եւ ազատության ջատագով ուժերը պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որովհետեւ շանս տրվելու է դրա համար։ Ժողովրդավարական ինտերնացիոնալը պատժում է բռնապետությունների ինտերնացիոնալին։ Այսինքն՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն եւ նրանց դաշնակիցները պատժում են Եվրասիական միությանը, «Ոսկե Հորդային», բռնապետական պետություններին տնտեսական եւ այլ տեսակի սանկցիաներով։ Եվ մենք պետք է օգտվենք առիթից ու հետ չմնանք։ Մեր օրակարգը պետք է լինի ժողովրդավարական երկրներից հետ չմնալը եւ մեր ազատության եւ անկախության համար պայքարելը»,- ասաց Ազատ Արշակյանը։



Հետաքրքրվեցինք նաեւ, թե որ ուժերին է պարոն Արշակյանը համարում ազատության եւ անկախության ջատագով ուժեր։ «Հայաստանն այնքան է թուլացել 2013թ․ սեպտեմբերի 3-ից հետո, որ ինքնուրույն գործողությունների մասին խոսելու համար պետք է շատ լավատես լինել։ Իսկ ես այդպիսի լավատեսություն չունեմ։ Բայց նաեւ բացառված չէ այդպիսի հնարավորությունը»,- արձագանքեց Ազատ Արշակյանը։