«Դրագ-քուին» Կամիլը, ԵվրաՉտեսիլ հայությունն ու մենք

«Դրագ-քուին» Կամիլը, ԵվրաՉտեսիլ հայությունն ու մենք
Եվրատեսիլն ունի հստակ կանոն. «Վահանով կամ վահանի վրա»: Մեզ մոտ «վահանովը» 4-8-րդ հորիզոնականն է, «վահանի վրան»` 10 և ավելի:



Հենց այս կանոնն էլ տարիներ շարունակ գործում է Եվրատեսիլի` հայաստանյան պատմության ընթացքում: Նախորդ տարի Հայաստանը երգի միջազգային մրցույթում ներկայացրեց Արծվիկն ու զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Հայ հանդիսատեսը, ընդունեք, նրան այդպես էլ «չներեց», ինչպես ժամանակին չներեց Էմմիին, որը չանցավ կիսաեզրափակիչ փուլ, «Դորիանս» խմբին ու մենակատար Գոռ Սուջյանին, որը ևս զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:



Այսօր Արծվիկի, Գոռի մասին գրեթե չեն գրում թերթերը, ինտերնետային կայքերն ու չեն անդրադառնում հեռուստաընկերությունները: Պատճառը եվրատեսիլյան «չգրված» օրենքն է․ «անհաջողակներին» արագ մոռանում են։ Երգչուհի Էմմի դեպքում, չգիտես ինչու, հանգամանքները մեղմացրին պարտությունը. այդ տարի հաղթեց Ադրբեջանը, հավանաբար ինչ-որ բան այն չէր, սրտնեղեցին պարտությունից «շոկ» ապրողները:



Փոխարենը մինչ օրս եվրատեսիլյան փառքի դափնիներն են վայելում Սիրուշոն, Անդրեն, Հայկոն, իսկ ավելի ուշ արդեն Իվետա Մուկուչյանը: Մրցույթից հետո Իվետան դարձավ ամենապահանջված երգչուհիներից մեկը թե հեռուստաընկերություններում, թե գովազդային դեմք որոնող կորպորատիվ կազմակերպություններում: Թե որտեղ կավարտվի Իվետայի հաջողակ ու հարթ երաժշտական արահետը, չենք էլ ցանկանում կռահել: Փոխարենը կարող ենք ասել, որ այս անգամ մոռացվելու կամ հիշվելու հերթը մեկ այլ արտիստինն է:



Օրեր անց` հունվարի 15-ից սկսած բոլորս կլսենք այս տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցների մրցութային երգերը, սակայն ներհայաստանյան մրցույթը կմեկնարկի ավելի ուշ`փետրվար ամսին և բաղկացած կլինի 3 փուլից:



2018 թվականին Հայաստանը Պորտուգալիայում կայանալիք Եվրատեսիլ միջազգային մրցույթին ներկայացնելու համար կպայքարի 20 համարձակ: Տարեսկզբին մամուլը «շոկի» մեջ էր, երբ հրապարակվեց նրանց անունները`Ռոբերտ Քոլոյան, Սևակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Տյոմ Հակոբյան, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գևորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամարա Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, «Նեմրա», «Ալտերնատիվ», «Գաթա բենդ» և Կամիլ (Արսեն Գրիգորյան):



Վերջինիս անունը իսկական սառը ցնցուղ էր «հայու գենի» ջատագովների գլխին և ոչ միայն:



Բրիտանական հայտնի բլոգի հրապարակումն էլ Կամիլի մասին չուշացավ. «Հայաստանը կներկայացնի՞ արդյոք դրագ-քուին Կամիլը»: Հեղինակավոր բլոգը գրում է, որ «իրենք սիրահարվել են Կամիլի անհատականությանը և հաղթանակի դեպքում անհամբեր սպասում են լիսաբոնյան բեմում Կամիլի խելահեղ շոուին»:



Բլոգը նաև իր հետևորդներին հարց է ուղղել, թե արդյոք Հայաստանը Կամիլին կուղարկի՞ Եվրատեսիլ: Մեկնաբանություններն այս պարագայում ևս հակասական են: Ոմանք հիշեցնում են, որ երաժշտական մրցույթի պատմության մեջ շատ դրագ-քուիններ են եղել` գլխավորությամբ Կոնչիտայի ու Վերկա Սերդյուչկայի: Երկու դեպքում էլ արդյունքը հրաշալի է եղել, առաջին դեպքում` հզոր ձայն, երկրորդի դեպքում` հզոր շոու:



Օգտատերերից ոմանք էլ գրում են, որ կերպարը այդքան էլ էական չէ, եթե չկա երաժշտական տաղանդ ու լավ շոու, և եթե Կամիլը ունենա հրաշալի երգ, ապա իրենք կողջունեն նրա հաղթանակը:



Մի մասն էլ սրտնեղել է Հայաստանում առկա հոմոֆոբ մարդկանց գերակշիռ քանակից: Թե ինչ կապ ունեն հոմոֆոբները ու շոու ապահովող տղամարդը` կանացի հագուստով, առայժմ դժվարանում ենք պատասխանել, բայց այն, որ Կամիլի «շողալու» ժամանակն է, վստահ է անգամ բրիտանական հայտնի բլոգը:



Կամիլից բացի մրցույթի նախնական ֆավորիտներից է երգիչ Սևակ Խանաղյանը: Երբ նա հաղթեց ուկրաինական «Իքս ֆակտոր» նախագիծը, հայ երկրպագուներն արդեն մտովի նրան «ուղարկում էին Եվրատեսիլ»: Սևակն էլ, ըստ էության, որոշեց իրագործել նրանց «երազանքը»:



Մրցույթի 3-րդ ու հիմնական ֆավորիտը ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիան է: Նա իր մասնակցությամբ շատերի խաղաքարտերը խառնեց: Սոցցանցերի օգտատերերը շտապեցին «եզրակացնել»`ՀՀ առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի սիրելի Մհերը ունի հնարավոր և անհնարին բոլոր շանսերը: Եվ ի վերջո, վաստակավորի համար պատվաբեր չէ պարտությունը:



Թե այս մասնակիցներից ում բախտ կվիճակվի մնալ եվրոպական մրցույթի պատմության մեջ, կիմանանք ավելի ուշ, սակայն կանխատեսումներ կարող ենք անել և հիմա:



Սևակ Խանաղյանն ու Մհերը Հայաստանը ներկայացնելու համար լավ տարբերակ են, Կամիլը` լավագույն: Եվ ի վերջո Եվրատեսիլ մրցույթին Կամիլը գերազանց մեսսիջ է՝ ուղղված աշխարհին ու այդ թվում՝ մեզ, որ պետք չէ անկարևորն այդքան կարևորել, անտաղանդին տաղանդավոր հռչակել։ Կամիլը Եվրատեսիլի ամբողջ պատմության մեջ տեղի ունեցած մրցույթների մասնակիցների հավաքական ու հակասական կերպարն է՝ տգեղ, անտաղանդ, պոզիտիվ, զվարճալի, երբեմն հմայիչ, տաղանդավոր։



․․․բայց մենք հո լավ գիտենք, որ նա շոու ապահովելու համար է, հակառակ դեպքում ազգը մրցույթը հեռարձակող «Հ1»-ին, մեղմ ասած, «չի ների»։



**Վով Մուշեղյան**