Կոտայքի մարզի դպրոցներում կրճատումներ կլինեն

Կոտայքի մարզի դպրոցներում կրճատումներ կլինեն
Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում կրճատումներ կլինեն: Այդ իսկ պատճառով մարզի որոշ դպրոցների ուսուցիչներ արդեն իսկ աշխատանք են տանում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ, ամեն մեկը իր դպրոց տանելով երեխաներին: Կրճատումները կապված են ֆինասական ճգմաժամի հետ: Ուսուցիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ կրճատումներն էլ ձեւական կլինեն, ով վերեւներում թիկունք ունեցավ, նա կմնա ու կաշխատի. «Դպրոցներում շատ են 65 տարին լրացած ուսուցիչները, նրանցից շատերն ոչ թե բարձրագույն կրթություն ունեն, այլ մեծ հովանավորություն, որ մնացել են դպրոցում: Արդյո՞ք ժամանակը չի նրանք իրենց տեղերը զիջեն բարձրագույն ավարտած երիտասարդներին»:



Կոտայք Կրթություն Մշակույթ ֆեյսբուքյան էջը գրում է, որ Ֆինանսավորման բանաձևի փոփոխության հետևանքով Կոտայքի մարզի դպրոցների մի մասը ստիպված են գնալ կրճատումների, հակառակ դեպքում դպրոցը տարվա կեսին կբախվի լուրջ խնդիրների (կրճատումները վերաբերում են միայն վարչատնտեսական հաստիքներին):



Այս պահի դրությամբ մարզպետարանի համապատասխան վարչությունները դպրոցների տնօրենների և հաշվապահների հետ աշխատում են հաստիքացուցակների վրա: Կոտայքի մարզպետի կողմից կա հստակ հրահանգ` ուսումնասիրել բոլոր հնարավորությունները և նվազագույնի հասցնել կրճատումները: Գաղտնիք չէ, որ դպրոցներում երբեմն ուռճացվում են հենց վերոնշյալ հաստիքները, իսկ իրավապահ մարմինների վերջին բացահայտումները դրա վառ ապացույցն են (գրանցված չաշխատողներ): Հաստիքացուցակները հաստատելուց հետո, մեր հաջորդ պահանջը կլինի դպրոցների կայքէջերում աշխատակիցների նկարները և անուն ազգանունները ներառելը...



Կապ հաստատեցինք Կոտայքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Կարեն Հունանյանի հետ պարզելու, թե քանի ուսուցիչ կկրճատվի եւ ինչո՞ւ են ուսուցիչներն ընկնում տնետուն, մանկապարտեզից- մանկապարտեզ երեխա հավաքագրում: Կարեն Հունանյանը չէր տիրապետում այդ ինֆորմացիային, ասաց, որ հարցերը գրավոր ուղարկենք:



**Նելլի Կարապետյան**