Մասիվցիները պնդում են՝ թաղային հեղինակություն «Դմբուզ» Հենդոն դանակահարության գլխավոր մեղավորն է

Մասիվցիները պնդում են՝ թաղային հեղինակություն «Դմբուզ» Հենդոն դանակահարության գլխավոր մեղավորն է
Էլեկտրոնային տարբերակով մեր խմբագությունը նամակ է ստացել Նոր Նորքի 5-րդ զանգվածի մի խումբ բնակիչների կողմից, որտեղ ներկայացված է, թե նոյեմբերի 16-ին՝ Նանսենի 4 հասցեում կատարվել է դանակահարություն, իսկ դրա գլխավոր մեղավորին իրավապահները չեն հարցաքննում։ Նամակի մեջ, մասնավորապես, ասված է․ «Ցանկանում ենք ձեր միջոցով տեղեկացնել հանրությանը և իրավապահ մարմիններին, որ նոյեմբերի 16-ին մեր բակում`Նանսենի 4 , կատարված դանակահարության դեպքի մասին:Հայտնում ենք ձեզ ,որ դեպքի գլխավոր մեղավորը դանակահարվածներից Ռոբերտ Մանուկյանի հայրն է`Հենդո Մանուկյանը, որը ավելի շատ հայտնի է «Դմբուզ» մականվամբ: Այդ օրը երեկոյան մոտ 10-ը ջիպ մակնիշի մեքենաներով գալիս են հաշվեհարդար տեսնեն մեր բակի երեխաների հետ՝ իր սանիկի և մեր բակի երեխաների միջև տեղի ունեցած վիճաբանության պատճառով: Այդ ժամանակ բակի տղաներից Չախկալը մոտենում է Հենդոյին ,հույս ունենալով հարթել իրավիճակը ,բայց Հենդոն ոչ սթափ լինելով զենքով հարվածում է նրա դեմքին, որից հետո սկսվում է ծեծկռտուքը, որի արդյունքում դանակահարվում են այդ երեքը: Մինչև այսօր բոլորը հարցաքննվում են,բացի գլխավոր մեղավոր Հենդո Մանուկյանից։ Լինելով այդ երեխաների կրկնակի տարիքին, նա փոխարեն հաշտեցներ, հակառակը՝ նրանց դրդեց արյունահեղության: Այս ամենը ճշտելու համար բավական է տեսնել Չախկալի `զենքով այլանդակված դեմքը և մեզ ազատեն Հենդոյի նման չարիքից: Հուսով ենք որ իրավապահ մարմինները հետամուտ կլինեն ճշմարտության բացահայտմանը»։



Այս գործը քննվում է Քննչական կոմիտեում։ Փորձեցինք պարզել՝ իսկապես Հ․Մանուկյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ։ ՔԿ-ից մեզ չտրամադրեցին հստակ պատասխան։ Մեր հարցմանը պատասխանել են․ «2017 թ նոյեմբերի 16-ին, «Սուրբ Գրիգորի Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 երիտասարդ։ Ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում պարզել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել է քննչական խումբ , մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները , միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններն անհատակցնելու ուղղությամբ»։



ՔԿ-ից փոխանցել են նաեւ, որ գործով հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ․ «Նախաքննությունը շարունակվում է։ Քննության շահերից ելնելով նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն հարցաքննված անձնանց շրջանակը եւ նրանց տված ցուցմունքները»։



Նշենք, որ Դմբուզ անունը առաջին անգամ չէ, որ ծեծկռտուքի հետ է կապվում: 2010 թվականին Նոր Նորքի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմացի մայթին գտնվող սրճարանում տեղի էր ունեցած «ռազբորկա», որին, ըստ շրջանառվող լուրերի, մասնակցել են աբովյանցիներ` ԲՀԿ կրծքանշաններով, եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում` մասիվցի Դմբուզ Հենդոն եւ Երրորդմասցի Հոնչը: Դեպքի վայրում էր եղել նաեւ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը` իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ում հետագայում իրավապահները խուզարկել էին։