Նոր օրենքը ենթադրում է նոր համագումար եվ նոր ընտրություններ

Նոր օրենքը ենթադրում է նոր համագումար եվ նոր ընտրություններ
Նախօրեին Ազգային ժողովը 92 կողմ ձայնով միաձայն ընդունել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը դեռ 2016-ի դեկտեմբերին ընդունվել էր կառավարության կողմից։



Ինչպես Ճարտարապետների միության նախագահ **Մկրտիչ Մինասյանն** է նկատում, օրենքն ԱԺ-ում հաստատվելուց հետո պետք է ստանա նաեւ նախագահի հաստատումը, որից հետո միայն օրենքի ուժ կստանա։ Մկրտիչ Մինասյանը խոստանում է առաջիկայում օրենքը ներկայացնել թե՛ լրագրողներին, թե՛ միության անդամներին, ինչը, հավանաբար, կլինի արդեն Նոր տարուց հետո։ Ինչ վերաբերում է քննարկումների ընթացքին, ապա, ըստ նրա, ԱԺ-ում քննարկումների ժամանակ տարակարծություններ շատ չեն եղել, թերեւս միայն այն, որ որոշ կետեր համապատասխանեցվեն Սահմանադրության հետ․ «Այդ բոլոր վիճելի հարցերը հանձնաժողովների քննարկման ժամանակ ուղղվել են մեր մասնագետների հետ միասին»։ Նկատենք, որ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը մշակվել է ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի եւ Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ:



Թե օրենքը որքանով է գոհացնում ճարտարապետներին, որքանով է պաշտպանում նրանց շահերը, միության նախագահը չի բացառում, որ որոշ ճարտարապետների մոտ կարող են դժգոհություններ առաջանալ օրենքի այս կամ այն կետերի հետ կապված, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա, մեծ մասը կողմ է եղել օրենքին․ «Նաեւ կողմ էին, որովհետեւ արդեն քանի տարի է՝ քննարկումներ էին գնում, կլինեն մարդիկ, ովքեր ինչ-ինչ կարծիքներ կունենան, բայց մենք դեռեւս կանոնադրություն պետք է մշակենք՝ ելնելով այդ օրենքի դրույթներից, ուստի առաջարկում ենք բոլորին միասին աշխատել այդ կանոնադրության վրա, որպեսզի կանոնադրության մեջ որեւիցե մի բան բաց չթողնենք»։



Համաձայն օրենքի՝ ստեղծվելու է Ճարտարապետների պալատ, որը դառնալու է Ճարտարապետների միության ժառանգորդը․ «Մենք ոչ թե զրոյից ենք սկսելու, այլ մեր ունեցած ամբողջ ժառանգությունը պահպանվելու է, ուղղակի մի նոր քայլ է արվում այսօրվա պահանջներին համապատասխան։ Կան նաեւ կառուցվածքային փոփոխություններ, կլինեն մասնագիտական բնույթի գործող հանձնաժողովներ, հանձնախմբեր, որոնք կանեն համապատասխան գործառույթներ։ Դրա համար պետք է կանոնադրություն մշակվի, որը մեկ ամսվա ընթացքում պետք է անենք, դնենք կքննարկման եւ ներկայացնենք մարդկանց»։



Նոր կանոնադրությունը ենթադրում է նոր համագումար, սա էլ իր հերթին՝ նոր նախագահի ընտրություններ՝ որոշակի կառուցվածքային փոփոխություններով, մասնավորապես կանոնադրության մշակումից հետո, կհայտարարվի պալատի նոր նախագահի ընտրությունների համար մրցույթ։ Ինչ վերաբերում է իրեն, ապա իր իրավունքը որեւէ կերպ սահմանափակված չէ՝ նորից առաջադրվելու համար։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**