Կապանի համայնքապետին դուր չի գալիս, որ «կպնում» են իր աշխատավարձին

Կապանի համայնքապետին դուր չի գալիս, որ «կպնում» են իր աշխատավարձին
Նախօրեին լուր էինք տպագրել խոշորացված Կապան համայնքի նոր աշխատակազմի աշխատավարձերի «ճոխ» դրույքաչափերի մասին: Արձանագրել էինք, որ համայնքի ղեկավարի աշխատավարձը «նկատելիորեն բարձրացել է» եւ նախկին 240-ի փոխարեն այժմ կազմում է 400 հազար դրամ: Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանն արձագանքել է մեր հրապարակմանը եւ փորձել հիմնավորել աշխատավարձերի վերանայման պատճառները: «Նախ՝ Կապան համայնքի ղեկավարի վարձատրության չափը եղել է ոչ թե 240 հազար, այլ՝ 275 հազար դրամ. եթե ձեզ համար համայնքի ղեկավարի աշխատավարձը 400 հազար դրամ սահմանելու չափը համարվում է «նկատելիորեն» եւ «ճոխ» բարձրացում, ապա հավանաբար տեղյակ չեք, որ Հայաստանում համայնքների խոշորացման համատեքստում բնակավայրերի ամենախոշոր միավորումը տեղի է ունեցել հենց Կապանում. Կապան քաղաքին է միացել եւս 31 համայնք (38 բնակավայր)»,-մասնավորապես նշված է Հայրապետյանի պատասխանում: Թե ինչու է համայնքապետը կարծում, որ Կապանի խոշորացման  լուրը մեզ չի հասել՝ հայտնի չէ: Նա հավանաբար մոռացել է, որ Կապանում ՏԻՄ վերջին ընտրություններից առաջ  ընդարձակ հարցազրույց ենք վարել հենց իր հետ՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածուի։ Անհասկանալի է նաեւ, թե ինչու է Հայրապետյանը դեմ, որ մենք «նկատելի» համարենք իր աշխատավարձի բարձրացումը, հատկապես, որ այն չնչին չէ, այլ 275-ից բարձրացել է 125 հազարով, այսինքն՝ մոտ 45,50 տոկոս: Ուշագրավ է նաեւ, որ համայնքապետարանի պաշտոնական կայքում համայնքի ղեկավարի կենսագրականին վերաբերող տեղեկանքում որպես աշխատավարձի չափ նշված է հենց 240 հազար դրամը, որտեղից օգտվել ենք մենք, թեեւ այս տարվա սկզբում ավագանու համապատասխան որոշմամբ այն ավելացվել է՝ դառնալով  275 հազար: Կայքը, փաստորեն, մոլորության մեջ է գցում այցելուներին:



Կապանի համայնքապետն իր պատասխանում աշխատավարձերի բարձրացումը հիմնավորել է այսպես. «…Համայնքի կազմում նոր բնակավայրերի եւ սպասարկվող բնակչության թվի ավելացումներով մեծանում է համայնքապետարանի ու նրա աշխատակիցների աշխատանքի ծավալը, ուստի որեւէ անբնական երեւույթ չկա այս փոփոխություններում: Տեղեկացնենք, որ աշխատավարձերի հաշվարկման համար հիմք է ծառայում ՀՀ «ՏԻՄ մասին» օրենքը, ըստ որի՝ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանված տոկոսաչափերով՝ Կապանի դեպքում (20001-75000 բնակիչ)՝ 71.04 տոկոս (Կապանում բնակչության թիվը 45 հազար 146 է՝ խմբ.): Աշխատակազմի եւ համայնքային հիմնարկների յուրաքանչյուր աշխատողի դրույքաչափը, ըստ նույն օրենքի, չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի (Կապանի դեպքում՝ 20001-75000 բնակիչ) 81.26 տոկոսը: …Բացի դրանից, հաստիքների եւ դրույքաչափերի սահմանման ժամանակ համայնքապետարանն առաջնորդվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից խոշորացված համայնքներին տրամադրված մեթոդական ուղեցույցով եւ այնտեղ սահմանված չափորոշիչներով ու առանց դրանց խախտման: Նաեւ, ըստ նույն ուղեցույցի, համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված պաշտոններն զբաղեցնող աշխատակիցների աշխատավարձերի հանրագումարը չպետք է գերազանցի համայնքի սեփական եկամուտները, ինչը եւ պահպանվել է Կապանի համայնքապետարանի պարագայում»:                                                                                                                                  



**ՀԳ**. Համայնքների խոշորացման հիմնական գրավականը համարվում էին տեղական բյուջեի խնայողությունը, համայնքային իշխանությունների աշխատակազմերի ուռճացված աշխատավարձերի կրճատումն ու խնայված միջոցները համայնքային խնդիրների լուծմանը ծառայեցնելը: Իսկ ՏԻՄ օրենքի 28 հոդվածը, ճիշտ է, սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնական դրույքաչափը, բայց շեշտում է՝ «մինչեւ» բառը, ինչը նշանակում է, որ համայնքապետարանին է թողնված չափը որոշելու իրավունքը, ինչից էլ օգտվել են կապանցիներն ու Կապանի քաղաքապետը։ Նշենք, որ Կապան համայնքի 2017 թ. փետրվարին աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը 70 էր, խոշորացումից հետո այդ թիվը գրեթե կրկնակի աճել է՝ 134 հոգի: Էականորեն ավելացվել են նաեւ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը: Համայնքի ղեկավարը նախկինի պես ունի ռեֆերենտ, մամուլի քարտուղար, օգնական, այժմ արդեն մեկի փոխարեն՝ 2 խորհրդական: Վերջիններս ստանում են 180 հազար դրամ՝ նախկին 154 հազարի փոխարեն: Օգնականը՝ 250 հազար՝ նախկին 176-ի փոխարեն, ռեֆերենտն ու մամուլի քարտուղարը՝ 180 հազար՝ նախկին 143 հազարի փոխարեն: Իսկ աշխատակազմի քարտուղարը՝ 320 հազար՝ նախկին 214 հազար 500-ի փոխարեն: Աշխատակազմն այժմ 3 գլխավոր մասնագետ ունի: Բարձրացվել են նաեւ սպասարկող անձնակազմի աշխատավարձերը:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**