Մենք կզրկվենք մեր ապրուստի միջոցներից․ Արդվիի բնակիչները նամակով դիմել են վարչապետին

Մենք կզրկվենք մեր ապրուստի միջոցներից․ Արդվիի բնակիչները նամակով դիմել են վարչապետին
Արդվի գյուղի 78 բնակիչներ հերթական անգամ Շեկաղբյուրի ծրագրի դեմ նամակով դիմել են կառավարությանը։



Բնակիչները պահանջում են, որպեսզի Արդվիի շրջանում դադարեցվի հանքարդյունաբերությունը և վերացվեն գյուղի տնտեսական և սոցիալական զարգացման խոչընդոտները:



Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ ստորև․



«Հարգարժան պարոն վարչապետ, մենք` ՀՀ Լոռի մարզի Արդվի գյուղի բնակիչներս, դիմում ենք Ձեզ ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի տնտեսական և սոցիալական զարգացման խոչընդոտները վերացնելու խնդրանքով: 2016թ-ի դեկտեմբերի 20-ի Արդվի համայնքի ավագանու թիվ 34-Ն որոշմամբ հաստատվեց ՀՀ Լոռու մարզի Արդվի համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը: 2017թ-ի համայնքային խոշորացումից հետո, երբ Արդվին ընդգրկվեց Օձուն համայնքի կազմում, այս ծրագիրը փոփոխության չի ենթարկվել և լիովին համապատասխանում է Արդվի գյուղի պոտենցիալին և նպատակներին:



Արդվիում զարգացած է բանջարաբուծությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունը: Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Արդվիում է գտնվում 8-րդ դարի «Սուրբ Հովհան եկեղեցին», որտեղ հանգչում է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում է ամփոփված ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային դամբարանը: Այստեղ է գտնվում Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, բազմաթիվ խաչքարեր` տեղադրված գյուղի տարածքում:



Արդվին ընդգրկված է «Թումանյան աշխարհ» տուրիստական կենտրոնում: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը 20 համայնքների թվում ընտրել է նաև Արդվի գյուղը գյուղական զբոսաշրջություն զարգացնելու նպատակով: Հիմնվելով այս ամենի վրա` Արդվու 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրով նախատեսվում է գյուղական և պատմամշակութային տուրիզմի զարգացում, «Սուրբ Հովնան Օձնեցի» վանքի հարևանությամբ իջևանատան կառուցում, ինչպես նաև ամառային հյուրանոցային քոթեջների, հյուրատների, տաղավարների և սննդի կետերի կառուցում, կաթի վերամշակման արտադրության ստեղծում:



Հանքարդյունաբերության զարգացումը ոչ մի կերպ ներառված չէ մեր գյուղի զարգացման ուղղություններում, ինչը նաև հաստատված է ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված Արդվի համայնքի վերաբերյալ տեղեկատվությամբ. «Ունի բազմամետաղների հանքերի առանձին ելքեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն»:



Արդվիի հնգամյա զարգացման ողջ ծրագիրը և մեր բոլոր ջանքերը` ուղղված այս ծրագրի իրականացմանը, կհավասարվեն զրոյի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության ծրագրի իրականացման արդյունքում: «Միռամ» ՍՊԸ-ն կրկին ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության համար հայտ է ներկայացրել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար: Հայտով նախատեսվում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Մղարթի 54 հա վարչական տարածքում: Այդ տարածքի անմիջական ազդեցության գոտում հենց Արդվի գյուղն է, որի խմելու և ոռոգման ջրերը գալիս են այս տարածքից: Ցանկացած լեռնահանքային աշխատանք կարող է անդառնալի վնաս հասցնել մեր գյուղին: Մենք կզրկվենք մեր ապրուստի միջոցներից, անասնապահությամբ, հողագործությամբ և տուրիզմով զբաղվելու հնարավորությունից»: