«Մոլերը» գնորդ գրավելու հնարքներ են մտածում

«Մոլերը» գնորդ գրավելու հնարքներ են մտածում
Վերջերս Երեւանում բացվեց հերթական մոլը՝ «Ռիո»-ն, որը կարող է լուրջ մրցակից լինել արդեն գործող եւ իրենց մշտական այցելուներն ունեցող առեւտրային կենտրոնների համար։ Իսկ «մոլերն» ու առեւտրի մեծ կենտրոնները մեզանում քիչ չեն՝ հավանաբար, մեկ շնչին ընկնող «մոլերի» թվով մենք աշխարհում առաջնակարգ տեղերից մեկն ենք զբաղեցնում։ Եվ բնական է, որ պոտենցիալ մրցակիցների ավելանալն ստիպում է երեւանյան «մոլերի» ադմինիստրացիաներին միշտ զգոն լինել, ճկուն զեղչային համակարգեր կիրառել, մարկետինգի կանոններով աշխատել եւ նոր նախաձեռնություններով հանդես գալ՝ գնորդներին գրավելու համար։ Ոմանք համալրում են իրենց խանութներն արդեն հայտնի բրենդներով, մյուսներն էժան ապրանքներով են փորձում գրավել միջին եւ միջինից ցածր սոցիալական վիճակում գտնվող խավերին, ոմանք սննդի կետերն են ավելացնում՝ տուրք տալով ավելի «պոպուլյարներին», կինոթատրոններ են բացում, մանկական զվարճանքների սրահներ։ Անցած շաբաթ, օրինակ, մեր առեւտրի սրահները միացել էին համաշխարհային զեղչային ակցիային՝ «Սեւ ուրբաթ՝ black Friday» անվանմամբ։ Այդ օրը «մոլեր» այցելած գնորդները վկայում են, որ անասելի մեծ հոսք է եղել, եւ այդ հոսքին նայելով՝ դժվար էր պատկերացնել, որ սա սոցիալապես անապահով բնակչություն ունեցող Հայաստանն է։ Զեղչերը, անշուշտ, շոշափելի էին՝ սկսած 10 տոկոսից մինչեւ 70 տոկոս, բայց գնորդների քանակը գերազանցել է առեւտրականների սպասելիքները։



Երեւանյան «մոլերի» մարկետինգային քայլերից մեկն էլ խաղարկություններ կազմակերպելն է, որին կարող են մասնակցել գնումներ կատարող բոլոր այցելուները՝ իրենց կտրոնների հիման վրա։ Նման խաղարկությունները յուրահատուկ միջոց են գնորդ գրավելու համար, գնումների հաշվին ինչ-որ միավորներ, մրցանակներ տալն ստիպում է, որ հաջորդ անգամ սպառողը նորից այցելի քո «մոլ», ավելի եռանդուն առեւտուր անի, որպեսզի շահելու շանսերը մեծանան։ Ընդ որում՝ շահումներն էլ փոքր չեն՝ ավտոմեքենաներ, թանկարժեք տեխնիկա եւ այլն։ «Մոլ» մտնողներին հենց մուտքի մոտ դիմավորում է գեղեցիկ զարդարված «շահում-նվերը», որը հոգեբանական լուրջ ներգործություն է ունենում հաճախորդների վրա։



Սակայն արի ու տես, որ այստեղ եւս ամեն ինչ հարթ չէ։ Մինչ «մոլերի» տնօրինությունները փորձում են գրավել սպառողին՝ իրենց «մոլն» ավելի գայթակղիչ դարձնելով ու նման ծախսաշատ ակցիաներ կազմակերպելով, պարզվում է՝ «մոլի» մեջ առանձին առեւտրի սրահների ու խանութների աշխատակիցներ «թիկունքից հարված են հասցնում» կազմակերպիչներին։ Մենք տեղեկացանք, որ որոշ անբարեխիղճ առեւտրականներ վաճառված ապրանքների կտրոնները պահում են իրենց մոտ, որ մասնակցեն խաղարկություններին։ Երբ մեկը մի կտրոնի փոխարեն հարյուրավոր կտրոններ է գցում, բնականաբար, շարքային գնորդի շահելու շանսը նվազագույնի է հասնում, իսկ իր շանսերը հարյուրապատիկ մեծանում են։ Առեւտրային կենտրոնների տնօրինությունները, իհարկե, միամիտ չեն եւ գիտեն այս վտանգի մասին, ուստի ոչ միայն պարբերաբար զգուշացնում են աշխատակիցներին, այլեւ տեսահսկման միջոցով հետեւում՝ արդյո՞ք կտրոններ տրամադրվում են գնորդներին, թե ոչ։ Մեզ ասացին, որ որոշ «մոլերում» դա լուրջ խնդիր է, եւ այս թեմայով տհաճ միջադեպեր էլ են գրանցվել։



 



**Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ**