ԱՆ-ն հրաժարվում է ընդունել ՌԴ-ում դատապարտված ՀԵԿ նախկին ղեկավարին

ԱՆ-ն հրաժարվում է ընդունել ՌԴ-ում դատապարտված ՀԵԿ նախկին ղեկավարին
Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին ղեկավար Սարգիս Ասատրյանը, ով ձերբակալվել էր Ռուսաստանում 2013 թվականին եւ ապա դատապարտվել 12 տարվա ազատազրկման, արդեն 4,5 տարի գտնվում է անազատության մեջ, թեեւ վճիռը բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում: Սարգիս Ասատրյանի պաշտպան Սամվել Աբգարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է` բանտային պայմանների, բուժօգնության բացակայության եւ ոչ որակյալ սննդի պատճառով: Նա ՀՀ քաղաքացի է եւ միակ քաղաքական գործիչն է, որը գտնվում է անազատության մեջ ՀՀ սահմաններից դուրս: Փաստաբանը նշել է, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարությանը, պատրաստակամություն հայտնելով արտահանձնել Սարգիս Ասատրյանին, սակայն Հայաստանի արդարադատության նախարարությունը հրաժարվել է ընդունել Ասատրյանին: Փաստաբան Սամվել Աբգարյանը մանրամասնել է, որ Հայաստանի արդարադատության նախարարությունից պարզաբանել են, որ Ասատրյանին Հայաստան տեղափոխելու որոշումը պետք է կայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:



Արդարադատության նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենք 21.02.2017թ-ին կրկին դիմում ստանալով Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Սարգիս Ասատրյանից, ուսումնասիրել են դիմումին կից փաստաթղթերը և հաշվի առնելով գործով ձեռք բերված հիմքերը՝ պատժի մնացած մասը կրելու համար Ս. Ասատրյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն, կրկին գտել են ոչ նպատակահարմար․ «Նշենք, որ դատապարտյալների փոխանցումը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրականացվում է «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) դրույթներին համապատասխան: Կոնվենցիայի բացատրական զեկույցի 10-րդ կետի համաձայն՝ Կոնվենցիան չի պարտավորեցնում կողմերին տրամադրել դատապարտյալների փոխանցման վերաբերյալ միջնորդության մերժման հիմքերը: Ըստ Կոնվենցիայի պայմանավորվող կողմերը փոխանցման վերաբերյալ միջնորդությունը մերժում կամ բավարարում են իրենց հայեցողությամբ»:



Անդրադառնալով փաստաբանի այն հայտարարությանը, թե նրան տեղափոխելու որոշումը պետք է կայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պարզաբանել են, որ այն իրականությանը չի համապատասխանում, քանի որ ՀՀ օրենսդրությամբ ՀՀ Նախագահը դատապարտյալների փոխանցման հետ կապված որևէ լիազորություն չունի: