Ուշ լինի՝ նուշ լինի՞

Ուշ լինի՝ նուշ լինի՞

Ինչպես և սպասվում էր, գործող իշխանությունը տապալեց Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացումը: Ինչը պետք է տեղի ունենար ընդդիմության միակ օրակարգով՝ հայտարարվեր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Երբ ժամանակին Սերժ Սարգսյան էի քննադատում այս կամ այն գործընթացի առումով, չէի պատկերացնում, որ մի դժգույն օր երկրի ղեկավար կկարգենք մեկին, որը հաղթական երկու պատերազմից հետո կփորձեր թշնամուն նվիրել Արցախը: Իսկ պետական համարյա ողջ համակարգն էլ ստրուկի նման կպահեր իրեն: Եվ չէր համարձակվի իր մեջ համարձակ նախնիների շունչը բացահայտել և ոչ ասել Նիկոլի ազգակործան պլաններին: Եվ այդ դեպքում չէր լինի հունիսի 3-ի ընդդիմության ակցիայի՝ արտահերթ նիստ անցկացնելու, իսկ այնուհետև երկուս ու կես ժամով կառավարության շենքը շրջափակելու կարիքը: Եվ անհանգստություն պատճառելու մանր ու միջին այն չինովնիկներին, ովքեր իրենց ֆիքսված աշխատավարձերից կառչած՝ չեն դրսևորում ազգային արժանապատվություն և Նիկոլին ոչ ասելու համարձակություն: Ինչպես նաև անհանգստություն պատճառելու այն շարքային կամ կիսաշարքային քաղաքացիներին, ում համար հայրենիք հասկացություն ընդամենը ոչինչ չասող հնչյունների համախումբ է՝ ոչ ավելի:

Բնական է, որ արժանապատվությամբ ու համարձակությամբ չէր փայլելու նաև այն անձը, որ խեղճացրել է խեղճանալու պատրաստ մարդկանց: Պատրաստ խեղճանալու, քանի որ դրան է դրդում նրանց սոցիալական կարգավիճակը՝ պետական պաշտոնյա լինելը: Եվ կրկին բնական է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ծածուկ փախչեր կառավարության շենքից, երբ հայտարարվեց, որ ընդդիմությունն Ազգային ժողովից շարժվելու է դեպի Հանրապետության հրապարակ: Եվ փախչեր հենց կառավարության առանձնատներ, քանի որ կեցության համար դրանք շատ ավելի հարմարավետ են, քան ՊՆ բունկերը: Եվ դրանք շրջապատելու ոստիկանական հսկայական լրակազմով՝ բողոքավոր զանգվածների շրջափակումից զերծ մնալու համար: Չնայած կարծում եմ, որ ինքը չի կարողանալու երկար վայելել ոստիկանական պատնեշի պաշտպանությունը: Եվ հեռու չէ այն օրը, երբ նրան չեն փրկելու բարձր պարգևավճարներով կամ աշխատավարձերով պետականորեն կաշառվող ոստիկանական կուռ շարքերը: Եվ նա ստիպված է լինելու մեղա գալ ողջ երկրի առջև: Մեղա գալ թե՛ հազարավոր զոհերի և թե՛ Արցախի կորստի համար: Եվ իրապես խոնարհվել թե՛ զոհերի հարազատների, թե՛ հաշմանդամ դարձած անձանց և թե՛ տուն ու տեղ կորցրած արցախցիների առաջ: Մեղա գալ նույնիսկ այն ոստիկանների առջև, որոնց դեռևս կարողանում է օգտագործել որպես քաղաքական գործիք:

Մեկ ու կես տարի առաջ բողոքավոր ժողովուրդ-ոստիկանական պատնեշ հակամարտությունն ավարտվեց Նիկոլի հաղթանակով: Կարծում եմ, որ դիմադրության ղեկավարները վերլուծել և հաշվի են առել նախորդ շարժման անհաջողության պատճառները: Ենթադրում եմ, որ վերլուծվել են նաև ընթացիկ շարժման սկզբնական շրջանի ձեռբերումների և ձախողումների պատճառները: Խոսքը վերաբերում է զուտ Նիկոլին պաշտոնից հեռացնելու գործընթացին: Այսօր արդեն կարող եմ ասել, որ հիմնական բացասական գործոնը Արթուր Վանեցյանի կողմից հրապարակ նետված այն գաղափարն էր, թե Նիկոլի հեռացումին մնում են հաշված օրեր: Դա ակնհայտ էր արդեն մայիսի կեսերին, սակայն թե՛ նախորդ և թե՛ ընթացիկ շարժման օրերին պահպանել եմ շարժման վերաբերյալ ոչ մի քննադատական խոսք՝ վարքագիծը: Բայց քանի որ արդեն անհայտ է, որ դեռևս անորոշ ժամանակ է մեզ բաժանում Նիկոլին պաշտոնից հեռացնելու պահից, ապա վանեցյանական գաղափարի սխալ լինելն էլ է ակնհայտ: Ի դեպ, շարժման սկզբում գնահատելով Ազատության հրապարակ դուրս գալու նրա քայլը, մտածեցի, որ նա կարող է առաջնորդել շարժումը: Բայց բնավորությամբ բավարար չափով կոշտ չլինելը, ինչն արձանագրել էի արդեն այն ժամանակ, պատճառ դարձավ, որպեսզի Վանեցյանը զիջի իր դիրքերը: Այսօր արդեն հստակ է, որ համակարգողի դերն իր վրա է վերցրել դաշնակցական Իշխան Սաղաթելյանը: Ինչը նաև նորմալ է այն առումով, որ հենց դաշնակցական երիտասարդներն են բողոքավորների առաջին շարքերում:

Ասեմ, որ հիանալի էր Սաղաթելյանի կողմից ձևակերպված այն արտահայտությունը, որ Ազգային ժողովի քպ-ական մեծամասնությունը լքել է խորհրդարանը, իսկ Նիկոլն էլ՝ կառավարության շենքը, և որպես իշխանության կրող հանդես է գալիս հրապարակում հավաքված ժողովուրդը: Եվ, ինչը պակաս կարևոր չէ, Նիկոլը փախավ կառավարությունից, որպեսզի չառերեսվի ժողովրդի հետ: Այն ժողովրդի հետ, որոնցից յուրաքանչյուըր իբրև թե վարչապետ էր և իրավունք ուներ ոտքով բացելու կառավարության շենքի դուռը: Ինքը դա կրկնեց մեկ-երկու անգամ, և կարծում եմ, որ դա պետք է կրկնվի անընդհատ: Որովհետև բազմաթիվ անգամ ասված խոսքը քար ծակող ջրի նման մարդկանց համոզմունքը դառնալու և դրանով կյանքի կոչվելու հատկանիշ ունի: Հատկապես եթե այն ճշմարտություն է և համապատասխանում է մարդկանց ակնկալիքներին: 

Ինչ մնում է հունիսի 3-ին կառավարության առանձնատների մոտ ոստիկանության դրսևորած չափից դուրս վայրագությանը, ապա դա, նախ, Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի սարսափի դրսևորումն է: Սարսափի, քանի որ բողոքավոր զանգվածը մոտեցել է իր ապրելավայրին, իսկ ինքը, ենթադրաբար, օժտված է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակով: Եվ երկրորդ՝ հեռացող իշխանության՝ ասպարեզում մնալու վերջին ճիգերի արտահայտությունն է: Սակայն այն արդեն ոչ թե մարդկանց մեջ վախ սերմանելով՝ ստիպում է լքել հրապարակը, այլ ավելի է մոբիլիզացնում: Հատկապես լուսաձայնային նռնակի արձակումը. դրա ազդեցության շոկն անցնում է (անձնական փորձից գիտեմ), սակայն ուժեղանում է ատելությունն իշխանության նկատմամբ: Եվ մի գեղեցիկ օր վայրագությունների արդյունքն անձամբ կտեսնի քաղաքացի Փաշինյան Նիկոլը և «խելքի կգա»: Բայց վախենամ, որ արդեն ուշ լինի: Եվ այդ ուշն էլ հաստատ չի լինելու մեր ժողովրդի ասած՝ «Ուշ լինի՝ նուշ լինի» ասացվածքը: