Բարելավում են, բայց դեռ չեն բարեփոխվում

Բարելավում են, բայց դեռ չեն բարեփոխվում
Մեր ճանապարհային ոստիկանությունը վերջին տարիներին ամեն գնով ճգնում է «գաիշնիկից» վերածվել քաղաքակիրթ երկրին հարիր ճանապարհային ոստիկանության, բայց ինչ-որ բան չի ստացվում։ Ոչ խցանումներն են պակասում, ոչ կոռուպցիան է նվազում, ոչ բարեկիրթ ու հանրությանը ծառայող ոստիկաններ ենք ունենում։ Մինչդեռ, ՃՈ տեսուչը, ըստ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի, պարտավոր է տուգանելուց զատ նաև նախազգուշացնող, տեղեկացնող, ներող ու օգնող ֆունկցիա կատարել։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ՃՈ պետ Եգոր Կարապետյանի ու նրա տեղակալների հետ, որոնք ներկայացնում էին իրենց կատարած փոփոխությունները։



Օրինակ՝ մինչև տարեվերջ կսկսեն տուգանվել նաև օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաները, որոնք մինչ օրս անարգել խախտումներ են անում ու չեն տուգանվում, քանի որ ՃՈ-ն չգիտի՝ ինչ հասցեով ուղարկել տուգանքը։ Մեկ-երկու ամիս էլ, ու ռուսական, ղազախական կամ վրացական համարներով մեքենաների վարորդներն իրենց տուգանքները ստիպված կլինեն մուծել սահմանը հատելիս։



**-ՃՈ տեսուչները հաճախ չգիտեն իրենց պարտականությունները, գրագետ չեն, և իրենք են օրենք խախտում, հայտնվում դատարանում ու պարտվում քաղաքացիներին, ինչի արդյունքում բյուջեից գումարներ են վճարվում։**



-Չէ, միշտ չի, որ էդպես է։ Մեզ մոտ թվեր կան, խոսուն թվեր են, էնպես չի, որ ճանապարհային ոստիկանությունը անհիմն արձանագրություներ է կազմում։ Դրանք հիմնավորված արձանագրություններ են, բայց պետք է նաև ահսկանալ, որ երբ որ ՃՈ- ծառայողը ծառայողական ավտոմեքենայով խախտում է անում, ինքը միացնումէ իր փարոսիկը, համապատասխան ազդանշան է տալիս, նոր, տեսնելով, որ վթարային իրավիճակ չի ստեղծում, նոր կատարում է այդ խախտումը։



**-Բացի այդ՝ հաճախ են թաքնված ծառայություն իրականացնում, մինչդեռ օրենքում նշվում է, որ պետք է ՃՈ տեսուչը հստակ տեսանելի լինի երթևեկության մյուս մասնակիցներին։**



-Ի՞նչ է նշանակում՝ թաքնված։ Եթե ես և Դուք վարորդ ենք, մեզ տրված է 60 կմ/ժ արագությամբ երթևեկել, մենք պետք է բարի լինենք այդ արագությամբ երթևեկել և չսպասենք՝ այդ հատվածում կա՞ ՃՈ աշխատակից, թե՞ չկա։ Այ էդ ձևի մտածելով է, որ պատահարներ լինում են։ Դուք լավ գիտեք, որ մեր վարորդներն էլ են շատ գրագետ, բանիմաց, և եթե ճանապարհային ոստիկանը չհիմնավորի իր խախտումը, տեսուչը վարչական արձանագրությւոն չի կազմի։



**-Իսկ տեսուչն իրավունք ունի՞ ոչ շրջիկ ձևով, մշտապես կանգնած վիճակում ծառայություն իրականացնել, քանի որ օրենքը կարծես թե ասում է՝ միայն կառավարության որոշմամբ և հատուկ վայրերում են կարող կանգնած ծառայություն իրականացնել։**



-Ուրեմն ծառայությունն իրականացվում է շրջիկ եղանակով, կառավարության 1769-Ն որոշման մասին է խոսքը, բայց շրջիկ ծառայությունը չի ենթադրում անընդհատ շարժման մեջ գտնվել։ Ինքը կարող է կանգնել որոշ հատվածներում՝ ընդմիջումներով, հետևել երթևեկության հոսքերին։ Սա չի նշանակում կանգնած ծառայություն։ Կանգնած ծառայություն իրականացնելու ձևը հետիոտն ծառայությունն է, որը լրիվ այլ պայմաններ ունի։ Դա մեկը մյուսի հետ կապ չունի։



**-Կողային մգեցված ապակիների հարցում ի՞նչ եք անում, այդ սարքերը, որ ասում էիք՝ չեն աշխատում, հիմա սկսե՞լ են աշխատել։**



-Այսօր խնդիրը դրված է դիմապակիները մաքուր պահելու, թաղանթապատումից մաքրելու, և մենք մեծ քանակությամբ աշխատանք ենք տարել, առնվազն 10 հազարն արդեն անցել է, իսկ կողայինների մասով դեռևս բան չենք անում։ Սարքերը կան, բայց քիչ են։ Կլինեն սարքերը, կավելանան, մենք էսօր խնդիրը դրել ենք դիմապակին մաքրելու, վաղը արդեն կլինի խնդիրը դրված առջևի դռների ապակիները։ Մեծ վտանգը դիմապակին է։ Սկզբից, հիշում եք, թաղանթները պոկեցինք, հետո սկսեցինք արդեն գունամշակվածների վերաբերյալ աշխատանք տանել, էդքան հեշտ չի։



**-Հետո այդ թաղանթները սկսեցիք նորից թույլատրել, ինչի հաշվին ինչ-որ մարդիկ սկսեցին լավ բիզնես անել․․․**



-Նման բան չկա ընդհանրապես, ես դա պաշտոնապես ասում եմ։ ՃՈ-ն օրենսդրական նախաձեռնությամբ հիմա հանդես է գալիս, որ խստացնենք։ Խոսքը հիմա դիմապակու մասին է։ Այսօրվա վիճակով կարող են արձանագրություն կազմել, վարորդը բերում ցույց է տալիս, որ պոկել է, մենք բեկանում ենք, հետո նորից փակցնում է։ Մենք ունենք վարորդ, որ մինչև 20-22 հատ արձանագրությւոն ենք կազմել։ Օրենսդրությամբ մենք հանդես ենք եկել, որ եթե առաջին անգամ ներվում է, երկրորդ անգամ էլ չի ներվելու, չի բեկանվելու։



**-Իսկ կողային ապակիների մասո՞վ։ Հիմա եթե ՃՈ տեսուչը տեսնում է, որ որևէ մեքենայի առջևի կողային ապակիները մգեցված են, ի՞նչ է անում։**



-Այսօր նման խնդիր դրված չէ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**