Իտալացիները որոշել են Հայաստանում ուղղաթիռ «քշել»

Իտալացիները որոշել են Հայաստանում ուղղաթիռ «քշել»
Իտալացիները որոշել են Հայաստանում ուղղաթիռային փոխադրումներ կատարել։ Երեկ իտալական  «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչները՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ, հանդիպել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ։ Դրանից առաջ էլ հանդիպել էին ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին։ Այսօր էլ, մեր տեղեկություններով, հանդիպելու են տնտեսական զարգացման եւ ներդրումների, ապա նաեւ ԱԻ նախարարների հետ ու երեկոյան մեկնեն Հայաստանից։



Իտալացիները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները եւ նշել իրենց հետաքրքրվածությունը Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու մասին: Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին դուր է եկել նրանց այս գաղափարը։ Նա նշել է, որ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու անհրաժեշտություն կա: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպման ժամանակ էլ իտալացիները ներկայացրել են իրենց արտադրանքը, եւ առաջարկել են դրանցով դեպի մարզեր ուղեւորափոխադրումներ իրականացնել՝ զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր այլ նպատակներով: Իտալացի մասնագետները նախարարին ներկայացրել են նաեւ իրենց արտադրած ուղղաթիռների մոդելները՝ ընդգծելով դրանց առավելությունները լեռնային պայմաններում շահագործելիս: Իտալացի գործարարները հետաքրքրվել են, թե արդյոք Հայաստանում կա՞ն այնպիսի հիվանդանոցներ, որոնց տանիքները հարմարեցված են ուղղաթիռներ ընդունելու համար եւ այլն։



Այսօր էլ նախատեսված է Սուրեն Կարայանի հետ հանդիպում՝ ըստ էության հստակեցնելու համար ներդրումային հարցերը։ Մենք հետաքրքրվեցինք, թե այս պահին Հայաստանում կա՞ ուղղաթիռային փոխադրում, որից օգտվում են ոչ միայն գերատեսչությունները։ Տրանսպորտի նախարարությունից ասացին, որ ոչ։ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից էլ ասացին, որ ՀՀ օդանավերի պետական ռեգիստրում գրանցված ուղղաթիռներ չկան: Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ  Հայաստանում արդեն կան անհատներ, որոնք ուղղաթիռներ են ձեռք բերել։ Դրանցից մեկը ՀՀԿ-ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, որն իր «Աստղիկ» բժշկական կենտրոնի համար է գնել այն։ Ուղղաթիռ ունի նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**