Սեւակի ստեղծագործության մեջ այլ տողեր էլ կան, պարոն Աբրահամյան

Սեւակի ստեղծագործության մեջ այլ տողեր էլ կան, պարոն Աբրահամյան
Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ճեպազրույցների ժամին Հովիկ Աբրահամյանի համար «գործ դասավորեց»։ Խոսելով Մոնումենտում կառուցված շքեղ առանձնատներից, որտեղ ամենահայտնի դղյակը նախկին վարչապետինն է, Փաշինյանը հեգնեց․ «Ասում են, չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա Հաղթանակի զբոսայգին եւ նրա հարակից տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ»։ Այնուհետեւ որոշեց նախկին վարչապետին, որն այսօր գործազուրկ է, մի «պաշտոն» տալ։ «Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի, կարող ենք նրան այդտեղ գիդ նշանակել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։



Այս հայտարարությունից ժամեր անց Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում հայտնվեց լիրիկական զեղումով մի գրառում, որտեղ ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա։ Նա իր էջում է տեղադրել Պարույր Սեւակի «Մարդ էլ կա, մարդ էլ» հայտնի ստեղծագործությունից մի քառատող․



«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝



Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.



Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,



Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…»։



Թե ինչու է Աբրահամյանն ընտրել Սեւակի ստեղծագործության հենց այս հատվածը եւ ինչ  է ակնարկում սրանով՝ կարող է մեկնաբանել ինքը։ Նկատենք, որ Հովիկ Աբարահամյանի քնարական տաղանդն արթնացավ այն ժամանակ, երբ նախկին վարչապետը պոկվեց «մայր գետից» ու սկսեց կարկաչել որպես «անկախ» մի վտակ։ Այդժամ նա սկսեց իր «բողոքն» արտահայտել ալեգորիաների, պատկերավոր արտահայտությունների եւ լիրիկական զեղումների միջոցով։ Բայց, եթե անկեղծ լինենք, պիտի նկատենք, որ Աբրահամյանն իր հոգեվիճակն արտահայտելու համար շատ այլ տողեր կարող էր ցիտել նույն Սեւակից։ Օրինակ, «Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,



Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում»։ Հատկապես առաջին մասը շատ բնութագրական է այսօրվա իշխանավորներին։ Կարող էր եւ շարունակել ստեղծագործությունն ու հիշել նաեւ այս տողերը․



«Նա, որ ելել է շալակն աշխարհի,



Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,



Գիտի, թե ո՛ւմ հետ եւ ո՛ւր է գնում.



Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս,



Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում,



Ո՛ւմ հետ դինջ նստած նարդի է խաղում,



Հարկ եղած դեպքում եւ տանուլ տալիս...



Վերից է նայում ցածրում կանգնածին,



Չի նայում երբեք ներքեւ ընկածին»։



Հետաքրքիր է՝ Սեւակի ստեղծագործության այս հատվածը կարդալիս ո՞վ է առաջինը գալիս նախկին վարչապետի աչքին՝ ով իր կյանքում դեռ երբեք թաց տեղ չի պառկել եւ շատ լավ գիտի, թե ում հետ նարդի ու «բլոտ» խաղա, երբ այդ խաղը տանուլ տա կամ ինչպես վերեւից նայի ցածրում կանգնածին։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**