Վարչապետը ժամանակ էր խնդրել, մենք տվել էինք՝ հիմա ժամանակն սպառված է

Վարչապետը ժամանակ էր խնդրել, մենք տվել էինք՝ հիմա ժամանակն սպառված է
Ազգային ժողովում «Ծառուկյան դաշինքն» արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Կարեն Կարապետյանի ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծին։ Նախորդ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած բյուջեին, հիշեցնենք, ԲՀԿ-ն ազատ թողեց քվեարկությունը, եւ ով ինչպես ուզեց, քվեարկեց, մեծ մասը՝ կողմ։ Իրենց «դեմ» դիրքորոշումը հիմնավորելու համար բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորները հերթով ելույթներ էին ունենում ու փորձում բացատրել, թե ինչով է այս բյուջեն վատը։ Նրանցից մեկն էլ **Սերգեյ Բագրատյանն** էր։



Նրա համար ամենակարեւոր արգումենտներից մեկն այն է, որ իրենք անթույլատրելի են համարում կրթության եւ առողջապահության ոլորտների թերֆինանսավորումը, այս ոլորտներին հատկացվող բյուջեի կրճատումը։ Կառավարության բացատրությունն էլ իրենց չի բավարարում։ «Որեւէ հոդաբաշխ բացատրություն չկա, ընդամենը կարծես միջոցների բացակայությունն է եւ կապիտալ ծախսերի ավելացման արդյունք՝ հետագայում մեծ արդյունք ստանալու ակնկալիքն է։ Այս ռազմավարության գործելու արդյունքում որոշել են, որ կրթությունն ու առողջապահությունը կարող են տուժել առնվազն երեք տարի։ Այսինքն՝ մենք վտանգավոր զարգացման հիմքեր ենք դնում»,- մեզ հետ զրույցում բացատրեց Բագրատյանը։



- **Հովիկ Աբրահամյանի կառավարությունն արձանագրեց 3.2 տոկոս տնտեսական աճ, այս տարի կունենանք մոտ 4.5 տոկոս աճ։ Սա Ձեզ համար դրակա՞ն արդյունք է, թե՞ չեք վստահում այս թվերին**։



- Ցանկացած աճ ընդունելի եւ հասկանալի է, բայց աճի նման տեմպերն անընդունելի են, որովհետեւ մեր երկրի տնտեսության վիճակն այնպիսին է, որ մենք փոքր քայլերով այլեւս ժամանակ չունենք արդյունք ակնկալելու, մեզ պետք են հստակ այսօրվա ռեալ քաղաքական իրողությունները, այսօրվա տնտեսության բաց հարաբերությունները, նաեւ՝ մրցակցային հարաբերություններ եւ ազատ մրցակցային տնտեսական դաշտ, որը չկա, գոյություն չունի։



- **Այս ամենը նախորդ կառավարության թողած ժառանգության հիման վրա է, եւ նոր կառավարությունը փորձում է տնտեսության ծանր վիճակը 2017-2022 թթ․ հնգամյա ծրագրով թեթեւացնել**։



- Ես բազմիցս նշել եմ, մեկ անգամ եւս նշեմ՝ ո՛չ այս կառավարության անդամների հետ որեւէ անձնական հարց ունենք, ո՛չ էլ նախկինի։ Համենայնդեպս, ես որեւէ մեկի հետ անձնական հարց չունեմ։ Ինձ մտահոգում է այս կառավարությունների հերթագայման մեջ մեր պետության անընդհատ անվստահ քայլերի պրոբլեմը։



- **Դուք անձնական հարց գուցե չունեք, բայց Ձեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խնամիական կապ ունի նախկին վարչապետի հետ, եւ դրանով է նաեւ բացատրվում ժամանակին մեղմ, հիմա՝ կոշտ վերաբերմունքը**։



- Պարոն Ծառուկյանը քաղաքական երկրորդ ուժի ղեկավարն է, անկախ իր բարեկամական, խնամիական կապերից՝ նա պետական մտածողություն կրող է։ Պարոն Ծառուկյանը լավ գիտակցում է, որ առանց հզոր գոյության որեւէ բիզնես կամ որեւէ բարեկամի գոյությունը ոչինչ չի տալիս։ Այսինքն՝ եթե մենք չունենք նորմալ երկիր, հզոր երկիր, քո բարեկամն ինձ ինչո՞վ պետք է օգնի կամ իմ բարեկամն ինձ ինչո՞վ պետք է օգնի։ Այսինքն՝ մենք գլխավորը թողած՝ երկրորդական հարցերի շուրջ չպետք է մտորենք։ Եվ պարոն Ծառուկյանի պես հզոր քաղաքական թիմի առաջնորդի համար առաջնահերթ է պետականության ամրապնդումը եւ ոչ թե բարեկամական կապերը։



- **Այդ դեպքում ինչո՞ւ ժամանակին այսպիսի բուռն էնտուզիազմով չէիք քննադատում Հովիկ Աբրահամյանին ու նրա կառավարությանը**։



- Ուրեմն տեսեք, այն ժամանակահատվածը, որ Դուք նշում եք, եղել են լուրջ քննարկումներ, եւ ասեմ, որ պարոն Ծառուկյանը նույն ժամանակ նույն քննադատությունն էր հնչեցնում եւ նույնպես դեմ էր բյուջեի դրական քվեարկությանը։ Բայց մենք՝ շատերս, պնդելով այն փաստարկը, որ նախորդ կառավարությունը մեզնից ժամանակ է խնդրել, որ կապացուցեն իրենց աշխատանքի կենսունակությունը, եւ եթե այս կառավարությունն էլ մեզ շատ խնդրեր, որ մեզ տվեք վեց ամիս, ու մենք կապացուցենք, մենք մտածելու բան կունենայինք։ Բայց մենք տեսնում էինք, որ որոշ քայլեր հնարավոր է, որ տանեն այն ցանկալի հանգրվանին, որ մենք ունենք մեր տեսլականը։



- **Խնդրելը չգիտեմ ինչպես եք պատկերացնում, գուցե վարչապետն անձամբ չի խնդրել, բայց իրենք ներկայացրել են հնգամյա ծրագիր, որով, ըստ էության, ակնկալում են քաղաքական ուժերից աջակցություն եւ սպասել արդյունքների 5 տարվա ընթացքում**։



- Ընդհանրապես, որեւէ աշխատանք որպեսզի ձախողես, երկար ժամկետ ես դնում եւ շատ հեշտությամբ ձախողում ես, որովհետեւ ստեղծում ես տպավորություն, որ դու անընդհատ հեռահար նպատակի համար ես աշխատում եւ ցանկանում ես ստեղծել մի իրողություն, որ հասարակությունն անընդհատ սպասի քեզ։ Նման գործելակերպը տեղին չէ, որովհետեւ մենք տնտեսական որոշակի կայունության ժամանակահատվածում կարող ենք երկար սպասել։ Մենք պետք է այսօր տեսնեինք 2018 թվականի մեր տնտեսական հաջողությունները, ոչ թե հաջողությունների հիմքը առաջիկա երեք տարում, ինչպես իրենք են իրենց ուղերձում նշում։ Այսինքն՝ մենք պետք է 2018 թվականին տեսնենք դրական զարգացում, որ 2019-ի ու 2020-ի մասին էլ հույս ունենանք։



- **Ըստ Ձեզ, այս կառավարությունն իր վարչապետով ավելի վա՞տն է, քան նախորդ կառավարությունը**։



- Ես ձեւակերպում եմ ընթացքը՝ վերջին երեք կառավարությունները ձախողել են տնտեսական քաղաքականությունը։



- **Դուք Ձեր ելույթում դժգոհեցիք կառավարության ձեւավորած հակակոռուպցիոն խորհրդից, բայց հիշեցնեմ, որ այդ խորհուրդը ձեւավորվել է նախորդ կառավարության օրոք, եւ նախկին վարչապետն էլ գլխավորում էր այն**։



- Ինձ համար որեւէ նշանակություն չունեն անձերը՝ նախորդն է ձեւակերպել, թե հիմա են ձեւակերպել, սխալ են ձեւակերպել։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դու քեզ չես կարող վերահսկել, ստուգել։ Ո՞ր լուրջ մարդը կհավատա, որ դու քեզ կբռնես կոռուպցիա անելու ընթացքում։



- **Հիմա ձեր այս որոշումը՝ դեմ քվեարկել այս բյուջեին, կարո՞ղ ենք համարել ձեր կողմից սկսված «վարչապետ, հեռացիր» օպերացիայի տրամաբանական շարունակությունը**։



- Մեր «դեմ» քվեարկելը հիմնված է իրատեսական վերլուծությունների եւ երկրի նկատմամբ մտահոգությունների  վրա։ Մենք մտահոգված են մեր երկրի ապագայով, ցավ ենք ապրում, որ չունենք զարգացում, մենք չենք ուրախանում, որ էսպիսի վիճակ է ստեղծվել։ Մենք պարտավոր ենք բարձրաձայնել եւ մեր հասարակությանն իրազեկել, որ կառավարությունն իր բյուջետային ուղերձում թույլ է տալիս քաղաքական սխալներ։



- **Սրա շարունակությունը կարո՞ղ է լինել վարչապետի հրաժարականի պահանջը, ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի ժամանակ**։



- Դա իրենց որոշելու խնդիրն է։ Մենք մատնանշում ենք թերությունները, մատնանշում ենք այն ոլորտները, որոնց սխալ քաղաքականություն է իրականացվում, մատնանշում ենք այսօրվա տնտեսական ծանր վիճակը, ժողովրդի հոգսերն ու անհանգստությունը, փոխանցում ենք կառավարությանը։ Իշխող քաղաքական ուժը թող հետեւություն անի, իրենք կարող են փոխել իրենց վարչապետին, կարող են թողնել՝ դա իրենց խնդիրն է, եթե նույն քաղաքականությունը շարունակվում է, իհարկե, մենք անընդհատ քննադատելու ենք։



- **Սա միայն գործող վարչապետի ու նրա ձեւավորած կառավարությա՞ն խնդիրն է, թե՞ նաեւ նրան նշանակողի**։



- Առաջին հերթին էդ կառավարության եւ Հանրապետական կուսակցության օգտին քվեարկած մեծամասնության խնդիրն է։ Եթե էդ ժողովուրդը տվել է էդ 50 տոկոսը՝ պայմանով, որ իր աշխատավարձն ու թոշակը չբարձրացնեն, քավ լիցի, մենք ոչնչով չենք կարող օգնել մարդկանց, որոնք չեն ցանկանում իրենք իրենց օգնել։



- **Այս պահին ի՞նչ եք ակնկալում վարչապետից ու կառավարությունից, որ ձեր վերաբերմունքը փոխվի․ եթե իսկապես խնդրի ժամանակ տամադրել, կփոխվի՞ Ձեր դիրքորոշում**ը։



- Դե, ինքն էդ ժամանակը խնդրել էր, մենք էլ տվել էինք։ Եթե չի արել, էլ ժամանակ չունի։ Ժամանակն սպառված է։



 



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**