Ուսանողական ցույցերի հետեւում էս ինչքա՞ն ականջներ են երեւում

Ուսանողական ցույցերի հետեւում էս ինչքա՞ն ականջներ են երեւում
Ամենեւին մտադրություն չունենալով վիրավորել ուսանողներին` ասեմ, որ այս, այսպես կոչված՝ շարժումը, ցույցերը կամ, ինչպես որոշ թերթեր գրեցին` բողոքի ալիքը, թիթիզություն է: Դեմոկրատական հասարակություններին բնորոշ թիթիզություն: Հայաստանում խնդիրներ «քչփորողներին» հաջողվել է ուսանողության գլուխը մտցնել հերթական «պրոբլեմը» եւ հանել փողոց: Այսպիսի բաներ շատ ենք տեսել: Ամենահասարակ օրինակը բերեմ: Երբ տաքսիստներին պարտադրում էին հաշվիչ տեղադրել, ազգի կեսը հեղափոխական էր դարձել եւ ցույց էր անում տաքսիստների շահերի պաշտպանության համար: Հետո այդ նույն ազգի նույն կեսը տաքսի չէր նստում, եթե հաշվիչ չկար տեղադրված: Այսինքն՝ մեզ համար տվյալ պահին կարեւորը ոչ թե ոլորտը կարգավորելու պետության ջանքն էր, այլ ցույց անելու հրաշալի առիթը:



Ցավալին այն է, որ ուսանողական այս թիթիզությունն առնչվում է ազգային բանակին, ու այն տպավորությունն է ստեղծվում, որ հայ տղաները չեն ցանկանում ծառայել հայկական բանակում: Իսկ դա արդեն շատ վատ տպավորություն է: Ես չեմ հավատում դրան, ինձ համար դա կեղծ տպավորություն է, բայց օտարի, առավել եւս հակառակորդի համար այդպես չէ:



Ես համամիտ եմ այն տեսակետին, որ մինչ այս պահը գործող տարկետման վերացումը, այնպես, ինչպես փորձում են դա անել մեր ղեկավարները, սխալ է: Օրենքն իրականում վատը չէ, այն մատուցելու ձեւն է սխալ: Նման բան հընթացս չէր կարելի անել: Մինչեւ պատը շարելը նրա տակ հիմք են նախապատրաստում: Ո՞ւր է հիմքը, ո՞ւր են այն նախադրյալները, որ այդ լավ օրենքը կգործի: Մեր ուսանողները, վստահ եմ, իրենց գլուխը հիմարություններ լցնողին չէին լսի, եթե նախապես բանակում չծառայած պաշտոնյաներին, բոլորին անխտիր, իրենց պաշտոններից տարկետում տային եւ ուղարկեին բանակ` ծառայության: Թե՛ Էդուարդ Շարմազանովին, թե՛ Կարեն Ավագյանին, թե՛ Վիգեն Սարգսյանին, թե՛ մյուսներին բանակում ծառայած փոխարինողներ հաստատ կգտնվեին, եւ գործն էլ չէր տուժի: Եթե Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը բանակում չծառայած իր դիսերտանտին մինչ այս օրենքի ընդունումը տարկետում տար եւ բանակ ուղարկեր, իսկ նրա փոխարեն բանակից զորացրված մի քանի դիսերտանտի հետ սկսեր աշխատել, համալսարանի ուսանողությունը ոչ թե ցույց կաներ, այլ կհպարտանար իր ռեկտորով:



Նախկինում հավասար միավորներ հավաքած դիմորդներից առավելություն էր տրվում բանակում ծառայած եւ աշխատանքային ստաժ (2 եւ ավելի տարի) ունեցողներին: Այս նորմի կիրառումն ընդունելության քննություններում անիմաստ է այսօր, որովհետեւ խնդիր է դարձել նույնիսկ բուհերի համալրումը: Բայց կարելի է այն հաջողությամբ կիրառել ասպիրանտուրայի համար: Ինչո՞ւ դա չանել եւ չկիրառել հենց այսօրվանից, որպեսզի չշահարկվի նաեւ «գիտության հերն անիծելու» վարկածը:



Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է, որ պետք է հետաձգել օրենքը, մինչեւ լուծումներ գտնվեն: Ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ լուծում են ուզում գտնել` բանակում չծառայելո՞ւ, թե՞ ծառայելու: Բանակում ծառայելը պարտադիր է: Եթե սա նորմ է, դու այդ նորմի ի՞նչ լուծում ես ուզում գտնել: Ասում է` միեւնույն է, հարուստների երեխաներն առողջապահության ոլորտում տիրող կոռուպցիայի պատճառով կազատվեն բանակից: Կներեք, բայց դա արդեն բանակի ու գիտության խնդիրների հետ կապ չունեցող հարց է: Կոռուպցիայի դեմ բոլորն են այսօր պայքարում, բացի ընդդիմությունից: Դուք էլ պայքարեք: Ե՞րբ էր, որ Սերժ Սարգսյանը մեդալ տվեց Հրազդանի քաղաքապետի որդուն: Կես ժամ չանցած՝ բացահայտեցիք, չէ՞, թե ում որդին է: Ամեն զորակոչի գնացեք-նստեք ՊՆ-ում ու ստուգեք` ում ազատեցին, ում՝ ոչ: Փոխանակ մենք հարմարվենք պարտադիր նորմին, այն ընդունենք ի գիտություն, ուզում ենք նորմը հարմարեցնել մեզ, լուծում գտնել, ծուռումուռ այլ ուղիներ թողնել, որ խուսափողը շարունակի խուսափել:



Մենք ստիպված ենք այսօր խոստովանել, որ անկախության տարիներին շատ բան ենք աչքաթող արել, այդ թվում՝ նաեւ բանակի խնդիրները: Բանակը միայն զինվորներով ու զենքով լցված պահածոյի տուփ չէ: Ասում ենք` կայացրել ենք բանակը: Այո, կայացրել ենք, բայց միայն զինվորով ու զենքով, մեր հայրենասեր տղաների ոգու ուժով, նրանց հաղթական բազկով, անվրեպ հարվածով: Բայց մոռացել ենք հասարակությանը, ժողովրդին`այդ բանակը ծնող ու սնող հայ մարդուն` քաղաքացուն: Հասարակության մեջ եղած անարդարությունը չէ՞ պատճառը, արդյոք, որ այսքան հեշտացել է հայ ուսանողին բանակից խուսափելու պատրվակով փողոց հանելը: Ո՞ւր են բանակից զորացրվածների առջեւ բացվող հեռանկարները, ո՞ւր են այն խոստումները, որ շռայլում ենք ընտրությունների նախօրյակին:



Վստա՞հ եք, որ մեր հասարակությանն այսօր ամենաշատը հուզում է վաղվա վարչապետի անձը: Ես խիստ կասկածում եմ արդեն: Այդ հարցն ուռճացնողը մամուլն է, որ ամեն հայտարարության տողատակերում վաղվա վարչապետի անունն է փնտրում: Կա՞ դրա կարիքը, չգիտեմ: Լիբանանը տարիներ շարունակ առանց վարչապետի է յոլա գնում, Իտալիայում ձեռնոցի պես են վարչապետ փոխում, Մեծ Բրիտանիայում, դուք դրանց լկտիությունը տեսեք, մեկումեջ տղամարդ ու կին են վարչապետ դարձնում… Բայց, այ քեզ բան, այդ երկրներում քաղաքական էլիտան, սերուցքը զինվորական ծառայություն անցածներն են: Հայաստանում վերանկախացման օրվանից քաղաքական էլիտա չի ձեւավորվել, որովհետեւ պատերազմով անցած մեր ղեկավարներն իրենց շարունակաբար շրջապատել են բանակ չտեսած օլիգարխներով ու նրանց որդիներով, պետականության գաղափարից անտեղյակ ու պետական մտածողությունից զուրկ մանկլավիկներով: Եվ նրա՞նք պետք է այս տարիների ընթացքում հասարակության մեջ սեր ու պատկառանք սերմանեին պետական այնպիսի սիմվոլների հանդեպ, ինչպիսին նախագահն է, կառավարությունը, ոստիկանությունը, բանակը: Արդյունքը սա է: Ով ուզում է, թող լինի վաղվա վարչապետը: Ի՞նչ է փոխվելու նրա շրջապատում: Ոչինչ:



**Էդիկ Անդրեասյան**