Նոր հոգս՝ ավտովարորդների համար

Նոր հոգս՝ ավտովարորդների համար
Գազալցակայանների եւ գազաբալոնների շահագործման ոլորտում առկա խնդիրները հայտնվել են վարչապետի ուշադրության կենտրոնում: Երեկ նրա մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ նախատեսող փաթեթն ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգը: Հիշյալ փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ-ում լիցենզավորել սեղմած բնական, հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրումը եւ, ըստ սահմանված ժամանակացույցի՝ ճնշափորձարկումը, ինչի նպատակն է բարձրացնել քաղաքացիների անվտանգության մակարդակը: Հաշվի առնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը՝ հանձնարարվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթը եւս մեկ անգամ լրամշակել եւ այն ներկայացնել կառավարության աշխատակազմ: Նկատենք, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննում իրականացնելու կարգով նախատեսվում է շրջանառությունից հանել տեխնիկական զննման կտրոնները: Բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պարտադիր կենթարկվեն տեխնիկական զննության: Այդ գործընթացը լինելու է էլեկտրոնային վերահսկողության ներքո, որն իրականացնելու են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու ոստիկանությունը: