Ուր է «գլորվում» Մինսկի խումբը

Ուր է «գլորվում» Մինսկի խումբը


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտարարեց, որ Մինսկի խմբի համանախագահներն արտգործնախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը պլանավորում են մինչեւ տարեվերջ: Դրանից առաջ ՄԽ ամերիկացի համանախագահ Շեֆերն ասել էր, թե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը պիտի տեղի ունենա առաջիկա շաբաթներին: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում:



Շեֆերի հայտարարությունից առաջ դեռեւս հայտնի չէր Էրդողան-Պուտին հանդիպման մասին: Հետաքրքրական է, որ Թուրքիայի նախագահի՝ Պուտինի հետ Սոչիում հանդիպելու «ցանկությունից» հետո հետաձգվեց արտգործնախարարների հանդիպումը, չնայած՝ օրը դեռեւս նշանակված չէր: Էրդողանն ասել էր, որ պատրաստվում է ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել Պուտինի հետ՝ ընդգծելով, թե նրա դիրքորոշումը շատ կարեւոր է: Այս հայտարարության հետ մեկտեղ մամուլ սպրդեց ադրբեջանցի վերլուծաբաններից մեկի «հուսալի աղբյուրների» տեղեկատվությունը Պուտինի` Ադրբեջանի առաջ դրած պայմանների մասին, որոնց կատարման դեպքում 5 շրջաններն անվերապահորեն կազատվեն: Այդ պայմաններն են՝ Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը: Ստացվում է՝ այս խոսակցությունների իրական լինելու դեպքում արցախյան կոնֆլիկտի լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման գործընթացը լուսանցքում կհայտնվի:



Այն, որ Անկարան եւ Բաքուն դժգոհում են ՄԽ գործընթացից, նորություն չէ: Այդ դժգոհություններն ավելի ընդգծված են Թուրքիայի պարագայում, քանի որ այն ֆորմալ առումով ներգրավված չէ հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ իմաստով Էրդողանն ավելի ազատ է արտահայտվում: Թուրքիան պարբերաբար հայտնում է իր համախոհությունն Ադրբեջանի կատարած քայլերի նկատմամբ եւ հակառակը: Այսինքն՝ Էրդողանն ասում է այն, ինչի մասին Ալիեւը լռում է:



Փաստ է, որ Թուրքիայի նախագահը տարիներ շարունակ մեղադրում է Մինսկի խմբին անգործության մատնված լինելու մեջ՝ միեւնույն ժամանակ ապավինելով Կրեմլի դերակատարմանը: Այսպես՝ դեռ 2013-ին Էրդողանը խոսում էր Ֆրանսիայի՝ Մինսկի խումբը լքելու իր ցանկության մասին: Դա կատարվեց, երբ 1915-ի դեպքերի ժխտման համար Ֆրանսիայում ընդունվեց քրեական պատիժ սահմանող օրինագիծը: Բացի այդ՝ Թուրքիայի նախագահն ասել էր, թե «երբ համանախագահող երկրներից որեւէ մեկը հանդես է գալիս հակամարտության լուծման վերաբերյալ առաջարկով, մյուս երկիրը վետո է դնում այդ առաջարկին: Եվ դա հակամարտության լուծման հիմնական խոչընդոտն է»: ԱՄՆ-ի մասով տարաձայնություններից թարմ օրինակ է ամերիկացի համանախագահ Շեֆերի վերջին հատարարությունը, որում նշված է, թե պետք է իրագործվեն Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Սրա վերաբերյալ առարկություններ չեղան, սակայն հայտնի է Բաքվի վերաբերմունքը նշված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ:



Այդպիսով Ալիեւն ու Էրդողանն արդեն խոսում են սպառված ձեւաչափի մասին: Եվ ստեղծված մթնոլորտում ի՞նչ են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը, եւ ինչի՞ն են ուղղված համանախագահների կողմից կազմակերպվող բարձր մակարդակի հանդիպումները:





**Սլավա ԲԱԴԱԼՅԱՆ**