ՏԱՐԿԵՏՄԱՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՏԱՐԿԵՏՄԱՆ, ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Առաջարկում եմ տարկետման իրավունքը պահպանել այն մասնագիտությունների լավ սովորող ուսանողների համար, որոնք հնարավորություն են տալիս օբյեկտիվորեն գնահատել նրանց ցուցաբերած արդյունքները: Բանակից խուսափող, բայց նաեւ անտաղանդ ու ծույլ ոչ մի պատանի չի կարող լավ մաթեմատիկոս, ֆիզիկոս, կենսաբան, քիմիկոս կամ ծրագրավորող դառնալ: Նա կգերադասի ծառայել բանակում, քան 10 տարի «գլուխ ցավեցնել»: Նույնը՝ արվեստի տարբեր ճյուղերի բնագավառներում. տարկետում տալ այն պատանիներին, որոնք ունեն բնատուր լավ ձայնային տվյալներ, բալետի լավ պարողներ են, վիրտուոզ նվագողներ եւ այլն: Ոչ մի մեծահարուստի կամ չինովնիկի որդի չի կարող ձեւացնել, թե ինքը բալետի լավ պարող է, օպերային երգչի տվյալներ ունի կամ էլ վիրտուոզ ջութակահար է: Ի դեպ, Սովետական Միությունում նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին բանակից ազատում էին վերը նշված հատկանիշներով պատանիներին, եթե նույնիսկ նրանք որպես կամավոր էին ցանկանում մեկնել ռազմաճակատ: Իսկ լավ ֆիզիկոսներին, մաթեմատիկոսներին, քիմիկոսներին եւ այլ՝ ռազմարդյունաբերության ու տնտեսության համար կարեւոր մասնագիտություններ ունեցողներին նույնիսկ բանտերից էին ազատում՝ աչք փակելով նրանց քաղաքական հայացքների վրա: Կան բազմաթիվ վկայություններ այդ մասին: Ինչ վերաբերում է Հայրենական պատերազմից հետո բանակից վերադարձածներին, նրանք իրոք ցանկանում էին շարունակել գիտությամբ զբաղվելը: Պատճառն այն էր, որ գիտնականներն այն ժամանակ շատ հարգված էին, 2-3 անգամ ավելի բարձր աշխատավարձ էին ստանում, քան մյուսները, նաեւ ունեին արտոնություններ: Օրինակ, սովորական քաղաքացին ուներ 9 քմ բնակելի տարածքի իրավունք, իսկ գիտական կոչում ունեցող գիտնականը՝ 29: Նաեւ՝ բանակից տարկետում ստանալու իրավունք:



Այդ մասին չի ասվում, բայց գիտության մեջ նախկինում ունեցած մեր հաջողությունները հենց ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի, կիրառական մաթեմատիկայի եւ նման բնագավառներում են եղել եւ ոչ թե սուտ գիտություն հանդիսացած սովետական տնտեսագիտության, մեր թերի ու ոչ ճշգրիտ պատմագիտության կամ իրավաբանության մեջ, որոնք ոչ մի հետք չեն թողել համաշխարհային գիտության մեջ: Այսօր էլ, երբ փորձում են գնահատել աշխարհի գիտության մեջ մեր այսօրվա ներդրումը եւ դիտարկում են միջազգայնորեն ճանաչված գիտական ամսագրերում ու հրատարակչություններում մեր գիտնականների տպագրած հոդվածներն ու մենագրությունները, պարզվում է, որ դրանց շուրջ 40 տոկոսը ֆիզիկոսներին է պատկանում, մյուսները՝ վերը թվարկածս ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներին: Ընդ որում՝ Հայաստանի ֆիզիկոսների մի մասն էլ ապրում եւ աշխատում է արտասահմանում՝ պահպանելով ՀՀ քաղաքացիությունը:



**Զորակոչային տարիքի մասին**



Առաջարկում եմ նաեւ ուսանողների զորակոչային տարիքը սահմանել ոչ թե 18 տարեկանը, այլ՝ 22-ը, երբ արդեն պարզ կդառնա նրանց ընդունակությունների մակարդակը: Որովհետեւ ոչ բոլորն են կարողանում բացահայտվել վաղ տարիքում: Դրանով մենք կկասեցնենք Հայաստանի գիտության եւ արվեստների մահը, կպահպանենք նախորդ տասնամյակների մեծ ջանքերի շնորհիվ ստեղծված «շկոլաները», մինչեւ որ մեր երկիրը փոխվի եւ կարողանա նորից զարգացնել դրանք: Ինձ կհակաճառեն՝ ասելով, թե հենց հիմա է անհրաժեշտ համալրել բանակը, որ դիրքերը դատարկ չմնան: Այդ թեմայով նույնպես ունեմ առաջարկ:





**Ինչպես համալրել բանակը՝ առանց համընդհանուր զորակոչի**



Կառավարությունը նախապատրաստել է «Որոշակի գումարից ավել ներդրում կատարողին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու մասին» օրենքի նախագիծ, որը պետք է ներկայացվի ԱԺ: Այն ենթադրում է որոշակի, ըստ ամենայնի՝ 50 հազար դոլարից ավելի ներդրում կատարած արտասահմանցուն շնորհել ՀՀ քաղաքացիություն: Եթե մեր կառավարությունը համաձայն է ընդառաջել էլիտար բնակարաններ կառուցողներին եւ նրանց չվաճառված բնակարանները գնողներին շնորհել ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է դեմ չլինի նույն արտոնությունը տալ այն արտասահմանցիներին, որոնք կհամաձայնեն 10 տարի ծառայել մեր պրոֆեսիոնալ բանակում: Այսինքն՝ Ֆրանսիայի օրինակով Հայաստանում եւս ստեղծել «Արտասահմանյան լեգեոն»: Դա ֆրանսիական ամենաէլիտար եւ մարտունակ զորամիավորումն է: Ի դեպ, մենք նմանատիպ փորձ ունենք: Հայաստանի սահմանների մի մասը պաշտպանում են ռուս սահմանապահները: Գյումրիում է գտնվում ռուսական ռազմաբազան, որը, ենթադրվում է, ագրեսիայի դեպքում պետք է պաշտպանի Հայաստանը: Բայց ո՛չ Արցախը:



Իսկ Արցախն ագրեսիայից կպաշտպանի «Արտասահմանյան լեգեոնը» եւ այդ հանրապետության Պաշտպանության բանակը:





**Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ**