Մեղրիում ռուսներն ու ղազախները բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստացել

Մեղրիում ռուսներն ու ղազախները բազմամիլիոնանոց ներդրումներ են խոստացել
Մեղրի տեղանունը հատկապես վերջին մի քանի ամսում կրկին շատ է հոլովվում: Քաջատեղյակները կհիշեն, թե ինչպես էին 2000-ականների սկզբին Հայաստանի հարավային դարպասի՝ Մեղրիի շրջանի կարգավիճակի վերաբերյալ տարաբնույթ առաջարկներ արվում, նույնիսկ այն «փոխանակելու» կասկածելի ծրագիր էր առաջ քաշվում: Բարեբախտաբար, այս անգամ Մեղրին հոլովվում է ոչ թե զանազան փոխանակումների, այլ հավակնոտ մի գաղափարի կոնտեքստում. խոսքը Մեղրիի ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին է (հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 3-ին կառավարությունը հաստատել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» (ԱՏԳ) ՓԲԸ ստեղծելու ծրագիրը: Ընկերության 100 տոկոս բաժնետերը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն է): Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ունենալով առեւտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ-ի հետ եւ ընդհանուր սահման ԻԻՀ-ի հետ, ԱՏԳ ստեղծմամբ կնպաստի համաշխարհային գործարար հատվածի եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ ԱՏԳ կառուցումը փուլային է լինելու:



Առաջին փուլում նախատեսվում է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը՝ ապահովելով հիմնական արտադրական եւ պահեստային տարածքները, ինչը գոտում արտադրված ապրանքները կդարձնի ավելի մրցունակ՝ մասնավորապես իրանական շուկա մուտք գործելու համար։ «Այն հարթակ կդառնա Արեւմուտք-Արեւելք եւ Հյուսիս-Հարավ կապերի ամրապնդման համար»՝ համոզված են կառավարությունում, թեեւ այդ կապի ուղղություններից մեկի՝ մասնավորապես Հյուսիս-Հարավ միջպետական ճանապարհի կառուցումը շարունակելու նպատակահարմարությունը, ինչպես վերջին քննարկումներն են ցույց տալիս, մշուշոտ է: Նախօրեին վարչապետին է ներկայացվել ԱՏԳ-ի ստեղծման աշխատանքների ընթացքը, եւ նա հանձնարարել է բոլոր միջոցառումներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի:



Մենք զրուցեցինք Մեղրիի համայնքապետ ՀՀԿ-ական **Մխիթար Զաքարյանի** հետ՝ պարզելու, թե համայնքապետարանն ինչ մասնակցություն ունի ԱՏԳ-ի կառուցման աշխատանքներում, ինչ տեսլական ու ծրագրեր են առաջ քաշել: «ԱՏԳ-ն համապետական ծրագիր է՝ ձեւավորման փուլում: Այս ուղղությամբ բոլոր գործողությունները կատարվում են կառավարության վերահսկողությամբ եւ նախաձեռնությամբ: Առայժմ համայնքը մասնակցություն չունի: Կայանալուց հետո, երբ սկսի գործել, կանոնադրությունը կազմված լինի, դրան համապատասխան՝ համայնքն իր գործառույթները կիրականացնի (հողահատկացում եւ այլն՝ խմբ.)»,- ասաց Զաքարյանը:



**- Մեղրին տնտեսապես աշխուժացնելու համար խաղատուն եւ զվարճանքի օբյեկտներ կառուցելու Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում: Նա նույնիսկ զարմանք է հայտնել, թե ինչու մինչ այժմ ոչ մեկի մտքով չի անցել նման պրոյեկտ անել:**



- Ես բազմիցս շեշտել եմ, որ մենք իրանական տնտեսական պոտենցիալի շատ քիչ մասն ենք օգտագործում՝ ունենալով հարեւանությամբ այդպիսի հսկա՝ 80 միլիոնանոց շուկա: Ինչ-քան նման ինֆրաստրուկտուրաներ շատ լինեն, այնքան այդ պոտենցիալն օգտագործելու մեր շանսերը կավելանան: Հաշվի առնելով այն հանգամանքը նաեւ, որ այդտեղ ընդհանրապես արգելված են ե՛ւ շահումով խաղերը, ե՛ւ ընդհանրապես զվարճանքը, ժամանցը, գիտեք, թե այդտեղ ինչ առանձնահատկություններ ունեն, նախագծի իրականացումից լավ արդյունքներ ենք ակնկալում: Այսինքն՝ իրանական շուկան նաեւ այդ (ժամանցի կազմակերպման) առումով է գրավիչ: Անցյալ շաբաթ տարածք են այցելել նախագծով հետաքրքրված գործարար խմբի ներկայացուցիչները, խնդրել են, որ առայժմ անուններ չհրապարակենք: Բայց ասեմ, որ ներդրումներ անողները ռուսական եւ ղազախական կապիտալի ներկայացուցիչներ են, եւ ասեմ, որ շատ հսկա, բազմամիլիոն դոլարանոց ծրագրի մասին է խոսքը: Սյունիքում այդպիսի կառույց չկա, դա ներառելու է ե՛ւ կազինո, ե՛ւ զվարճանքի օբյեկտ, ե՛ւ մոտ 20 հարկանի հյուրանոց: Ինքս տնտեսագետ եմ եւ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությանն ուրախ եմ, ուր մնաց թե նման խոշոր նախաձեռնությանը: Ես շատ լավ պատկերացնում եմ, որ մեր կյանքի մնացած բոլոր ճյուղերի զարգացումն ուղիղ կապով կապված է մեր տնտեսության զարգացման հետ: Մենք շատ ենք շահագրգռված, որ այդ ծրագիրն իրականություն դառնա:



**- Շատերը թերահավատորեն են վերաբերվում ԱՏԳ-ի ստեղծմանը, ասում են, թե դա հերթական «տնտեսական փուչիկն» է, մինչ այժմ էլ են նման խոստումնալից ծրագրեր առաջ քաշվել, սակայն այդպես էլ թղթի վրա են մնացել: Որպես տնտեսագետ՝ ի՞նչ եք կարծում՝ ԱՏԳ-ն իրականանալու շանսեր ունի՞:**



- Ես լավատես եմ, քանի որ դրա իրականացման տնտեսական հիմքերն եմ տեսնում, դա փոխշահավետ պրոյեկտ է լինելու բոլոր հարթությունների համար՝ ամենափոքր ներդրողից մինչեւ կառավարություն: Ինձ լավատեսություն է ներշնչում այն, որ Մեղրիի մաքասակետի հարեւանությամբ մինչեւ ԻԻՀ Ջուլֆա քաղաքը գործում է «Արաս» ազատ տնտեսական գոտին: Այնտեղի փորձն ուսումասիրելով եւ նրանց հաջողությունը տեսնելով էլ լավատես եմ, որ մենք էլ, լինելով նույն դաշտում, կարող ենք նրանց հաջողությունը կրկնել: Մոտ 10 տարի առաջ, երբ բացվեց «Արասը», նույնպես թերահավատություն կար, իմիջիայլոց՝ նաեւ հայկական կողմում. բոլորն ասում էին, թե դա չի կայանա, անիմաստ է, սակայն այսօր տեսնում ենք, թե երբեմնի անապատային վայրում ինչպիսի տնտեսական աշխուժություն է: «Արաս» ՏԳ-ի 2016 թ. միայն արտահանումը 505 մլն․ դոլար է կազմել: Այս փորձն էլ է մեզ ոգեւորում եւ ուժ տալիս:



**- Արդեն մեկ եւ ավելի տարի է խոշորացված Մեղրի համայնքի ղեկավարն եք: Ինչպե՞ս եք գնահատում խոշորացման գործընթացը: Խոշորացված որոշ համայնքների ղեկավարներ պնդում են, թե դա համայնքների վրա լրացուցիչ բեռ ավելացրեց՝ չտալով լրացուցիչ կառավարման, ֆինանսական եւ այլ լծակներ:**



- Ես Ձեզ հրավիրում եմ Մեղրի, եկեք՝ ժողովրդի կարծիքը լսեք, արված աշխատանքները տեսեք, որոնք դեռեւս հիմքեր են, սակայն արդյունքներն արդեն տեսանելի են: Ես չգիտեմ, թե որ համայնքի ղեկավարն է բողոքել, սակայն, իմ սուբյեկտիվ կարծիքով, խոշորացման գործընթացն արդարացված էր: Նրանք, ովքեր բողոքում են լծակներից, պետք է նաեւ համապատասխան կարողություններ ունենան այդ լծակները ռեալիզացնելու համար: Փոքր համայնքների դեպքում դա բացառվում է: Դրանք հիմնականում լուծում են ինքնապահպանման խնդիր, իսկ խորոշացված համայնքը, նաեւ մասշտաբի էֆեկտը հաշվի առնելով, կադրային ավելի որակյալ բազա, վարչական ծախսեր է ունենում: Նույն Ագարակ քաղաքի օրինակը բերեմ. Մեղրու խոշորացված համայնքում, անհամեստություն չլինի ասելը, ամենակայացած համայնքն էր (Զաքարյանը նախկինում եղել է Ագարակի համայնքապետը՝ խմբ.) թե՛ բյուջեի մեծությամբ, թե՛ բնակչության քանակով, ընդհանրապես՝ բոլոր ցուցանիշներով։ Այն նույնիսկ մի քանի տարի առաջ ճանաչվել է լավագույն քաղաքային համայնք, եւ նույնիսկ այդ պարագայում համայնքի բյուջեում վարչական ծախսերը՝ աշխատակազմը պահպանելու համար, 65 տոկոս էր: Դրանից ավելի իջեցնել՝ օբյեկտիվորեն հնարավոր չէր: Այժմ խոշորացված Մեղրի համայնքի պարագայում այդ ծախսն իջեցվել է 35 տոկոս: Մնացածը դուք գնահատեք: Միանշանակ՝ բոլոր առումներով խոշորացումը ճիշտ էր, համայնքն իր կարողությունները, ունակությունները պետք է մեծացնի, որպեսզի կարողանա ապակենտրոնացման քաղաքականությունն իրականացնել, այսինքն՝ կառավարություն-մարզպետարան լիազորությունների որոշակի բեռ հասնի իրեն: Իսկ փոքր, թույլ, չկայացած համայնքի պարագայում այդպիսի բեռի տակ մտնելն է անմտություն է, քանի որ այն հնարավոր չէ իրականացնել:





**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**