Իսկ ի՞նչ պետք է աներ Շամիրյանը`Ալիեւի՞ն պետք է նվիրեր այդ մեքենան

Իսկ ի՞նչ պետք է աներ Շամիրյանը`Ալիեւի՞ն պետք է նվիրեր այդ մեքենան

Քիչ առաջ տեղեկացանք, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։ Նրան մեղադրում են գոյություն չունեցող Ասկերան համայնքին նյութական վնաս պատճառելու համար: Նրան մեղադրում են Ասկերան համայնքին պատկանող մեքենան յուրացնելու համար` կեղծ փաստաթուղթ պատրաստելու միջոցով, խոսքը` ավագանու որոշման մասին է:

Փաստաբան Վահե Եփրիկյանը, ով Շամիրյանի շահերն է դատարանում ներկայացրել, «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ առնվազն անհասկանալի ու տարակուսելի է, երբ մարդուն մեղադրում են Արցախի Հանրապետությանը գույքային վնաս հասցնելու համար, սակայն ամիսներ առաջ հենց նույն իշխանության ձեռքով Ադրբեջանին է հանձնվել ողջ Արցախի Հանրապետությունը. 

«Դատական նիստի ընթացքում բարձրացրել եմ այդ հարցը` առերևույթ խարդախության տուժող կողմն ո՞վ է: Խարդախության հանցակազմն օբյեկտիվ կողմից պետք է դրսևորվի առնվազն երկու եղանակով` խաբեության, կամ վստահությունը չարաշահելու եղանակով, քանի որ քննիչը պնդում է, որ կա խաբեություն, ես հարց եմ ուղղել` ո՞ւմ է խաբել: Ինչ վերաբերում է խարդախությանն, ապա դրա կարևոր կոմպոնենտը որևէ անձի` ֆիզիկական, իրավաբանական անձի, անձանց խմբի տուժելու հարցն է: Ո՞վ է տուժողն այժմ` Ադրբեջանի Հանրապետությո՞ւնը, իմ հարցը մնաց անպատասխան», - ասում է Եփրիկյանը:

Իսկ ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել Հայկ Շամիրյանին, ի՞նչն է պատճառն` ըստ Ձեզ. 

«Տվյալ մեքենայի, որի պատճառով հարուցվել է գործը, անվանափոխությունը տեղի է ունեցել դեռ հունվար ամսին: Անձի նկատմամբ օպերատիվ տեղեկությունների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել երեք չէ առաջին օրը` մայիսի 22-ին: Հարց է չէ՞ առաջանում` ինչո՞ւ երեք-չորս ամիս շարունակ ոչ մի գործողություն չէր արվում: Պատճառը մեկն է` այն անձինք, ովքեր ունեն քաղաքական ակտիվություն, որոշակի հեղինակություն, կապեր, ծանրակշիռ խոսք, հետապնդումների են ենթարկվում, որպեսզի լռեն: Մնալով մինչև վերջին օրն Ասկերանում` մահվան կրակի տակ վերջին օրը Հայկ Շամիրյանը Երևան է եկել` իր հետ բերելով ավտոմեքենան: Իսկ ի՞նչ պետք է աներ, ո՞ւմ պետք է նվիրեր: Մենք այս հարցերի պատասխանները չենք ստացել, քաղաքական իշխանության տեսանկյունից: Փաստորեն լավ կլիներ, որ ավտոմեքենան մնար Իլհամ Ալիևին», - եզրափակեց փաստաբանը: