Այդ մեքենայով Ասկերանի քաղաքապետը Արցախից Հայաստան է հասցրել ոչ միայն իր, այլև ևս 3 ընտանիք

Այդ մեքենայով Ասկերանի քաղաքապետը Արցախից Հայաստան է հասցրել ոչ միայն իր, այլև ևս 3 ընտանիք

Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, դռնփակ կարգով քննվում է Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին կալանավորելու հարցը։ Նրան ՀՀ իշխանությունները մեղադրում են Արցախի Հանրապետությանը գույքային վնաս պատճառելու մեջ:

«Հայկ Շամիրյանն այդ մեքենայով եկել է Հայաստան՝ իր հետ բերելով 3 մարդու, որոնք մեքենա չեն ունեցել: Փաստորեն, ավելի լավ էր, որ այդ մեքենան մնար այնտեղ»,-դատարանի բակում այս մասին ասաց Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հորաքույրը՝ Անահիտ Պետրոսյանը:

Ասկերանի քաղաքապետը ձերբակալվել է երեկ։ Անահիտ Պետրոսյանը նշեց, որ  խոսքը 5 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ համայնքային գույքի մասին է՝ մեքենայի, որը համայնքի անդամների որոշմամբ հանձնվել է համայնքի ղեկավարին՝ հաշվի առնելով, որ նրա գործուներությունը Ասկերանում։

«Սա աննախադեպ է՝ ներկայացնում են խոշոր չափի հափշտակություն, երբ չկա բողոքող կողմ, վնաս կրած կողմ։  Ասկերանի քաղաքապետը հանձնվող Արցախից դուրս է բերել ու Հայաստան հասցրել ոչ միայն իր, այլև ևս 3 ընտանիք։ Այսինքն` ոչինչ, որ մեքենան մնար այնտեղ, մի քանի ընտանիք էլ մնար այնտեղ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Ասկերանի քաղաքապետը ձերբակալվել է․ «Նա ձերբակալվել է ինչ-որ մեղմ ասած անհասկանալի գործով, թե ինչ իրավունք ունեք ինչ-որ որոշում կայացնելու: Կարծում եմ սա ակնհայտորեն քաղաքական պատճառներով է: Ինչպես հայտնի է` ով Բագրատ Սրբազանի հետ շփվում է ռեպրեսիաներ է սկսվում: Երբ ես գնացի, ներս չէին թողնում, հետո ներս թողեցին: Բացատրեցի, որ ցեղասպանություն տեսած մարդիկ են, էդ ի՞նչ ֆինանսական հարցեր են քննարկում»:

Մանրամասն՝ տեսանյութում