Թանգարանային գիշեր, Սպենդիարյան, Շպերլինգ, ARA

Թանգարանային գիշեր, Սպենդիարյան, Շպերլինգ, ARA

Չգիտեմ՝ ով է եղել այն անձը, որ առաջին անգամ Գերմանիայում՝ Բեռլինում՝ 1997-ին մտածել է «Թանգարանային երկար գիշեր» անվանումով միջացառումը, որի իմաստը մի ամբողջ օր, մինչեւ կեսգիշեր այցելուներին ազատ եւ անվճար մուտք առաջարկելն էր թանգարաններ, բայց դա իրոք փայլուն միտք է եղել։ 1997-ին գաղափարն իրագործել են Բեռլինի մի խումբ թանգարաններ, սակայն հետաքրքրությունն ու  հաջողությունն այնքան մեծ են եղել, գաղափարն այնպես է տարածվել, որ 2000-ականների սկզբին շարժմանն արդեն Եվրոպայի Խորհուրդը եւ UNESCO-ն են միացել՝ հաստատելով «Թանգարանային գիշեր» փառատոնը, որ արդեն երկու տասնամյակ տոնվում է ողջ Եվրոպայում, ներառյալ՝ Հայաստանում։

Բախ, Մոցարտ․․․ իսկ Սպենդիարյա՞ն

Անձամբ ես արդեն քանի տարի, երբ գալիս էր Թանգարանային գիշերը, եւ ձեռքս էի վերցնում առաջարկվող միջոցառումների ցանկը, մտաբերում էի, որ պետք է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան այցելեմ։ Այնտեղ, ավանդաբար, համերգային ծրագիր է առաջարկվում եւ Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաո։ Այս տարի վերջապես այցելեցի։ Ինչու հատկապես Սպենդիարյանի թանգարա՞ն․․․ ուղղակի ամոթի զգացումից։ 

Ստացվել է այնպես, որ արտերկրում ես եղել եմ, դիցուք, Բեթհովենի տուն-թանգարանում, Բոննում, որի վերջին հարկում փոքրիկ, դատարկ, սպիտակ պատերով ու արեւի մեջ ողողված այն սենյակն է, ուր 1770-ին ծնվել է Լյուդվիգ վան Բեթհովենը։ Թանգարանից մի քանի քայլ այն կողմ էլ այժմ էլ գործող եկեղեցին է, որտեղ մկրտել են նորածին Բեթհովենին։ Ես Բեթհովենի թանգարան եմ այցելել նաեւ Բրատիսլավայում՝ Սլովակիայի մայրաքաղաքում։ Պատմական Պրեսբուրգում գտնվող այդ թանգարան-սրահի միակ առնչությունը Բեթհովենին այն էր, որ սրահում ցուցադրված էր դաշնամուր, որի վրա ինչ-որ անգամ նվագել էր մեծ կոմպոզիտորը։ Իսկ առհասարակ Բեթհովենից, ի տարբերություն այլ կոմպոզիտորների եւ շնորհիվ Ստեֆան Ցվայգի, մեծ ժառանգություն է պահպանվել, անգամ անձնական իրերի մեծ հավաքածու, որ Բոննում ցուցադրվում է՝ իր դաշնամուրներից, ձեռագիր նոտաներից, լսողական սարքերից (որ այնքան մեծ ու կոպիտ են, թվում է՝ շինարարական գործիքներ են), գիպսե դեմքից, նամակներից մինչեւ գրիչները, Բրուտոսի արձանիկը, մետաղական դրամապանակները, որոնց վրա պատկերված իշխանուհիները մինչ այժմ էլ հայտնի չէ, թե ովքեր են, եւ այլն։ Ի դեպ, Բոննում Բեթհովենի տուն-թանգարան հնարավոր է նաեւ վիրտուալ այցելել՝ համացանցային կայքում։ Անշուշտ, դա նույնը չէ, ինչ ֆիզիկապես Բոննում լինել եւ այցելելը, բայց եթե չկա նման հնարավորություն, գոնե տարբերակ է։

Իսկ ահա մեկ այլ մեծագույն կոմպոզիտորից՝ Յոհան Սեբաստիան Բախից գրեթե ոչ մի անձնական իր, դժբախտաբար, չի պահպանվել։ Երկու-երեք փոքր իրեր կան, որ ցուցադրված են Բախի՝ Լայպցիգում գտնվող տուն-թանգարանում (մեկը բեկոր է իր շիրմաքարից)։ Սակայն իրեղեն ցուցանմուշների սակավությունը Լայպցիգի թանգարանում լրացրել են ինտերակտիվ էկրաններով, որոնցից յուրաքանչյուրը Բախի կյանքից մի դրվագի մասին է պատմում՝ մի քանի լեզուներով հասանելի տեքստով, ուղեկցող էսքիզներով, պատկերներով, գրագրություններով։ Այդուհանդերձ, ամենից հիշվողն ու ժպիտ պարգեւողը թանգարանում, ըստ իս, երկրորդ հարկի շրջանաձեւ տաղավարն է, որտեղ ցուցադրված են բոլոր այն երաժշտական գործիքները, որոնցով Բախն իր երաժիշտների հետ նվագել է տարբեր արարողությունների ժամանակ՝ տոնախմբություններից մինչեւ հուղարկավորություններ, հարսանյաց հանդեսներ եւ գումար աշխատել։ Անհնար է չժպտալ այդ գործիքների անուններից։ Դիցուք, ցուցադրված է Violin (ջութակ) եւ Violon d’amor (սիրո ջութակ) կամ Oboe (հոբոյ, կլարնետին մոտ գործիք է) եւ Oboe d’amor (սիրո հոբոյ): Անձամբ ես, ասենք, Violin-ի եւ Violin d’amor-ի հնչեղության տարբերությունն առանձնապես չընկալեցի, բայց անունների տարբերությունն ամբողջ կյանքի համար հիշեցի։ Իսկ հիմնական երաժշտական գործիքը Բախի կյանքում եւ ստեղծագործություններում՝ երգեհոնը, իր տուն-թանգարանի հանդիպակաց շինությունում է՝ Thomaskirchhof-ում։ Այդ եկեղեցում այժմ կա երկու երգեհոն, որոնցից մեկը հենց այն երգեհոնն է՝ վերանորոգված, որի վրա նվագել է Բախը շուրջ երեք տասնամյակ՝ պաշտոնավարելով որպես Thomaskirchhof-ի (թարգմանաբար՝ Սուրբ Թովմայի եկեղեցու) երգեհոնահար եւ երաժշտական ղեկավար։

Վիեննայում էլ, իհարկե, ես Մոցարտի տուն-թանգարանում եմ եղել, Վարշավայում՝ Շոպենի եւ այլն, անգամ Պոլիսում այն շենքն եմ այցելել, որի երկրորդ հարկում ապրել է Տիգրան Չուխաջյանը։ Դա Պոլիսի կատարյալ կենտրոնում է, պատմական Փերա թաղամասում, հենց Իշտիկլալ կոչվող գլխավոր ճեմուղու (boulevard) հարեւանությամբ։ Գալաթասարայի համալսարանական քոլեջի առջեւ, որտեղ Իշտիկլալի լայնահուն հատվածն ավարտվում է, սկսվում է պատմական շինություններով նեղ հատվածը, աջ կողմում առաջին, թե երկրորդ նրբանցքում է շենքը։ Սեւ քարից գեղեցիկ շենք է, որքան հիշում եմ՝ եռահարկ, Իշտիկլալից մի քանի քայլ հեռավորության վրա, որտեղ Չուխաջյանը ոչ միայն ապրել է, այլեւ նվագախմբի հետ համերգային փորձերն է կատարել։ Պոլիսում հավատացնում էին, որ «Լեբլեբիջի հորհոր աղա» օպերետի փորձերն այդտեղ են արվել՝ Լեբլեբիջիների երգը տարածելով ողջ Փերայում։ 

Լինելով բազմաթիվ համերգասրահներում ու երաժշտական թանգարաններում՝ Լոնդոնում, Հռոմում, Վիեննայում, Կաննում, Վարշավայում, Բեռլինում, Լայպցիգում եւ այլն, անգամ՝ Կահիրեում, Պոլիսում, որտե՞ղ ես չէի եղել․․․ Սպենդիարյանի տուն-թանգարանում, Երեւանի կենտրոնում, ինչը կատարյալ ամոթ էր։ Այս տարի վերջապես եղա․ գողտրիկ, փոքրիկ թանգարան է՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկի հնաոճ, գեղեցիկ կիսաշրջան շենքի երկրորդ հարկում, մի քանի սենյակ տարածությամբ։ Կարեւորը՝ դա հենց այն բնակարանն է, որտեղ երկու տարի ապրել է Ալեքսանդր Սպենդիարյանը, ինչն ամենեւին քիչ չէ, եթե նկատենք, որ Հայաստանում Սպենդիարյանն առհասարակ միայն չորս տարի է ապրել։ Եվ թանգարանում տեսնում ենք հենց այն կահույքը, իրերը, որ Սպենդիարյանի օրոք են եղել․ դրանք հետագայում զավակներն են նվիրել։ Կան նաեւ «Ալմաստ» օպերայի աֆիշները, Սարյանի կատարած բեմական էսքիզները, առանձին տեսարանների մակետներ․․․ Դա էականն է, վավերականն ու իրեղենը։ Մնացյալը տեխնիկական հագեցման հարց է, որ ժամանակի մի պահի միշտ էլ կարող է լուծվել, դիցուք՝ լինեն ինտերակտիվ էկրաններ, որոնք Սպենդիարյանի կյանքի տարբեր շրջանները ներկայացնեն՝ Յալթա, Պետերբուրգ, իրավաբանական կրթություն, Ռիմսկի-Կորսակով եւ այլն, տեսանյութեր լինեն, իր երաժշտական գործերից հատվածներ՝ ընտրել-ունկնդրելու համար․․․ Եվ, իհարկե, միշտ լինի Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաոն։

Հայաստանի ձայնային մատենադարանը

Երաժշտական թեման շարունակելով՝ քանի՞ անձ կգտնվի, ով տեղյակ է, թե երբ է ստեղծվել Հայաստանի առաջին փողային նվագախումբը։ Պարզվում է՝ այն ստեղծվել է ավելի վաղ, քան հիմնադրվել է առաջին հանրապետությունը՝ 1914-ին։ Ո՞վ է այն ստեղծել։ Երեւանում ապրած մի գերմանացի երաժիշտ՝ Վիլհելմ Շպերլինգ, ում, դժբախտաբար, խորհրդային իշխանությունները հետագայում Միջին Ասիա են աքսորել, որտեղ էլ չպարզված հանգամանքներում ավելի ուշ զոհվել է։ Բայց փողային նվագախումբը, որ նա հիմնադրել է եւ մինչեւ 1927թ․ ղեկավարել, դարձել է Հայաստանում ստեղծված հետագա բոլոր փողային ու ջազային նվագախմբերի հիմքը։ Նրա սաներն են կանգնել դրանց ակունքներում։ 

Մինչեւ բոլորովին վերջերս ես էլ Շպերլինգի մասին ոչինչ չգիտեի եւ տեղեկացա պատահաբար, որովհետեւ գնացել է Հանրային ռադիոյի արխիվ, եւ զրուցում էինք այն մասին, թե արխիվի ամենահին ձայնագրությունները որ թվականների են։ Պարզվեց՝ 1930-ական։ Տիկին Ռուզաննա Սարյանը, ով Հանրային ռադիոյի հնաբնակներից է, ֆոնդադարանում աշխատում է արդեն 52 տարի, պահպանվող ժապավենների համար ե´ւ լավ ժամանակներ է տեսել, ե´ւ վատ, գոհ էր, որ վերջապես ամբողջ այդ զգայուն ու դյուրաբեկ ժառանգությունը հասցվել է ապահով հանգրվան։ Մի քանի տարվա աշխատանքների արդյունքում 27 հազար կտոր ժապավենային արխիվի գրեթե 80 տոկոսը թվայնացվել է, կողմնակի աղմուկից մաքրվել եւ արդեն պահվում է մի քանի օրինակներով մի քանի ֆոնդերում։ Այնպես որ, «հայության ձայնային մատենադարանին», ինչպես Հանրային ռադիոյի արխիվում սովորություն ունեն իրենց ֆոնդը կոչել, որեւէ վտանգ չի կարող սպառնալ։ 

Ո՞ւմ ենք այս ամենի համար պարտական․ մի քանի նվիրյալ անձանց, որոնք կազմում են Հանրային ռադիոընկերության արխիվի աշխատակազմը՝ Գառնիկը, Շաղիկը, Նունեն, Վլադիմիրը, Անին, Քնարիկը, տիկին Ռուզաննան եւ արխիվի տնօրենը՝ Արթուր Իսպիրյանը։ Ես գիտեմ, որ Արթուրը հայտնի երգիչ է, ունի իր երկրպագուները, էստրադային երաժշտությունում իր հետագիծը եւ այլն, բայց համոզված եմ, որ այն, ինչ նա կարողացել է կազմակերպել եւ անել Ռադիոյում, շատ ավելի կարեւոր է ու մնայուն, քան այն, ինչ արել է երաժշտությունում։ Ռադիոյի արխիվը չի կորչել, չի վնասվել շնորհիվ այն բանի, որ Ռադիոյի նախկին ղեկավարներից մեկին, ով ուղղակի չի իմացել, թե արխիվային ձայնագրությունների հետ ինչպես վարվի, այդ ծավալուն ժապավեններն ուր տեղափոխի, Արթուրը համոզել է, որ այդ ժապավեններում ազգային հարստություն է, դա պետք է մնա տեղում, թվայնացվի եւ պահպանվի, ինքը պատրաստ է մասնագետների թիմ հավաքել եւ դա անել։ 

Այդպես Ռադիոյի արխիվի աշխատակազմն է ստեղծվել։ Գառնիկին վստահված է ամենահիմնական գործը՝ ժապավենների թվայնացումը եւ նոր ձայնագրություններ կատարելը, քանի որ Ռադիոյի ձայնադարանը միայն անցյալի մասին չէ, այն նաեւ ներկա կատարումներով է համալրվում։ Կա ձեւավորված գեղարվեստական խորհուրդ, որտեղ որոշում են, թե ինչ նոր կատարողներ, գործեր ձայնագրվեն։ Անին կողմնակի աղմուկից մաքրում է թվայնացված ձայնագրությունները։ Հետո Շաղիկի անգնահատելի աշխատանքն է, ով թվայնացնում է Ռադիոյում պահպանված բոլոր թղթային նոտագրությունները։ 

Նունեն եւ Վլադիմիրն աշխատում են արդեն ոչ թե պատմության համար եւ ապագայի, այլ բովանդակ հայության եւ ներկայի։ Նրանք են գործարկում Armenian Radio Archive կայքը (armradioarchive.am) եւ բջջային հավելվածը (ARA), որտեղ թվայնացված երաժշտություն է, ռադիոթատրոններ, գրական ընթերցումներ, ամբողջ բաժիններ են «Հումորը» «Հեքիաթը», մշակութային եւ այլ գործիչների ելույթները, հոբելյանական առիթներով թողարկված ռադիոհաղորդումները․․․ Կայքում նաեւ հակիրճ տեղեկություններ են ձայնագրությունների հերոսների, կատարողների մասին ու դրանց անգլերեն թարգմանությունները՝ շնորհիվ Քնարիկի աշխատանքի։ Վերջնահաշվում՝ կայքում եւ հավելվածում Հայկական ռադիոյի մեծարժեք արխիվն է, որ մի քանի նվիրյալ ու համեստ անձանց շնորհիվ հասանելի է դարձել բոլոր հայերին ողջ աշխարհում՝ հաղթահարելով ժամանակի ու տարածության պայմանականությունները․․․ «Երեւանն է խոսում»։