«X»-ը լրատվամիջոցներին հոնորար կվճարի 

«X»-ը լրատվամիջոցներին հոնորար կվճարի 

Ֆրանսիայում դատարանը բավարարել է ֆրանսիական խոշոր ԶԼՄ-ների հայցն ընդդեմ «X» սոցկայքի, պարտավորեցնելով սոցկայքին հոնորարներ վճարել լրատվամիջոցներին՝ վերջիններիս լրատվական նյութերի օգտագործման համար։ Համաձայն դատարանի վճռի, «X»-ը երկու ամսվա ընթացքում պարտավոր է ֆրանսիական խոշոր լրատվամիջոցներին ներկայացնել տեղեկություն այն նյութերի դիտումների, վերահրապարակումների եւ փոխազդեցությունների մասին, որոնցում օգտագործված են նրանց լրատվական նյութերը։ Միաժամանակ նաեւ սոցկայքը պարտավորված է լինելու բացահայտել, թե նյութերի առաջարկման ալգորիթմն ինչպես է աշխատում։ Այդ բոլոր տվյալներն անհրաժեշտ են, որպեսզի գնահատում արվի այն հոնորարների մասով, որոնք լրատվամիջոցները, ըստ ֆրանսիական օրենսդրության, կարող են պահանջել։

Թեեւ սոցկայքի փաստաբանները հայտարարել են, որ իրենք օրենքի խախտում չեն արել, քանի որ սոցկայքը ինքնուրույն որեւէ նյութ չի հրապարակում, այլ դա անում են օգտատերերը, սակայն ԶԼՄ-ների փաստաբանական խումբը վստահ է, որ սոցկայքը նույնիսկ այդ պարագայում գովազդներից եկամուտներ է ստանում։ Հիշեցնենք, որ 2021 թվականին նման հայց ներկայացվել էր նաեւ Google-ի դեմ, որը եւս դատարանի կողմից բավարարվել էր։