Մինչև ո՞ր կետն եք խաբելու․․․ 

Մինչև ո՞ր կետն եք խաբելու․․․ 

2022 թվականի մայիսին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ  անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու․ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։ Անդրադառնալով այն հարցին, թե ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, որ Հայաստանի որոշ տարածքներ ադրբեջանական են՝ Արմեն Գրիգորյանը ասում էր , որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն․ «Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»։

Այսօր դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, բայց հայկական գյուղերն անկլավների անվան տակ միակողմանի զիջվում են։ ԱԽՔ-ն ասում էր՝ ընդդիմությունը անհիմն հայտարարություն է անում, պարզվում է, որ լավ էլ հիմնավոր հայտարարություն էր անում։ Ասում էր, որ  Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին։ Պարզվում է, որ մեր ձեռքից առնում են գյուղեր,  որոնք  իրենցը չեն և  մեր տարածքները, որոնք բռնազավթել են՝ մեզ չեն վերադարձվում։ 

2022 թվականից տեղափոխվել ենք, ոչ բարով  2024 թվականը։ Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը հայտարարում է․ «Սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին»։

Սա ի՞նչ է նշանակում։ Որ շարունակությունը լինելու է երեք գյուղերի և Տիգրանաշենի հանձնումը, ինչպես 2022-ին հայտարարել էր  Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը․  «Ղազախի շրջանի յոթ գյուղերի (գտնվում են հայկական վերահսկողության տակ), և Քյարքիի (Տիգրանաշենը) վերադարձը պետք է իրականացվի Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի պահանջին համապատասխան»։

Ուշադրություն պիտի դարձնենք ոչ թե ՀՀ իշխանության, ԱԽՔ-ի  հայտարարությունները, որոնք զուտ տվյալ էտապի համար նարկոզի դեր են կատարում, այլ պիտի հիմք ընդունել, թե ինչ է Ադրբեջանն  ասում և ինչ է ուզում։ Գոնե այս փաստից երևում է,  որ Հայաստանի իշխանությունը խաբում է սեփական ժողովրդին, որպեսզի Ադրբեջանն ավելի սահուն հայկական  իշխանության միջոցով իրականացնի իր ծրագիրը։ 

Փաշինյանը 2024-ին կիրանցիների մոտ  իբր անտեղյակ է ձևանում։ Ասում է, որ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: 

2022 թվականի ադրբեջանական  հայտարարության կամ հրահանգի  մասին մոռացել էր։ Լավ, մինչև ո՞ր կետն եք խաբելու․․․ Մինչև ո՞ր կետն եք խոստացել Հայաստանը հանձնել։ 

Պետական ուժի լծակներով  Հայաստանի հանձնումը հուշում է, որ այդ կետը չկա․․․ ու շարունակվելու է այնքան , քանի դուք կաք։