Ինչից է հուզվել Սոնա Շահգելդյանը 

Ինչից է հուզվել Սոնա Շահգելդյանը 

Մայիսի 17-ին մեր կայքում մի փոքրիկ լուր է հրապարակվել. «Սոնա Շահգելդյանը անջատեց զանգը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին հարցը լսելով» վերնագրով։ Գրել էինք, որ զանգահարեցինք երգչուհուն, հարցրեցինք՝ ի՞նչ կարծիք ունի շարժման վերաբերյալ, արդյոք մասնակցո՞ւմ է շարժման հանրահավաքներին, ի պատասխան մեր հարցի՝ Սոնան անջատել էր` առանց որեւէ խոսք ասելու, իսկ ավելի ուշ բջջային համարին, որով զանգահարել էինք, ՍՄՍ էր գրել, թե տեղը հարմար չէ` ինքը մեզ հետ կկապվի։ Չէր կապվել` լուրը գրել էինք:

Լուրի հրապարակումից ժամեր անց մեզ հետ է կապվում նրա պրոդյուսերը` ներկայանում Վարդան Նահապետյան անունով, եւ սպառնում՝ թե մեզ դատելու են, ազատազրկելու են այդ լուրը գրելու համար, գոռգոռում է, թե` ի՞նչ իրավունք ունեինք զանգահարելու երգչուհուն։ Հաջորդ օրը կրկին զանգահարում է՝ կրկնում նույնը, ապա ասում, որ մենք Սոնային հասցրել ենք հոգեբանական վատ վիճակի եւ դրա համար պետք է պատասխան տանք։ Նաեւ մեզ մեղադրում է, որ սոցիալական ցանցի տարբեր օգտատերերը վատ մեկնաբանություններ են գրել նրա հասցեին, եւ այլ լրատվական կայքեր` հղումով, տարածել են այդ նյութը։ 

Փորձել ենք պրոդյուսերին բացատրել, որ մենք պատասխանատու չենք այլ լրատվական կայքերի եւ ՖԲ օգտատերերի գրած մեկնաբանությունների համար։ 

Ավելի ուշ, Սոնա Շահգդելյանը ինստագրամի իր էջում գրառում է կատարել՝ խեղաթյուրելով իրականությունը, նշել է. «Լրագրողը զանգահարել է ինձ ճշտելու համար, թե ինչու դուրս չեմ գալիս Սրբազանի ակցիաներին մասնակցելու, հրաժարվել եմ պատասխանել, առաջինը՝ իմ անձնական գործերով զբաղված լինելու և երկրորդ` իմ անձնական իրավունքներից ելնելով, ո՛չ մեկ ինձ չի կարող ստիպել անել մի բան, որը չեմ ցանկանում....»: 

Բնականաբար, ոչ ոք չի կարող ստիպել իրեն անել իր կամքին դեմ որեւէ բան, ինչպես եւ մեզ չեն կարող ստիպել գրել կամ չգրել որեւէ նյութ: Բայց նախ մենք չենք հարցրել, ինչո՞ւ դուրս չի գալիս ակցիաներին մասնակցելու, հարցը հնչել է այսպես. «Ինչպիսի՞ կարծիք ունի շարժման վերաբերյալ»։ Երկրորդ՝ նա չի հրաժարվել պատասխանել եւ չի ասել, որ զբաղված է, այլ պարզապես անջատել է զանգը՝ առանց բառ ասելու, որից հետո նամակ է գրել, թե ավելի ուշ կպատասխանի, երբ հարմար լինի եւ այլեւս չի պատասխանել։ 

Երգչուհուն եւ իր պրոդյուսերին խիստ անհանգստացել էին նյութի վերջում արված հիշեցումը, թե 2018 թվականին նա աջակցել է Փաշինյանին։ Տպավորություն է, թե Սոնան այլեւս խուսափում է Նիկոլ Փաշինյանի անունը տալ, մինչդեռ ինքն էր 2018 թվականին իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել ու գրել․ «Միակ վարչապետն է եղել ու մյուս անդամները, ում դիմաց կարող եմ հպարտ երգել․․․»։