Մի քանի դիտարկումներ՝ մայիսի 26-ի հանրահավաքից առաջ

Մի քանի դիտարկումներ՝ մայիսի 26-ի հանրահավաքից առաջ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ եւ խորհրդանիշ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շարունակում է հանդիպումների շարքը տարբեր մասնագիտական եւ փորձագիտական խմբերի հետ՝ մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, տնտեսագետներ, արցախցիներ, բժիշկներ եւ այլն։ Նախորդ հանրահավաքից հետո, որի ընթացքում հայտարարվեց քաղաքական թիվ մեկ պահանջի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, կարծես ավելի խորքային պրոցեսներ են ծավալվել, եւ շարժումը նոր շնչառություն է հավաքում՝ հանրահավաքից առաջ, եւ դա արվում է այս հանդիպումների միջոցով։ Այս փուլը դեռ մի քանի օր կշարունակվի, փորձենք որոշ արձանագրումներ անել եւ մի քանի մտահոգություններ ներկայացնել, որոնք պետք է շարժման առաջնորդները հաշվի առնեն։

Երբ ուսումնասիրում ենք մեր հասարակության ներսում եղած հանրային-քաղաքական տրամադրությունները, տավուշյան շարժումը խիստ պահանջված էր թե՛ որպես իշխանափոխության, թե իշխանություններին զսպելու միջոց։ Շարժումը երկու թիրախային նպատակներին էլ փորձում է հասնել։ Իհարկե, իշխանափոխության նախադրյալներ կան երկրում։ Որպես զսպման միջոց էլ՝ իշխանական ճամբարի ներկայացուցիչները հատկապես լրագրողների հետ շփումներում կարծես բավականին զուսպ են դարձել, ինչը եւս ձեռքբերում է։ 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նաեւ որոշակի ակնկալիքներ, հույսեր արթնացրեց մարդկանց մոտ։ Նախ՝ հույս արթնացրեց, որ ներկայիս աղետին ու անդառնալիության կետին շատ մոտ իրավիճակը կարող է շտկվել, եւ անկախ մեր բոլոր կորուստներից՝ կարող է «ամեն բան լավ լինել», այսինքն՝ ակնկալիքներ առաջացրեց։ Չնայած Բագրատ սրբազանն ի սկզբանե հայտարարում էր, որ շարժումը «չակնկալիքների մասին է», սակայն շատ արագ բյուրեղացան եւ ձեւակերպվեցին հանրության ակնկալիքները։ 

Այդուհանդերձ, շատերը նաեւ դժգոհում են, որ վերջին օրերին շարժումը դանդաղել է, եւ ոմանք տպավորություն ունեն, որ գնում է դեպի մարում։ Մանավանդ այս թեզն են համառորեն առաջ մղում իշխանական քարոզիչները։ Մինչ այժմ Հայաստանում եղած շարժումները, որոնք պահանջել են գործող իշխանությունների հրաժարականը, ավելի կտրուկ ընթացք են ունեցել, եւ կարծիք կա, որ հաջողությունը լինում է միայն սրընթաց, եւ պետք է փորձել նպատակին հասնել շատ կարճ ժամանակում։ Եվ պրոցեսի ժամանակային երկարաձգումը որոշ անորոշություն է առաջացրել ու նաեւ տարատեսակ մտայնությունների տեղիք տվել։ Իհարկե, գուցե սա էլ ընտրված մարտավարություն կամ տեխնոլոգիա է, բայց պետք չէ մոռանալ, որ մեր հասարակությունը, այսպես ասած՝ «երկարատեւ շնչառություն» չունի։ Ժամանակին եթե Փաշինյանի նախաձեռնած շարժումը եւս մեկ շաբաթ շարունակվեր, իսկ Սերժ Սարգսյանը հրաժարական չտար, այն հաստատապես մարելու էր։

Բայց կա տպավորություն նաեւ, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը ձեւակերպած հանրահավաքից հետո որոշ խնդիրներ են առաջացել։ Դրանք կարող են լինել եկեղեցու ներսում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանդեպ ունեցած վերաբերմունքի հետ կապված, կարող են լինել շարժմանը հարող քաղաքական-հանրային շրջանակների ներսում։ Գաղտնիք չէ, որ եկեղեցական էլիտայում էլ կան տարաձայնություններ, եւ բոլորը չէ, որ աջակցում են այս շարժմանը։ Կոտայքի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Առաքել Քարամյանը «Հրապարակի» հետ զրույցում բացեիբաց ասել էր այդ մասին, չնայած նրա պարագան տարբերվում է՝ Արգիշտի Քյարամյանի հետ ունեցած կապի հանգամանքով պայմանավորված։ 

Մյուս կողմից, ինքնին հասկանալի է, որ Բագրատ սրբազանին փորձում են կապել այս կամ այն ուժի, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ՝ Քոչարյանի կամ Պուտինի ականջները տեսնելով, չնայած միանգամայն բնական է, որ իր գործունեությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի վրա կառուցած «Հայաստան» դաշինքը պետք է աջակցեր սրբազանին եւ այս շարժմանը։ Նաեւ իշխանափոխությունն իրենց նպատակ հռչակած բոլոր ուժերը պետք է մասնակցեին ե՛ւ հանրահավաքներին, ե՛ւ սատարեին սրբազանին։ Հրապարակում հավաքված 50, 70, 100 հազարի մեջ տարբեր ուժերի անդամներ կան, եւ նրանց որպես ապագա իշխանության հավակնորդ ու պահանջատեր ներկայացնելը մի կողմից անբարոյական է, մյուս կողմից՝ որպես իշխանական մարտավարություն, հասկանալի։ Բագրատ սրբազանն առայժմ կարողանում է տարանջատվել բոլորից եւ հանուն հայրենիքի եւ պետականության պայքարն առաջ մղել։ Ի վերջո, անձամբ իր համար սա անձնական պատվի հարց է նաեւ, եւ ինքն իրավունք չունի այս պայքարը հաղթական ավարտին չհասցնելու։ 

Առաջիկա կիրակի շարժումն ունի հանրահավաք, եւ հույս կա, որ այդ ժամանակ ի վերջո կհստակեցվի պայքարի շարունակության ծրագիրը, եւ քաղաքական ուժերն էլ «խանդի տեսարաններ» սարքելու փոխարեն կհասկանան, որ կարեւորը նպատակն է, որին առանց Բագրատ սրբազանի հնարավոր չէ հասնել։ Մանավանդ իրենց հանդեպ հասարակության մեջ կա ակնհայտ վստահության դեֆիցիտ, եւ իրենցից այսօր մի բան է պահանջվում՝ չխանգարել, ամբիցիաներ չդրսեւորել, ամեն կերպ աջակցել Բագրատ սրբազանին, ով միակն էր, որ կարողացավ մեկ սեղանի շուրջ համախմբել ազգն ու քաղաքական ուժերին։