Ի՞նչ ճակատագիր է սպասվում Տեր-Պետրոսյանի մեքենային

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Տեր-Պետրոսյանի մեքենային
Երեկ պետք է կայանար Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած Mercedes մակնիշի զրահապատ մեքենայի հերթական աճուրդը։ Աճուրդի լոտի մեկնարկային գինը 17 մլն․ դրամ է եղել, սակայն գնորդ չլինելու դեպքում ամեն անգամ 20 տոկոսով իջել է։ Մի քանի ամիս է, սակայն, այս մեքենայի համար գնորդ չի գտնվում, ամեն անգամ աճուրդը չի կայանում՝ հայտատու չլինելու պատճառով։ Երեկվա դրությամբ մեքենայի գինը 10 մլն․ 880 հազար դրամ էր սահմանվել։ Պետգույքի կառավարման վարչությունից մեզ հայտնեցին, որ հաջորդ աճուրդը կկայանա 15 օր անց, որի դեպքում կրկին մեքենայի գինը 20 տոկոսով կիջնի։ Ընդ որում՝ գինն իջնում է ոչ թե նախնական գնի 20 տոկոսի, այլ ամեն անգամ 20 տոկոսով իջած գնի 20 տոկոսի չափով։ Հաջորդ աճուրդի ժամանակ գինը կկազմի մոտ 8 մլն․ 704 հազար դրամ։ Մենք այս մեքենայի աճուրդի թեմային նախկինում անդրադարձել ենք՝ նշելով, որ առաջին նախագահին սպասարկած ծառայողական ավտոմեքենան վաճառելը սխալ է, այն կարող է եւ պետք է դառնա թանգարանային նմուշ եւ պահվի հատուկ ցուցասրահներում կամ ներկայացվի ցուցադրությունների ժամանակ։ Մինչդեռ այս տարբերակով վաճառքի հանելով՝ ինչ-որ մեկը կարող է ուղղակի ջրի գնով ձեռք բերել այն ու, ասենք, «տաքսու տակ քշել»։ Պատկերացրեք՝ նախագահին սպասարկած զրահապատ Mercedes-Benz SEL 500 ներկայացուցչական սեդանը տաքսի է կամ առաքիչի մեքենա։ Ուրիշ երկրներում իրենց անգամ ամենաանշուք իրերն են խնամքով փայփայում ու դրանից պատմական էքսպոնատներ ստանում, իսկ մեզանում հակում ունեն եղածը ոչնչացնել, չթողնել ոչ մի պատմամշակութային արժեք։ Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, էլ չենք ասում՝ եվրոպական երկրներում բազմաթիվ ավտոցուցասրահներ կան, որտեղ ներկայացված են իրենց ղեկավարներին սպասարկած մեքենաները եւ ոչ միայն։ Դրանցով մարդիկ փող են աշխատում, տուրիստների են գրավում, իսկ Հայաստանում ընդամենը մի կիսատ-պռատ «գարաժ» կա, որտեղ մի քանի այդպիսի մեքենա է պահվում, բայց մասսայական ցուցադրության դրված չեն։



Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը, երբ նոր էր Տեր-Պետրոսյանի մեքենան հանվում աճուրդի, նամակով դիմել էր վարչապետին՝ խնդրելով այդ մեքենան որեւէ ընթացակարգով տրամադրել ֆեդերացիային։ Աղաջանյանը պատրաստակամություն էր հայտնել հոգալ մեքենայի պահպանման բոլոր ծախսերը, բերել պատշաճ տեսքի ու վիճակի եւ օգտագործել այն ռետրո մեքենաների ցուցադրությունների ժամանակ։ Այսինքն՝ ցանկանում էր օգտագործել որպես պատմական արժեք։ Բայց մերժում էր ստացել։ «Կառավարությունից մեզ առհասարակ չպատասխանեցին, միայն Արման Սահակյանն արձագանքեց՝ նշելով, որ մենք կարող ենք պարզապես մասնակցել աճուրդին եւ վերջ»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց **Գագիկ Աղաջանյանը**։



Մեր հարցին, թե հնարավո՞ր է իրենք, ամեն դեպքում, որոշեն մասնակցել աճուրդին եւ ձեռք բերել մեքենան, պարոն Աղաջանյանը չբացառեց․ «Ֆեդերացիան այդքան միջոցներ չունի, եթե մենք կարողանանք հովանավորի հարց լուծել կամ ցանկացողի, որ ֆեդերացիային որեւէ մեկը նման նվիրատվություն անի, միգուցե եւ՝ այո»։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**