Մենք ընդդիմադիր և իշխանական մամուլի կողմից բլոկի տակ ենք հայտնվել

Մենք ընդդիմադիր և իշխանական մամուլի կողմից բլոկի տակ ենք հայտնվել

«Հրապարակի» զրուցակիցը «Մարտական եղբայրության» անդամ Մասիս Շիրոյանն է:

- «Մարտական եղբայրությունը» բավականին ակտիվ էր Տավուշի դեպքերի սկսվելու պահին, անգամ բռնությունների եւ բերման ենթարկվեցիք, սակայն, երբ «Տավուշը հանուն հայրենիք»-ի շարժումը մեկնարկեց եւ հատկապես տեղափոխվեց Երեւան, ձեր ակտիվությունը, կարծես, նվազեց: Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված:

- Մենք ինչպես եղել ենք, ինչով զբաղվել ենք, հիմա էլ նույն գործով զբաղվում ենք: Պարզապես մեզ քիչ են սկսել լուսաբանել:

- Ինչո՞ւ:

- Մեզ մոտ տպավորություն է, որ մենք ընդդիմադիր և իշխանական մամուլի կողմից բլոկի տակ ենք հայտնվել: Ամեն մեկն իր օրակարգն է ցանկանում լուսաբանել: Լինում են դեպքեր, երբ մեր ասածները բխում են ինչ-որ շրջանակների` ընդդիմադիր, կամ իշխանական շրջանակների շահերից, սկսում են լուսաբանել, բայց առհասարակ մեր օրակարգը նրանց օրակարգից տարբերվում է և հենց այդ պատճառով էլ մենք խաղից դուրս ենք:

- Իսկ ո՞րն է ձեր օրակարգը:

- Նոյեմբերի 9-ի պայմանագիրը պետք է հեչ անել` անվավեր ճանաչել: Ու մեր այդ ասածը ինչքանով, որ դուր չի գալիս իշխանությանը, այդքանով դուր չի գալիս նաև ընդդիմությանը:

- Իսկ այս օրերին ինչո՞վ եք զբաղված:

- Տարբեր աշխատանքներ, քաղաքական հարցեր ենք քննարկում, թեմաներ ենք բարձրաձայնում, ներքին կազմակերպչական տարբեր գործողություններ և այլն: Այժմ Երևանում ենք:

- Մայիսի 26-ին Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրում: Մասնակցելո՞ւ եք, թե նրան էլ եք համարում ընդդիմադիր ճամբար:

- Բագրատ սրբազանին համարում ենք ուղղակի սրբազան: Նա, երբ հստակ քաղաքական օրակարգ կներկայացնի, որը, այսպես ասած, կբռնի մեր քաղաքական պահանջների հետ, կքննարկենք ու գուցե միանանք նրան: Նա ասում է` սև ու սպիտակը պետք է եռագույնով փոխարինել, բարին պետք է հաղթի չարին, ճշմարտությունը ստին ու կեղծիքին, մենք այդտեղ քաղաքական միտք չենք տեսնում, լավ բաներ է ասում` որպես սրբազան, բայց ոչ որպես քաղաքական գործիչ:

- Բայց մի՞թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելը չէ այսօր առաջնային հարցը:

- Շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, հիանալի է, մենք կողմ ենք դրան, դա ամենակարևոր բանն է, բայց ո՞րն է լինելու դրա շարունակությունը, այ դա է կարևորը: Նիկոլին օր առաջ պետք է հեռացնել, ճիշտը դա է: Նիկոլի արած գործողություններն են մեզ այս օրին հասցրել, իսկ ո՞րն է նրա բուն գործողությունը. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը:

- Արցախը հանձնվել է, հիմա էլ Տավուշի գյուղերն են հանձնվում:

- Դե, անվերջ էդպես է լինելու, էդ պրոցեսը չի կանգնելու: Հանձնելով գնալու ենք: Արցախը ինչպես հանձնեցին, այդպես Դիլիջանն էլ մի օր կհանձնեն, հետո Վանաձորը, Սևանը, Սյունիքը և այդպես շարունակ: Եթե բովանդակային հակադրություն չկա, ամեն բան շարունակական է լինելու, էմոցիաները մի կողմ, կարևորը բովանդակությունն է:

- Ինչպե՞ս եք պատկերացնում նոյեմբերի 9-ի համաձայնագրի չեղարկումը:

- Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը, հետ գնա 1994 թվականի մայիս: Պետք է խոսել Արցախի ինքնորոշման ազատ իրավունքի մասին: Բոլորով Արցախի էջը փակել են, բայց մեզ համար այն փակ չէ:

- Բայց սրբազանն ասաց` Ոսկեպարով պետք է վերադառնանք Արցախ: Էլ ո՞նց է փակված Արցախի հարցը նրա համար:

- Լավ բան ասաց, բայց դա քաղաքական միտք չէ, հաճելի բան է շատ, բայց չկա մեխանիզմ: Եթե չի ասում` դուրս է գալիս նոյեմբերի 9-ի պայմանագրի դրույթներից, թե ոչ, խնդիրը խորանում է:

- Իսկ ինչո՞ւ առանձին չեք պայքարում:

- Որովհետև այդպես էլ դուրս կգա, որ Նիկոլին օգնում ենք, իսկ մենք անկախ ամեն ինչից Նիկոլին ուզում ենք օր առաջ հեռացնել:

- Փորձե՞լ եք Բագրատ սրբազանի հետ խոսել, գուցե նա կիսո՞ւմ է ձեր տեսակետները:

- Փորձել ենք, դեռ չի պատասխանել մեզ: Եթե գնում ենք մի նոր փոփոխության պետք է բոլոր ներկա ու նախկին ուժերը զրկվեն բոլոր միջոցներից, որպեսզի հետագայում չմասնակցեն ընտրություններին, հակառակ դեպքում ստացվում է, որ նույն մարդիկ անվերջ ասպարեզում են մնում ու ոչինչ չի փոխվում` բովանդակային առումով: