Մասնավորեցվել է երկու ընկերություն, երկուսն էլ հերթի մեջ են

Մասնավորեցվել է երկու ընկերություն, երկուսն էլ հերթի մեջ են
Դեռեւս այս տարվա մայիսի վերջին կառավարությունը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի աղմկահարույց նախագծին, որով նախատեսվում է, ընդհանուր առմամբ, 47 ընկերությունների մասնավորեցում, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ․ դրամ: Նախագիծը լսվեց ու ընդունվեց նաեւ Ազգային ժողովում։ Այդ ընկերությունների շարքում են «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն (Հյուսիսային ավտոկայարան), «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան», «Ընդունելությունների տունը» (Կառավարության ընդունելությունների տուն), «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, «Երվերելակ» ՓԲԸ-ն, «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնը», «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ն եւ այլն:



Ինչպես նշված է նախագծում, գործընթացը նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը. առեւտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացում, մրցակցային միջավայրի բարելավում, ներդրումների ընդգրկում, աշխատատեղերի պահպանում ու ավելացում, պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների ավելացում եւ այլն: Սակայն ի սկզբանե ծրագիրը մեծ աղմուկ բարձրացրեց, այն միանշանակ չընդունվեց՝ հարուցելով ինչպես ցանկում նշված ընկերությունների տնօրենների կամ որոշակի բաժնեմասի սեփականատերերի վրդովմունքը, այնպես էլ ակտիվ հանրության։ Այն, որ խորհրդային ժամանակաշրջանից մնացած ենթակառույցներն այսօր վերափոխման, արդիականացման կարիք ունեն, ընդունում են շատերը։ Սակայն հարցն այն է, թե արդյոք մասնավորեցումից հետո եղածն էլ չի՞ կորչի-գնա, գնորդն իսկապե՞ս այդ ընկերությունները կառողջացնի ու կզարգացնի, թե՞ եղածն էլ կոչնչացնի կամ շենքն այլ նպատակներով կօգտագործի։ Ասենք՝ ի՞նչ երաշխիք կա, որ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը», «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն կամ «Նեւրոզների կլինիկան» մասնավորեցվելուց հետո չեն վերածվի հյուրանոցների կամ գիշերային ակումբների: Առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնի ղեկավար, առողջապահության ՀՅԴ-ական նախկին նախարար Նորայր Դավիդյանը քննադատեց կենտրոնը մասնավորեցնելու ծրագիրը՝ նշելով, որ այն երկրի համար ռազմավարական եւ սոցիալական նշանակություն ունի, Հայաստանում նման ուղղվածության միակ կենտրոնն է, չի կարելի այն վաճառել, որ անկապ մեկը չդառնա նման կենտրոնի սեփականատեր։



«Սա գիտական կենտրոն է, 5 պրոֆեսոր է աշխատում, գիտությունների 8 թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա´վ, մի անգամ կարելի՞ էր գալ, մի հատ կարելի՞ էր բացատրել` ինչ եք անում։ Սա ո՛չ համալիր է, ո՛չ էլ կառավարության շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ո՞նց են առանց ուսումնասիրելու այդպիսի բան անում: Հիմա կարելի է այստեղ նաեւ խորովածանոց սարքել, երեւի մի քիչ ավելի լավ կլինի»,- ավելի վաղ մեր թերթին ասել էր Դավիդյանը։



Արդյոք ՀՀ կառավարությունը հետեւողական կլինի՞ այս հարցի շուրջ` վերահսկելով հետմասնավորեցման փուլը: Նախադեպերը հուսադրող չեն։ Կային տեղեկություններ, թե սկզբում շատերն ուղիներ էին որոնում՝ ցանկից հանելու իրենց ղեկավարած ընկերությունների անունները, սակայն, քանի որ ծրագիրն օրենքի նախագիծ է, դա ծանոթով կամ զանգով հնարավոր չէ հանել, պետք է փոփոխության նախագիծ բերվի, եւ ԱԺ-ն հաստատի որեւէ ընկերության ցանկից դուրս հանելը։

Մասնավորեցման որոշումից սրտնեղել էր նաեւ «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը։ Լինելով իշխանության ներկայացուցիչ՝ նա էլ հրապարակային դժգոհություն հայտնեց, թե մասնավորեցման ենթակա կառույցների ցուցակում ընդգրկված «Հրազդան» մարզահամալիրը մարզադաշտի անբաժանելի մասն է, որն իրենք ժամանակին 50 տարով վարձակալել են, քանի որ իրենց թույլ չեն տվել սեփականաշնորհել՝ պատճառաբանությամբ, թե փողոցի մյուս կողմում ուրիշ հասցե է։



Երեկ էլ Աղաբաբյանը գործընթացի մասին խոհափիլիսոփայորեն պատասխանեց․ «Բոլոր համաշխարհային հարցերը լուծվում են ժամանակի ընթացքում, սպասենք՝ ժամանակը կլուծի այդ հարցը»։ Աղաբաբյանը տեղեկացրեց, որ իրենց վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է հինգ տարուց։ «Մինչեւ չլրանա, հնարավոր չէ մասնավորեցում»,- վստահ պնդեց նա ու հույս հայտնեց, որ մինչ այդ ժամկետը «Հրազդան» մարզահամալիրի համար գնորդ կհայտնվի, ինքը կվաճառի, եւ նոր սեփականատերը կկարողանա մասնավորեցնել եւ առողջացման ծրագիր ներկայացնել նաեւ մասնավորեցման հանված համալիրի համար։ «Հոլանդացիներ, արաբներ, այլազգիներ կան հետաքրքրվող, բայց ես կուզենայի ու հույս ունեմ, որ հայ գնորդ կհայտնվի»,- ասաց նա։





Իսկ, օրինակ, «Երվերելակ» ՓԲԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը դեռ մի բան էլ ուշացած է համարում իրենց ընկերության մասնավորեցումը: Նա լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ ընկերությունը տարիներ ի վեր լուծարման շեմին է, աշխատողներից էլ միայն ինքն ու հաշվապահն են մնացել: Անկախությունից հետո ընկերությունն իր գործառույթները կամաց-կամաց հանձնել է համատիրություններին ու մասնավոր հատվածին եւ այսօր արդեն որեւէ գործառույթ չի իրականացնում: Ավելին, արդեն մի քանի տարի է՝ տնօրենն ու հաշվապահն աշխատավարձ էլ չեն ստանում։





Երեկ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ ցանկում նշված ընկերություններից դեռեւս երկուսն են մասնավորեցվել, թե որոնք՝ չհայտնեցին։ Օգոստոսի 17-ին կառավարությունը թույլատրել է պետական գույքի կառավարման վարչությանն ուղղակի վաճառքի ձեւով, նախապատվության իրավունքով մասնավորեցման համար առաջարկել «Բյուրեղ հանքային ջուր» ՓԲԸ-ի 9.034 տոկոս պետական բաժնեմասը՝ 3 հազար 424 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 100 դրամ անվանական արժեքով: Ըստ կառավարության որոշման՝ «Բյուրեղ հանքային ջուր» ՓԲԸ-ն գործունեություն չի ծավալում: Ընկերությունում հաշվառվում է մեկ հաստիք՝ տնօրեն: «Բյուրեղ» ապրանքատեսակն արտադրվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից եւ ոչ մի առնչություն չունի «Բյուրեղ հանքային ջուր» ՓԲԸ-ի հետ: Նշենք, որ «Ջերմուկ Գրուպը» պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին։ Կառավարությունը նույն օրը թույլատրել է նաեւ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ պետական բաժնետոմսերը 100 տոկոսով մասնավորեցնել դասական աճուրդով: 2017 թվականի հունիսի 7-ին գնահատված արժեքը եւ մեկնարկային գինը կազմում է 5 մլն․ 443 հազար 523 դրամ: «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2015 թ. դեկտեմբերին: Նշենք, որ Պետռեգիստրում երկու ընկերությունների սեփականատերերի տվյալները դեռ չեն թարմացվել։



Պետգույքից հայտնեցին նաեւ, որ մոտ 20 ընկերությունում գնահատման աշխատանքներն ավարտել են, «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» եւ «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ների փաստաթղթերն արդեն ներկայացրել են կառավարություն, որտեղ կորոշեն, թե մասնավորեցման որ տարբերակն են ընտրելու։ Նշենք, որ, սովորաբար, երբ գույք է աճուրդի հանվում, եւ գնորդ չունենալու արդյունքում այն չի կայանում, ապա հաջորդ աճուրդին դրա վաճառքի արժեքը 10 տոկոսով նվազում է: Այսինքն՝ եթե վերոնշյալ` մասնավորեցման ենթակա գույքի ցանկում ներառված պետական գույքերի աճուրդը մի քանի անգամ չկայանա, ապա դրանց վաճառքի գները մի քանի անգամ կնվազեցվեն եւ օլիգարխիայի կողմից գրոշներով կգնվեն:



**

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**