Աշոտ Ղուլյանը՝ տարկետման իրավունքի վերացման, ՀՀ վարչապետի՝ ով լինելու և Արցախյան խնդրի մասին

Աշոտ Ղուլյանը՝ տարկետման իրավունքի վերացման, ՀՀ վարչապետի՝ ով լինելու և Արցախյան խնդրի մասին
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կոռեկտ չի համարում մեկնաբանել Սերժ Սարգսյանի՝ «Արցախյան խնդրի լուծումը ցավոտ է լինելու» խոսքերը, որովհետև վստահ է, որ «այդ խոսքերը եղել են շատ երկար խոսքից հետո»։



Նա կարծում է, որ մենք մի քիչ ժամանակից առաջ ենք ընկնում փոխզիջումների, լուծումների մասով։ «Իմ խորին համոզմամբ՝ մենք շատ hեռու ենք այդ փուլից, որովհետև այն, ինչ որ այսօր մենք նկատում ենք բանակցային գործընթացում, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, այլև նույնիսկ ցանկություն չկա գալու կոնկրետ լուծումների։ Այս պարագայում պետք է շարունակել բանակցային գործընթացը, պետք է փորձել նրանց որոշ բաներ բացատրել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱշոտՂուլյանը։ Հիշեցնենք, Ղուլյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայաստան և հանդիպում-քննարկում ունեցել ԱԺ նախագահի և պատգամավորների հետ։







Աշոտ Ղուլյանը կարծում է նաև, որ մենք ժամանակից շուտ ինչ-որ բան զիջելու մասին խոսակցություններ չպիտի թույլ տանք, որովհետև դա «միայն ու միայն մեր ներքին հասարակական ամրությունն է խարխլում»։





«Ես վստահ եմ, որ այդ հարցերի պատասխանն ունի միայն մեկ սուբյեկտ, և դա Արցախի ժողովուրդն է»,-ասաց նա։





Հարցին, թե Արցախում ինչպե՞ս են վերաբերվում 2018-ից հետո Հայաստանում վարչապետի ով լինելու հարցին, և ո՞վ է 2018-ից հետո բանակցություններ վարելու Ալիևի հետ, Ղուլյանն ասաց․ «Արցախի Հանրապետությունում շատ հարգալից են վերաբերվում նրան, որ դա Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է։ Եվ կարծում եմ, որ մինչև հիմա այնքան է խոսվել այդ մասին, որ թերևս միայն կարելի է ավելացնել, որ այս պահին չեմ կարծում, որ մենք բոլոր հարցերի պատասխաններն ունենք։ Վստահ եմ, որ մենք, ի դեմս գործող նախագահի, ունենք շատ լավ պատրաստվածություն Ղարաբաղի բանակցային գործընթացում, բայց վստահ եմ նաև, որ մենք նաև ունենք պատրաստվածություն այլ առումով, որովհետև դա մի պրոցես է, որին և՛ Արտաքին քաղաքական հարցերով, և՛ անվտանգության հարցերով այսօր շատ ավելի մեծ շրջանակ է դրան ներգրավված»։



Դիտարկմանը, թե հանրապետականները Սերժ Սարգսյանին անփոխարինելի են համարում, Արցախի ԱԺ նախագահն այսպես արձագանքեց․ «Ես չեմ կարող հանրապետականների փոխարեն պատասխանել, Հանրապետական կուսակցության որոշելիք հարցն է, եթե ես Ձեզ հիմա ինչ-որ բան ասեմ, դա կարո՞ղ է լինելու է որոշում»։





Աշոտ Ղուլյանն ընդունեց, որ 2016-ի ապրիլից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է Ադրբեջանի հարցում, և առայժմ որևէ հիմքեր չկան, որ այդ դիրքորոշումը կմեղմանա։ «Կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պահվածքը շատ անկանխատեսելի է, և որևէ բան այսօր չի խոսում այն մասին, որ նրանք փոխվել են, կամ այդ այդ դիրքորոշումը մեղմանալու է, կամ դեպի դրական ինչ-որ գործընթացներ կան։ Պարզապես վստահ եմ, որ Ադրբեջանը հետևություններ արել է 2016-ի ապրիլյան պատերազմից հետո»,-ասաց նա։





Հարցին, թե ո՞ր փուլում է հնարավոր Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացներին և ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, պարոն Ղուլյանն ասաց․ «Մի բան ֆիքսենք միանշանակ, որ այդպես է՝ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին բացի Ադրբեջանից որևէ մեկը չի հերքում։ Եվ կախված նրանից՝ Ադրբեջանը կհամաձայնվի Ղարաբաղի մասնակցությանը կամ այդ միջավայրը կստեղծվի, որ Ղարաբաղն անմիջականորեն մասնակցի, մենք կարծում ենք, որ դա առաջին հերթին կվկայի այն մասին, որ կա կոնկրետ ցանկություն հիմնախնդիրը լուծելու, որովհետև այն բոլոր հարցերը, որ կան բանակցային սեղանին կամ կարող են ծագել բանակցությունների ընթացքում, դրա մեծ մասին պատասխան տվողը Արցախի Հանրապետությունն է։ Մեզ համար միանշանակ է, որ Արցախի Հանրապետության մանսակցությունը պետք է լինի բոլոր փուլերում»։





Անդրադառնալով նաև Վիգեն Սարգսյանի նախաձեռնությանը տարկետման իրավունքի վերացման մասով՝ Աշոտ Ղուլյանն ասաց, որ ինքն, իհարկե, մտածում է այդ հարցի մասին։ «Եվ կարծում եմ, որ այստեղ մենք չպիտի գնանք այդ հակադրությանը՝ գիտությունն է կարևոր, թե անվտանգությունը։ Մենք միառժամանակ ստիպված ենք համադրել։ Անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպիտի բաց թողնենք նաև գիտությունը։ Տարկետման իրավունք՝ չի նշանակում, որ մենք գիտությունը բաց ենք թողել։ Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այդ հարցի լուծումը։ Արցախում վաղուց է այդպես՝ որևէ տարկետման իրավունք չկա։ Միայն մի հանգամանք կարող է երիտասարդին ազատել բանակում ծառայելուց, դա առողջության հետ կապված հարցն է»,-ասաց Աշոտ Ղուլյանը՝ վստահեցնելով, որ Արցախում բոլոր պաշտոնյաների որդիներն էլ 18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են։









**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**