Մի զոքանչի պատմություն

Մի զոքանչի պատմություն

Մեկն իր զոքանչին ամեն օր տանում է ցեխի վաննաների, հետ է բերում: Այնքան էլ ուշադիր է լինում, որ հարեւաններից մեկը մի օր չի դիմանում ու դրան ասում է.



- Բա փեսա՞ն էլ զոքանչին այսքան սիրի:



- Սիրելը ո՞րն է, այ ախպեր, մարդուն պիտի հողին կամաց-կամաց սովորեցնես,- պատասխանում է ուշադիր փեսան:



Հանրապետականները քիչ էին, հիմա էլ ԲՀԿ-ականներն են սկսել մեզ կամաց-կամաց սովորեցնել Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը: Օրերս հայտարարել էին, որ աշնանը կտան վարչապետի իրենց թեկնածուի անունը: Դա կլինի այն մարդը, ում թեկնածությունը կառաջադրի ՀՀԿ-ն: Սա նշանակում է, որ աշնանը կամ այն պահին, երբ ՀՀԿ-ն հայտարարի ՀՀ ապագա վարչապետի անունը, ԲՀԿ-ն կդադարի ընդդիմադիր կուսակցություն լինելուց: Չի բացառվում, որ նույն օրն էլ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի աշխատասենյակից դուրս տարված Սերժ Սարգսյանի նկարի փոխարեն հայտնվի ՀՀԿ-ական նոր վարչապետի նկարը: Թե դա ում նկարը կլինի, չափերով կգերազանցի նախորդին, թե ոչ, չենք կարող ասել, բայց Մելքումյանն այլեւս կոմպլեքսներ չի ունենա, որովհետեւ ԲՀԿ-ն դրանով ասած կլինի տղամարդու իր խոսքը:



«Հրապարակին» տված հարցազրույցում «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, կարծես, մի թեթեւ բարձրացրել է ապագա վարչապետի ով լինելու հարցի վարագույրը` մի ամբողջ դիֆերամբ ձոնելով Սերժ Սարգսյանին: Ժողովրդի ընտրյալը գործող նախագահին համարում է այն մարդը, ով բոլորից լավ գիտի ամեն ինչ. «Ես մի բան գիտեմ, որ այս երկրում Սերժ Սարգսյանից բացի ոչ մեկն այդքան լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ե՛ւ ռազմարդյունաբերության ոլորտում, ե՛ւ տնտեսության ոլորտում, չկա մեկը, որ կարողանա իր պես իմանալ: Երկրորդը․ ոչ մեկն իր չափ չի կարող ուզել, որ էս երկրի վիճակը լավ լինի, կան բաներ, որոնք մենք չգիտենք, գիտի ինքը, եւ նեղ շրջանակ։ Բնականաբար, ինքը բոլորից շատ է ուզում, որ մեզ մոտ տնտեսական, քաղաքական վիճակը լավանա: Այսպիսի աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, որը ԵԱՏՄ անդամ է, բայց Արեւմուտքի հետ կարողանում է այնպիսի հարաբերություններ պահպանի, որ շուտով կստորագրենք նաեւ ասոցացման պայմանագիրը, դա նշանակում է, որ շատ կոմպլեմենտար քաղաքականություն է վարվում, ինձ շատ դուր է գալիս»: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ կկատարվի Նապոլեոնի հետ, եթե ՀՀԿ-ն, հանկարծ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը չտա 2018-ին: Նապոլեոն էլ որ ասում ենք, հո մենակ ինքը չէ՞: ԲՀԿ-ում եւ «Ծառուկյան դաշինքում» քանի՜ քանիսն են այդպես մտածում, երեւի մի ամբողջ բանակ:



Եվ այսպես, մեզ կամաց-կամաց սովորեցնում են այն բանին, որ վերջնականապես խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի առաջին վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Այս միտքը, բնականաբար, չէր կարող գեներացվել առանց «գլխավոր հերոսի»` Սերժ Սարգսյանի գիտության: Հիմա նա քաղաքական հաշվարկներից ելնելո՞վ է անում դա, աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորվա՞ծ, թե՞ պարզապես այս անորոշ վիճակն իրեն դուր է գալիս, չենք կարող ասել: Բայց փաստը մնում է փաստ, որ ամեն կողմից, այդ թվում՝ նաեւ ընդդիմության, նման հուշումներով մեզ ստիպում են համակերպվել «ընդմիշտ Սերժ Սարգսյան» բանաձեւի հետ:



«Ելքից» Արամ Սարգսյանն ասում է` պետք է ամեն ինչ անել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, որպեսզի Հայաստանը զարգանա: Թվում է` ծայրահեղ դիրքորոշում է, բայց դա միայն առաջին հայացքից է այդպես: Այն մարդիկ, որոնց այսպիսի կոչ է անում Արամ Սարգսյանը, վաղուց գիտեն, թե ինչեր կարող է անել նույն Արամ Սարգսյանը: Գիտեք ինչ, Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ գրեթե բոլորը ճանաչում են բոլորին: Պատմություն կա վերջապես, որը ոչ մեկին թույլ չի տա հրեշտակի թեւերով հայտնվել հանկարծ ու էշացնել հանրությանը: Դա նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Պարույր Հայրիկյանին չի հաջողվում այլեւս: Այնպես որ, Արամ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը հիշեցում-հորդոր է այն մասին, որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանն ինքնաթագադրվի նոր պաշտոնում, եւ դա չպետք է անակնկալ լինի մեզ համար: Բայց այսպիսի մի հարց Արամ Սարգսյանին` Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ՀՀԿ-ից ով կլինի ապագա վարչապետը: Այսինքն` Սերժ Սարգսյանն անձամբ այդ ի՞նչ վատ բան է արել ձեզ, որ հենց նրա թեկնածությանն եք այդպես դեմ:



Բոլորն են հասկանում, որ վերջնական խոսքն այս հարցում պատկանում է ՀՀԿ-ին: Ես նկատի ունեմ Սահմանադրությունը, ըստ որի` վարչապետ է նշանակում ԱԺ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը: Այստեղ բոլոր հարցերն սպառվում են, եւ նույնիսկ Արամ Սարգսյանը ոչինչ անել չի կարող, եթե, իհարկե, նրան չհաջողվի կրիտիկական զանգված ապահովել ՀՀԿ գրասենյակի մոտ կամ Ազատության հրապարակում: Դրա համար անհրաժեշտ է ընդդիմության միավորում, իսկ մեր ընդդիմադիրները, ինչպես ասացինք, զբաղված են Սերժ Սարգսյանի թեկնածության «ռասկրուտկայով»` ամեն մեկն իր դիրքին ու դերակատարությանը համեմատ:
Ինչքան էլ, սակայն, ասենք, որ ՀՀԿ-ն է որոշողը (Շարմազանովն այս մասին օրումեջ է խոսում), միեւնույն է, մեզ հայտնի է, որ մինչեւ ՀՀԿ-ի որոշելը, ամեն բան նախ որոշում է Սերժ Սարգսյանը, եւ հետո միայն նրա որոշումը պարտադրվում է ՀՀԿ-ին: Կարելի է, իհարկե, սրա անունը ՀՀԿ-ական երկաթյա կարգապահություն դնել, սակայն առաջիկա որոշումն այնքան կարեւոր է, որ արժե ՀՀԿ-ում մի թեթեւ քննարկում կազմակերպել, թեր ու դեմ կարծիքներ հնչեցնել: Հույս ունենք, որ դա կանի Սերժ Սարգսյանը, եթե, իհարկե, արդեն որոշել է վարչապետ դառնալ: Դա պետք է իրեն` հասարակությունը պետք է տեսնի, միջազգային հանրությունը եւ կառույցները պետք է իմանան, դրվատանքի խոսքեր պետք է լսվեն տարբեր մայրաքաղաքներից, ու լիքը այսպիսի բաներ: Այս ամենը, միով բանիվ, բազա է ստեղծում, լեգիտիմություն` հետագա պաշտոնավարման համար:



Եթե հավատալու լինենք Գալուստ Սահակյանին, ապա արդեն որոշված է, որ 2018 թվականից էլ Սերժ Սարգսյանն է ղեկավարելու Հայաստանը: Բայց սպասիր, հոպար, հեչ սիրուն բան չէ, երբ Սերժ Սարգսյանի փոխարեն ու նրանից առաջ որոշումը կայացնում ես դու: Գուցե սպասենք` ի՞նքը խոսի այդ մասին: Դեռ Սահմանադրություն փոխելուց առաջ է խոստացել, որ վարչապետ չի դառնալու: Ու հիմա այս ի՞նչ է կատարվում` Սերժ Սարգսյանը լուռ է, իսկ մյուսներն ասվածը հետողորմյա են անում` չնկատելով, որ նախեւառաջ բորդյուրին են թողնում ՀՀ նախագահի արած հայտարարությունները:



Այսքանով, կարծում եմ, կարողացա ընթերցողի մեջ առաջացնել այս թեմայով հոդվածների հեղինակներին տրվող ամենասուր հարցը` լավ, բա դո՞ւ ինչ ես մտածում, ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը: Խոստովանեմ` ինձ արդեն հոգնեցնում են Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման մասին կաթիլային այս ներարկումները, թեեւ դրանք ազդում են նաեւ ինձ վրա: Նկատել եմ, որ ես էլ եմ կամաց-կամաց հակվում այն մտքին, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ: Այդ միտքը, սակայն, ինձ վախեցնում է, որովհետեւ դա նրա կողմից կլինի պարզունակ քայլ ու չի պատշաճի մի գործչի, որի նախագահության տարիներն աչքի ընկան առաջին հերթին ներքին ու արտաքին քաղաքականության ասպարեզներում բարդագույն հոլովույթներով, որոնցից նա կարողացավ գլուխ հանել: Սա գովք մի համարեք: Սա բեռ է, որ նրան թույլ չի տալիս մի կողմից Հայաստանը հանձնել բախտի քմահաճույքին, իսկ մյուս կողմից աթոռակռիվ սկսել վարչապետի կամ մի ուրիշ պաշտոնի համար: Ցանկությունը մե՞ծ է` մնալու եւ աշխատելու… Փառք ու պատիվ իրեն: Թող նրա նախորդները մտածեն, որ ջահել-ջահել թոշակի գնացին: Պարզապես պետք է մնալ-աշխատելն էլ համուհոտ ունենա։



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ